ՌԴ ԱԳՆ.-
Ռուսաստանը խորը ափսոսանք է յայտնում Ղարաբաղում կատարւածի առնչութեամբ

«Մենք խորը ափսոսանք ենք յայտնում կատարւածի առնչութեամբ։ Յատկապէս ցաւալի է այն փաստը, որ այս միջադէպի արդիւնքում մարդիկ են զոհւել»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրոյցում յայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Անդրէյ Նեստերենկոն։
Նա նշեց, որ Ռուսաստանի առաւել ընդգրկուն գնահատականը Լեռնային Ղարաբաղի միջադէպի առնչութեամբ կը հրապարակւի օրւայ ընթացքում։ «Միջադէպը լուրջ է, ես տեսել եմ պրն. Նալբանդեանի յայտարարութիւնը, սակայն մանրամասներին դեռեւս չեմ տիրապետում»,- ասաց նա։
Յիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակից ստացւած տեղեկութիւնների համաձայն՝ յունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գիւղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին յաջողւել է թափանցել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան հատւած: Թշնամու զինւած խմբաւորումն առճակատւել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում հակառակորդի առաջխաղացումը կասեցւել է: Թողնելով մէկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին յետ է քաշւել: Մարտի արդիւնքում հայկական կողմը տւել է չորս նահատակ, չորս վիրաւոր:
Նշենք, որ յունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից անմիջապէս յետոյ Ալիեւը վերադարձել է Բաքու՝ չցանկանալով մասնակցել կայանալիք տնտեսական համաժողովին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: