Էդւարդ Նալբանդեան.–
Հայերն ու ռուսները երբէք բարիկադի
հակառակ կողմերում չեն եղել

13:48 • 21.06.10
Հայերն ու ռուսները պատմութեան ընթացքում երբէք չեն եղել բարիկադների տարբեր կողմերում, նրանք միշտ կռւել են` ընդդէմ ընդհանուր թշնամու։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը «Նեզավիսիմայա գազետային» տւած հարցազրոյցում։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թէ «Արդեօ՞ք Հայաստանի համար վտանգաւոր չէ Ռուսաստանի և Թուրքիայի նկատւող մերձեցումը այն առումով, որ Անկարան, այսպէս ասենք, շահարկելով ռուսաստանցիների համար գրաւիչ լայնածաւալ տնտեսական նախագծերը, կարող է խնդրել Մոսկւային ազդել իր ռազմավարական գործընկերոջ՝ Երևանի վրայ, ասենք՝ Ղարաբաղեան հարցում կամ Թուրքիայի համար միւս նեարդայնացնող՝ հայկական կողմի՝ ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած միջազգային արշաւի հարցում», Էդւարդ Նալբանդեանը խօսել է Հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան մասին։
«Դարեր շարունակ Հայաստանին ու Ռուսաստանին կապել են բարեկամական այնպիսի ամուր կապեր, դաշնակցային, ռազմավարական յարաբերութիւնների վերաճած այնպիսի եղբայրական թելեր, որ հիպոթետիկ սցենարները պարզապէս իմաստ չունեն։ Սրանք այն յարաբերութիւնները չեն։ Մեր երկու ժողովուրդները պատմութեան ընթացքում երբէք չեն եղել բարիկադների տարբեր կողմերում, նրանք միշտ կռւել են՝ ընդդէմ ընդհանուր թշնամու։ Մեր բարեկամութիւնն ամրապնդւել է ծանր փորձութիւնների շրջանում համատեղ պայքարում։ Այն անցել է ժամանակի փորձութիւնը։ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը միայն Հայ ժողովրդի հարցը չէ, այլ ունի համամարդկային, միջազգային չափում և նշանակութիւն։ 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ճանաչումը մարդկութեան հանդէպ նոր ոճրագործութիւնները կանխելու գրաւական է»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղեան կարգաւորմանը, ապա մենք երախտապարտ ենք Ռուսաստանին այն նշանակալի ներդրման և դրական դերի համար, որ նա խաղում է տարածաշրջանային գործընթացներում և յատկապէս Հայաստանի համար կարևորագոյն՝ Ղարաբաղեան խնդրի կարգաւորման գործում որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ ջանքեր է ներդնում, որպէսզի օգնի կողմերին լուծելու այդ խնդիրը։ Հէնց շնորհիւ նրա անձնական ջանքերի կայացաւ մի քանի կարևոր հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, նրա միջնորդութեամբ 2008թ. նոյեմբերին ստորագրւեց Մայնդորֆեան հռչակագիրը՝ առաջին փաստաթուղթը, որը ստորագրւել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյնպես Ռուսաստանի միջնորդութեամբ 1994թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնութեան հաստատումից յետոյ։ Ռուսաստանը բազմիցս յայտարարել է, որ անհնար է ճնշում գործադրել կողմերի վրայ, որ նրանք պէտք է լուծեն հակամարտութիւնը»,- ասել է Էդւարդ Նալբանդեանը։

Tert.am

0 Պատգամ: