Քանդել են մանրակերտը

Հայաստանի Ազգագրութեան թանգարանի («Սարդարապատի թանգարանի») նախամուտքում տեղադրւած «Հայկական լեռնաշխարհ» մանրակերտը քանդւել եւ տեղափոխւել է թանգարանի կինոխցիկ:
Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, որն ամբողջացնում էր թանգարանի ցուցադրութիւնը, մայիսի 26-ի լոյս 27-ի գիշերը քանդւել էր եւ փոխարէնը տեղադրւել ճարտարապետ Ռաֆայէլ Իսրայէլեանի կեանքն ու գործունէութիւնը ներկայացնող ցուցադրութիւն:
Սարդարապատի թանգարանի ոչ նիւթական մշակոյթի բաժնի տնօրէն Սուսաննա Մելիքեանը եւ ազգագրագէտ Աշխունջ Պօղոսեանն այսօր «Փաստարկ» ակումբում իրենց դժգոհութիւնները արտայայտեցին թանգարանում կատարւած այս փոփոխութեան եւ տնօրէնի նման որոշման դէմ: Ըստ նրանց` մանրակերտը ցուցադրութիւնից հանւել է առանց խորհրդակցելու թանգարանի աշխատակիցների հետ եւ միայն տնօրէնի` Կարէն Արիստակէսեանի որոշմամբ:
Սուսաննա Մելիքեանի հաւաստմամբ Կարէն Արիստակէսեանը պատճառաբանել է իր այս քայլը մանրակերտի վնասւած եւ հին լինելով:
«Մանրակերտը գտնւում էր լաւ վիճակում, որոշ հատւածներում էր միայն վնասւած, եւ տարին մէկ անգամ այն նորոգւում էր: Տնօրէնի եւ փոխտնօրէնի պատճառաբանութււնները անհիմն են եւ անհեթեթ: Նման դէպքերում այն ենթարկում են ռեստավրացիայի: Ռաֆայէլ Իսրայէլեանին նւիրւած ցուցադրութիւնը կարելի էր անել թանգարանի այլ սրահներում»- դժգոհում է Սուսաննա Մելիքեանը:
Ըստ Աշխունջ Պօղոսեանի` նման փոփոխութեամբ խախտւել է թանգարանի տրամաբանական ամբողջականութիւնը. «Մանրակերտը ունիկալ նմուշ էր, ներկայացնում էր հայերի էթնոգէնեզը եւ հայկական քաղաքակրթութեան ձեւաւորման տարածքը»:
«Թանգարանի աշխատակիցներից ինչու՞ է միայն նա բարձրաձայնում խնդրի վերաբերեալ» հարցին Սուսաննա Մելիքեանը պատասխանեց. «Որովհետեւ թանգարանի միւս աշխատակիցները վախենում են խօսել: Իրար մեջ շշուկով խօսում են, սակայն բարձրաձայնել վախենում են: Նրանք աջակցում են ինձ բարոյապէս, բայց վախենում են Արիստակէսեանից: Բոլոր որոշումները նա է կայացնում սկսած թանգարանի տոմսի թանկացումից»:
Սարդարապատի թանգարանի գիտական բաժնի փոխտնօրէն Սւետլանա Պօղոսեանը այս ամէնը համարում է ապատեղեկատւութիւն.
«Մանրակերտը, իսկապէս բրենդ էր 1970-ական թւականների համար, ժամանակները փոխւել են: Այն կենտրոնական նմուշ չէ, չունի համարանիշ, հանւել է մանրաքանդակին նոր լուծում տալու համար նոր գիտատեխնիկակական տւեալներով: Մանրակերտը հանելու որոշումը կայացւել է քւէարկութեան եւ քննարկման միջոցով, որտեղ դէմ արտայայտւել է միայն Սուսաննան», -«Ա1+»-ին հեռախօսով յայտնեց նա:

«Ա+1»

0 Պատգամ: