Ինչպէ՞ս կարող է հայերէն չիմացող մարդը «Հայկական աշխարհի» ներկայացուցիչ լինել



14:57 • 08.06.10
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնութեան ներկայացուցիչներն այսօր հրաւիրած մամուլի ասուլիսում կրկին ներկայացրեցին իրենց մտահոգութիւնները։
Նախաձեռնութեան անդամ Արմէն Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ կիրակի տեղի ունեցած տեղեկատւական տեխնոլոգիաների վերաբերեալ մի միջոցառման ժամանակ իրենք վարչապետի առջև բարձրացրել են խնդիրը, սակայն վարչապետը չի կարողացել փարատել նախաձեռնութեան անդամների մտահոգութիւնը։
«Ես վարչապետի «Հայկական աշխարհ» տեսութեանը վաղուց եմ ծանօթ, պարզապէս ևս մէկ անգամ պարոն վարչապետը հաստատեց և անգամ ասաց, որ «Հայկական աշխարհը» միայն Հայաստանում չէ և միայն հայերը չեն, որ պէտք է այդ «Հայկական աշխարհի» մասը լինեն, այսինքն՝ ինչ–որ մի մարդ, որը Հայաստանում չի ապրում, Հայ չէ և հայերէն չի խօսում, կարող է դառնալ «Հայկական աշխարհի» մի մաս»,– Tert.am–ի հետ զրոյցում ասաց Արմէն Յովհաննիսեանը։
Ասուլիսի ժամանակ Արմէն Յովհաննիսեանը նշեց, թէ իրենք դէմ են անգամ օրինագծի մէջ վերջերս արւած փոփոխութիւններին, որոնցով, օրինակ, առաջարկւում է ուսուցումն օտարալեզու դարձնել 5–րդ դասարանից սկսած։ Յովհաննիսեանը նշեց, որ իրենք դէմ են այդ առաջարկին, որովհետև ստացւում է՝ երեխան տարրական գիտելիքները ստանում է հայերէնով, բայց երբ պէտք է սովորի գիտութեան հիմքերը, այդ առարկաները պէտք է ուսումնասիրի օտար լեզւով։
«Կրթութիւնը Հայաստանում պէտք է լինի հայերէնով։ Սա է մեր պահանջը»,– յայտարարեց նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը։ «Հայերէնը մեր կեանքի լեզուն է։ Հայաստանում կեանքի հիմքը հայերէնն է, իսկ միւս լեզուների իմացութիւնը գիտելիք է, հմտութիւն»,–շեշտեց Արմէն Յովհաննիսեանը։
Tert.am-ի հարցին, թէ ի՞նչ են անելու նախաձեռնութեան անդամները, եթէ ամէն դէպքում օրինագիծն ընդունւի, Արմէն Յովհաննիսեանը պատասխանեց, որ նախ բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու են օրինագծի ընդունման դէմ, իսկ եթէ ընդունւի՝ կպայքարեն, որ փակւեն օտարալեզու դպրոցները։

Tert.am

0 Պատգամ: