Monday, June 21, 2010

ԼՂՀ.–

ԼՂՀ.–
Ադրբեջանցիներին այսուհետ ևս կտրւի համարժէք պատասխան

ԼՂՀ Պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել ադրբեջանական կողմի դիվերսիայի մասին։ Այն ստորև ներկայացնում ենք ամբողջութեամբ։
« Յունիսի 18-ին ժամը 23։30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ յատուկ նշանակութեան ջոկատայինները հատելով Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարևելեան հատւածը, գրոհել են Չայլու գիւղի մերձակայ ուղղութեամբ տեղակայւած Պաշտպանութեան Բանակի դիրքերից մէկը:
Նախայարձակ հակառակորդի շուրջ երկու տասնեակ զինւորներից կազմւած հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինւած ուժերի վերոնշեալ ուղղութեան ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թէժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև Ղարաբաղեան կողմը:
Յատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադէպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնութեամբ անցկացւած եռակողմ հանդիպումից ընդամէնը մէկ օր յետոյ, որտեղ ի դէպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամութիւնն էր յայտնել շարունակել հակամարտութեան կարգաւորման խաղաղ ճանապարհը:
Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողութիւնների ու հրադադարի խախտման դէպքերի յաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանութեան նախարարությիւնը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղւած ապակայունացնել իրադրութիւնը հակամարտ զօրքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղութիւնը:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը հերթական անգամ Բաքւին յիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգութեանը սպառնացող և շփման գօտում իրադրութեան ապակայունացմամբ յղի` ադրբեջանական կողմի ամէն մի գործողութեան այսուհետ ևս կտրւի համարժէք պատասխան»:

Tert.am

0 Պատգամ: