Շտեֆան Ֆիւլ.–
Էրդողանի յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը

13:29 • 08.06.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «հարկ եղած դէպքում Թուրքիայից հայերին արտաքսելու» վերաբերեալ հնչեցրած յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Այս մասին, Ankara գործակալութեան փոխանցմամբ, ի պատասխան եւրախորհրդարանականների հարցադրումներին՝ յայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէն:
Եւրախորհրդարանում մի շարք պատգամաւորների կողմից Թայիփ Էրդողանի յայտարարութիւնների առնչութեամբ բարձրացւել էին հետևեալ հարցադրումները.
«Արդեօ՞ք Եւրայանձնաժողովը տեղեակ է թուրքական կառավարութեան՝ վրէժխնդիր լինելու սպառնալիքների մասին: Արդեօ՞ք Եւրայանձնաժողովը հարցի առնչութեամբ շփումներ հաստատել է թուրքական կառավարութեան հետ: Իսկ եթէ նման շփումներ կան, ինչպիսի՞ն է դրանց արդիւնքը: Եւ ի վերջոյ, ինչպիսի՞ ազդեցութիւն կունենայ Էրդողանի այդ յայտարարութիւնը Թուրքիայի` ԵՄ անդամակցութեան բանակցային գործընթացի վրայ»:
Պատասխանելով այս հարցադրումներին՝ Շտեֆան Ֆիւլեն յայտարարել է. «Նման յայտարարութիւնները չեն կարող նպաստել Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի նպատակին: Իսկ ինչ վերաբերում է նման յայտարարութիւնների կեանքի կոչելուն, Եւրայանձնաժողովը տեղեկութիւն չունի այդ առնչութեամբ»:
Ֆյուլէն նշել է նաև, որ Եւրամիութիւնը շարունակում է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Յիշեցնենք, որ Լոնդոնում BBC-ի թուրքական ծառայութեան հետ հարցազրոյցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, թէ հարկ եղած դէպքում Թուրքիայի իշխանութիւնները կարող են երկրից վտարել ապօրինի բնակւող հայերին:
Tert.am

0 Պատգամ: