ՅԻՇԱՏԱԿ

Ազգային-հասարակական գործիչ Միշա Հայրապետեան

(Մահւան քառասնօրեակի առիթով)

Սիրելի սգակիրներ, հարազատներ եւ ընկերներ,Յիսուս Քրիստոսի Համբարձման գեղեցիկ տօնին՝ մայիսի 13-ին, իր մահկանացուն կնքեց կրթական մշակ, ազգանւէր գործիչ, բազմավաստակ եւ հայրենասէր ուսուցիչ, մտաւորական, ազգային ու հասարակական գործիչ, մեր բոլորի թանկագին Միշա Հայրապետեանը:Նա ազգին նւիրւած գործիչ էր եւ իր ասութեամբ՝ «Ուսուցիչ»:
Այո, մեծատառ ՈՒՍՈՒՑԻՉ, մտաւորական ու ղեկավար ուսուցիչ, երկրորդ ծնող ուսուցիչ, բազմաշնորհ ու համեստ ուսուցիչ, անկրկնելի ու միշտ օգտակար հանդիսացող ուսուցիչ...Նրա տան դուռը միշտ բաց էր իրեն դիմող իւրաքանչիւր աշակերտի համար: Նրա տունը իր սիրելի կնոջ՝ տկն. Ազնիւի ջերմ վերաբերմունքով մի դասարան էր ազատ ունկնդիրների, սովորել սիրող աշակերտների համար, նրա սիրտն էր միշտ բաց՝ օգնելու համար:Այդ մարդասէր ու փխրուն սիրտը,Այդ սովորելուց չդադարող սիրտը,Այդ խոնարհ ու մեծահոգի սիրտը...Եւ ցաւօք՝ դադարեց այդ սիրտը բաբախելուց եւ ցաւ պատճառեց բոլորիս:Միշա Սարգիս Հայրապետեանը ծնւել էր 1941 թւականին, Թեհրանում, Բաքւից գաղթած մի բարեկեցիկ ընտանիքում:
Նրա ծնողները բնիկ շուշեցի էին: Հայրը վաճառական էր, սակայն գաղթի բերումով՝ սնանկանում է, որի հետեւանքով՝ ընտանիքը մատնւում է անլուր զրկանքների: Սովորել է Թեհրանի հայոց «Քուշեշ-Դաւթեան» միջնակարգ դպրոցում:1960 թ. նիւթական ծանր դժւարութիւնների լծի տակ յաջողում է աւարտել միջնակարգ կրթութիւնը եւ ընդունւել Թեհրանի պետական եւ քիչ անց Լիսբոնի պետական համալսարանը, սակայն կեանքի դժւար պայմանների ազդեցութեամբ՝ չի կարողանում համալսարանական ուսում ստանալ: Ուսումը շարունակում է հայերէնագիտական ճիւղում:
Հետագայ տարիների յամառ եւ տքնաջան ինքնաշխատութեամբ՝ կարողանում է լրացնել իր ուսման պակասը եւ ձեռք բերել խոր գիտելիքներ՝ հայոց լեզւի, գրականութեան եւ բեմարւեստի բնագաւառներում:Վաղ մանկական տարիքից մեծ սէր եւ հետաքրքրութիւն է ցուցաբերել գրականութեան, թատրոնի եւ ասմունքի նկատմամբ, որոնք դառնում են իր կեանքի սիրած աշխատանքները եւ միեւնոյն ժամանակ անխոնջ որոնումների եւ ուսումնասիրութիւնների ասպարէզը:
Դպրոցական նստարանից սկսել է գրել նախ բանաստեղծութիւններ եւ ապա անցնում է արձակին. խաղում է դպրոցական ներկայացումներում: Այդ տարիներում մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի թատերախմբի Ռուբէն Աթայեանի, Վաչէ Ատոմեանի, Վահան Աղամալեանի, Ս. Սւաճեանի ղեկավարութեամբ կազմակերպած բեմադրութիւններում, ի շարս դրանց կարելի է նշել՝ «Շեռլոկ Հոլմզ», «Վիլհելմ Տէլ», «Սասունցի Դաւիթ», «Տորք Անգեղ», «Մահւան օղակը», «Փոթորիկ նաւաստին», «Գէորգ Մարզպետունի», «Փոթորիկը» եւ «Սամուէլ»-ը:Այս աշխատանքներին զուգընթաց՝ պատանի տարիքից հետեւողականութեամբ կարդում է հայ ու իրանական դասական եւ արդի գրականութիւնը, ինչպէս նաեւ միջազգային գրականութիւնից թարգմանւած բազմաթիւ գործեր, որով ձեւաւորւում են նրա գրական-գեղարւեստական հայեացքները:
1961 թւականին մտնում է ուսուցչական ասպարէզ եւ երեք տարի պաշտօնավարում է Աբադանի հայոց «Ադաբ» միջն. դպրոցում՝ որպէս հայոց լեզւի, գրականութեան եւ պատմութեան ուսուցիչ: Հետագայում փոխադրւելով Թեհրան՝ իր աշխատանքը շարունակում է «Մարիամեան» եւ «Քուշեշ» միջն. եւ այլ դպրոցներում:1961 թւականին Հ.Մ.Ա.Կ.-ի մի խումբ թատերասէրներ ժամանակի անւանի արւեստագէտ Շահէն Սարգսեանի ղեկավարութեամբ հիմնում են «Արմէն» թատերախումբը, որի հետ որպէս հիմնադիր անդամ՝ համագործակցում է Մ. Հայրապետեանը:1967 թւականից սկսում է պաշտօնավարել Թեհրանի հայոց թեմի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներում՝ որպէս հայոց լեզւի, գրականութեան եւ գրաբարի դասախօս, որը շարունակւում է մինչեւ իր վերջին շունչը: Միեւնոյն ժամանակ, սկսում են «Ալիք»-ում լոյս տեսնել նրա
մի շարք գրական-գեղարւեստական յօդւածները: Նա գրական-թատերական եւ հասարակական թեմաներով բազմաթիւ դասախօսութիւններ է կարդացել տարբեր միութիւններում:1968 թւականին ամուսնանում է համայնքի սիրւած եւ հոգատար ուսուցչուհի տկն. Ազնիւի հետ եւ բախտաւորւում երկու զաւակներով՝ Անի եւ Կարին, որոնք երբեք չդադարեցին նեցուկ հանդիսանալ իրենց սիրելի հօր եւ սիրասուն ամուսնու խաղաղ աշխատելու համար՝ ուս-ուսի գնահատելով նրա իւրաքանչիւր գործունէութիւնը:1971 թւականին հիմնում է «Կռունկ» թատերախումբը եւ մի շարք երիտասարդ սիրողների մասնակցութեամբ բեմադրում է Իւ. Օնէյլի «Իւղը» եւ «Կարդիֆի ճանապարհին», Ա. Պ. Չեխովի «Արջը» եւ «Առաջարկութիւնը», Ալ. Շիրւանզադէի «Արմենուհին», Ռ. Պատկանեանի «Չախուն», Վ. Միրաքեանի «Լալւարի որսը»:
Այս տարիներից զբաղւում է ասմունքողներ եւ դերասաններ պատրաստելու գործով եւ իբրեւ նորոյթ՝ ստեղծում է բազմաձայն եւ ներդաշնակ խմբական ասմունքի ձեւեր՝ Ն. Շնորհալու «Առաւօտ լուսոյ»: 1976-79 թթ. վարում է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթի խմբագրութիւնը՝ տալով թարմ ձեւակերպումներ եւ նորովի բովանդակութիւն այդ հրատարակութեան:1978 թւականին ընտրւում է Իրանի հայոց լեզւի եւ պատմութեան դասագրքերի միջթեմական յանձնախմբի անդամ: Տարիների ընթացքում իր գործակիցների հետ մասնակցում է հայոց լեզւի եւ պատմութեան նոր դասագրքերի կազմութեան եւ մշակման աշխատանքների, որից 10 հատոր դասագիրք հրատարակւել է:1981 թւականին բեմադրւում են «Ուրւականը» եւ «Թիւրիմացութիւնը» եւ Յ. Պարոնեանի «Արեւելեան ատամնաբոյժ» թատերգութիւնները՝ համագործակցելով Թեհրանի մի շարք միութիւնների հետ՝ կազմելով երիտասարդական նոր թատերախմբեր եւ գրական խմբեր՝ իր ղեկավարութեամբ:1980-95 թթ. վարում է «Մարիամեան» դպրոցի փոխտնօրէնի պաշտօնը: 1989-93 թւականներին ընտրւում է Թեհրանի թեմի Ուսումնադաստիարակչական յանձնախմբի նախագահ՝ մասնակցելով կրթական մի շարք ծրագրաւորումների, ձեռնարկումների եւ հրատարակութիւնների:1988 թւականին Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ բեմականացնում է Թումանեանի «Մարօ»-ն, «Աղթամար»-ը եւ «Թմկաբերդի առումը»: Նոր թափ է ստանում նրա բազմաձայն ասմունքը՝ որպէս նոր ձեւ, որի գործընթացում հիմնական դերակատարութիւն ունի. նա կազմակերպում է բազմաթիւ ասմունքային եւ գրական երեկոներ:1986 թւականին հիմնում է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական երիատսարդական խումբը եւ ունենում բազմաթիւ գրական ելոյթներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ եւ այլն: 1986 թւականին դառնում է Իրանահայ գրողների միութեան պատւոյ անդամ եւ կարդում է գրական տեսութեան թեմայով դասախօսական շարան: Անդամակցում է Թ. Հ. դպրոցների ուսուցիչների միութեան, ուր կազմակերպում է զանազան աշխատանքներ:1989 թւականին բեմադրում է Ա. Պ. Չեխովի «Քեռի Վանիա» թատերգութիւնը՝ տեղիս դերասանների մասնակցութեամբ: 1990 թւականին բեմադրում է իր գրած «Աւետում» թատերգութիւնը՝ Գէորգ Չաւուշի կեանքի մասին: 1991 թւականին բեմադրում է «Անուշի աչքերով» թատերգութիւնը՝ ըստ Յ. Թումանեանի «Անուշ»-ի: Այս բեմադրութիւնը, իր նոր ձեւակերպումով եւ նոր թատրոնի հիմունքներով, մեծ հետաքրքրութիւն է ստեղծում թատերասէր հասարակութեան մէջ: Նոյն թեմայով 1993 թ. նա ելոյթ է ունեցել Հայաստանի Գիտութիւնների ազգ. ակադեմիայում՝ ներկայացնելով իր տեսակէտներն ու առաջարկները:Այդ դասախօսութիւնը հրատարակւում է թերթերում եւ արժանանում ընթերցողների ուշադրութեանը:Այս նորովի բեմադրութեան մասին մամուլում դրական են անդրադառնում տեղիս թատերական արւեստի մի քանի վարպետներ՝ այն համարելով զգայատեսական թատրոնի նոր արտայայտութիւն: Մեծ է Մ. Հայրապետեանի ներդրումը, ոչ միայն հայոց լեզւի որակեալ ուսուցիչներ պատրաստելու ազգանւէր գործում, այլեւ բեմական արւեստի երիտասարդ եւ հաւատաւոր գործիչներ պատրաստելու ասպարէզում. այդ մասին վկայում են նրա գործակիցները եւ նախկին աշակերտները: Նրա համար ուսուցչութիւնը դառնում է հայրենասիրական գաղափարաբանութեան կոչում, առաքելութիւն... ինքնանւիրում:1992 թւականից վարում է Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տնօրէնի պաշտօնը՝ մինչեւ իր կեանքի վերջին օրերը: 1993 թ. Երեւանի Հ. Աճառեանի անւան համալսարանի հրաւէրով՝ մեկնում է Հայաստան եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում ու համալսարանում դասախօսութիւն է կարդում հայ դասական ուղղագրութեան մասին: Դասախօսութիւնը հրատարակւում է մամուլում եւ լայն անդրադարձ ունենում:1987 թւականին «Ներսէս Շնորհալի» մշակութային ֆոնդի կողմից պարգեւատրւում է որպէս հայ թատրոնի եւ հայ դպրոցի վաստակաւոր գործիչ:1988 թւականին հիմնում է «Սիփան» միութեան երիտասարդական թատերախումբը եւ բեմադրում է Վ. Մովսիսեանի «Կապոյտ լճակները», Ղ. Աղայեանի «Անահիտ»-ը, Շ. Վիլդրակի «Յամառութեան շոգենաւը», Արաքսեանի «Ուրւականը» եւ «Թիւրիմացութիւնը»:1987 թւականից աշխատում է որպէս Իրանի Իսլ. Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան հայերէնպարսկերէն պաշտօնական թարգմանիչ՝ մաս կազմելով Իրանի Թարգմանիչների միութեան:Երկու շրջան, մինչեւ 2001 թւականը, վարում է Իրանահայ ուսուցիչների միութեան նախագահի պաշտօնը: Իր պաշտօնավարութեան ընթացքում միութիւնը ունենում է կենտրոնատեղի եւ կազմակերպում է ուսուցիչների այցելութիւնը՝ Հայաստան եւ Արցախ:Եղել է նաեւ Իրանահայ ուսուցիչների միութեան «Ուսուցիչ» պարբերաթերթի խմբագիրը:2000 թւականին ժողովրդի կողմից ընտրւել է Թեհրանի հայոց թեմի 12-րդ Պատգամաւորական ժողովի անդամ՝ շահելով առաջին քւէն:Թատերական արւեստի թեմայով դասախօութիւններ է ներկայացրել պարսկական շրջանակներում:Մասնակցել է «Հայաստան-Սփիւռք» խորհրդաժողովին՝ որպէս թեհրանահայ համայնքի պատւիրակութեան անդամ՝ ելոյթ ունենալով «Միասնական ուղղագրութիւն» թեմայով:2004 թւականին «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համազգային փառատօնին Երեւանում մասնակցում է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան իր ասմունքային խմբով եւ ներկայացնում է ելոյթներ, որոնք արժանանում են մասնագէտների գնահատանքին եւ փառատօնի պատւոյ գրին ու դիպլոմային: Այնուհետեւ նոյն խմբով ելոյթներ են ունենում մէկը միւսի յետեւից՝ «Չհարմահալ» միութեան դահլիճում: Չարենց, Վահան Տէրեան, Աշուղ Ջիւանի եւ վերջինը՝ 2009 թւականին՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 140-ամեակի առիթով բեմադրութիւնը, ուր արտասանւեց պրն. Միշայի շատ սիրած բանաստեղծութիւնը:
Մենք ամենքս հիւր ենք կեանքումՄեր ծննդեան փուչ օրից,Հերթով գալիս անց ենք կենումԷս անցաւոր աշխարհից:
Անց են կենում սէր ու խնդում,Գեղեցկութիւն, գանձ ու գահ,Մահը մերն է, մենք մահինը,Մարդու գործն է միշտ անմահ:
Թանկագին Միշա Հայրապետեանը արդարացրեց Թումանեանի այս բանաստեղծութեան ոգին: Նա մինչեւ իր վերջին շունչը դասաւանդեց, սովորեցրեց, ազգային ոգով ու շնչով լիցքաւորեց իր հետ առնչւող իւրաքանչիւր աշակերտի, ուսուցչի, դերասանի ու ասմունքողի՝ իր ազգային ու մշակութային բազմերանգ աշխատանքներով ու բան ու բառով:Երանի նրանց, որ բախտ ունեցան աշակերտելու պրն. Միշային: Հպարտ ենք, որ նրանից սովորել ենք կեանքի դասեր. միշտ այսպէս էր ասում նա. «Երեխաներ, մենք ազգի ծառաներն ենք, ինչ որ ազգին է անհրաժեշտ, մենք պիտի կատարենք»:Մեր սիրելի ուսուցիչ, թէեւ հրաժեշտ ենք տալիս քո ֆիզիկական գոյութեանը, բայց ոչ երբեւէ քո հոգուն, համոզումներին, քո վեհ ու ինքնուրոյն էութեանը, որ միշտ կը մնաս քո սիրելի Ազնիւի, Անիի, Կարինի, Ադրինէի եւ ընտանիքի ու հարազատների ու մանաւանդ փոքրիկ թոռնիկիդ սրտում, որը մէկ տարի բախտ ունեցաւ պապիկի գրկում ազգային ոգով դաստիարակւելու, ու նաեւ քո դաստիարակած սերունդի, աշակերտների, ասմունքողների բառի, ձայնի ու հոգու խորքերը, քո գործընկերների խառնւածքում ու գործելաոճում եւ քեզ գնահատել գիտցող հասարակութեան ամենավառ յիշողութեան մէջ, մեր անմահ ուսուցիչ պրն. Միշա:Հաւաստիացնում ենք, որ քո ոգով մեր ամբողջ կարողութեամբ շարունակելու ենք քո հայրենասիրական գաղափարներն ու վեհ ճանապարհը:Դու միշտ կապրես քո դաստիարակած սաների սրտե րում:

ԱՆԺԷԼ ՄԻՆԱՍԵԱՆ
(Հայերէնագիտական դասընթացների եւ ասմունքի խմբի քո աշակերտուհի)

0 Պատգամ: