Հայաստանի տուրիզմը ներկայացնող չկայ՞

16:15 • 12.06.10
Հայաստանը դեռ աշխարհում չի ստեղծել այն իմիջը, որ զբօսաշրջութեան տեսանկիւնից ամենաբարենպաստ երկիրն է, որ մենք անվտանգ ենք, մեր հարևանների հետ որևէ խնդիր չունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասեանը։
Ըստ նրա՝ Հայաստանը չտեսնւած երկիր է տուրիզմի համար, ոլորտը զարգացնելու բոլոր նախադրեալներն ու ռեսուրսները կան, «սակայն այսօր Հայաստանում գրաւիչ մարդը չկայ, որը պէտք է տուրիզմով զբաղւի և Հայաստանը ներկայացնի աշխարհին»։
Ըստ Մինասեանի՝ ոլորտի զարգացմանը խոչընդոտում է նաև մենաշնորհը, մասնաւորապէս, աւիափոխադրումների գների տատանում չի նկատւում։
Զբօսաշրջութեան վերաբերեալ ներկայացւող պաշտօնական թւերը, ըստ Մինասեանի, ճշգրտման կարիք ունեն։ «Մենք մեր առջև պէտք է խնդիր դնենք և պարզենք, թէ տարեկան որքանո՞վ է աւելանում կազմակերպւած տուրիզմի քանակը, ինչի շնորհիվ եկամուտներ են ստացւում։ Այցելութիւնների ընդհանուր թւի մէջ կազմակերպւած տուրիզմի ծաւալն ընդամէնը 15-20 տոկոս է կազմում։ Սա չնչին ցուցանիշ է։ Մեր հիւրանոցների տարեկան միջին ծանրաբեռնւածութիւնը կազմում է 25-30 տոկոս»,- ասաց բանախօսը։
Նա նշեց, որ այս տարւայ գարնանը Իրանից դէպի Հայաստան զբօսաշրջիկների մեծ հոսք նկատւեց, սակայն պարզւեց, որ Հայաստանը պատրաստ չէ միանգամից մեծ քանակութեամբ զբօսաշրջիկներ ընդունելու։
«Մենք ո՞նց դիմաւորեցինք, էքսկուրսիաներն ովքե՞ր էին կազմակերպում նրանց համար։ Շատերը քնելու տեղ չէին գտնում»,- արձանագրեց նա։
Հիւրանոցների ասոցիացիայի փոխնախագահ Յակոբ Յակոբեանն էլ հակադարձեց՝ նշելով, որ Երևանի հիւրանոցների միջին տարեկան ծանրաբեռնւածութիւնը տատանւում է 50-70 տոկոսի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ։
«Պէտք է ոչ միայն խօսել կազմակերպւած տուրիզմի մասին, այլ մտածել, թէ ինչ պայմաններ պէտք է ստեղծւեն, որպէսզի թէկուզ անկազմակերպ տուրիստը ի վերջոյ մեր երկրից բացասական տրամադրութեամբ չհեռանայ»,- ասաց նա։
Tert.am

0 Պատգամ: