Ջաւախքցին աշխատանք է սիրում … որտե՞ղ գտնի

Ջաւախքի Սաթխա գիւղը, որն ունի շուրջ 5500 բնակչութիւն և 700 տնտեսութիւն, իր օրւայ ապրուստը վաստակում է անասնապահութեամբ ու գիւղատնտեսութեամբ: Բնակիչների խօսքով նաև` այստեղ խնդիր կարելի է գտնել ցանկացած ոլորտում:
«Մերն ապրելիք չէ, քաշելիք է. ամէն պրոբլեմ էլ կայ, ի՞նչ ունենք որ. ոչ մի բան էլ չունենք, մի հատ հաւի ու կովի ապրուստով ենք մնացել»,- Aysor-ի հետ զրոյցում նշեց գիւղի բնակիչ 44-ամեայ Սպիրիդոն Ստեփանեանը, ով ներկայացաւ որպէս «գիւղի տրակտորիստ»:
Ս. Ստեփանեանի խօսքերով, սակայն, իրենց չի յաջողւում նոյնիսկ բաւարար պայմաններով գիւղատնտեսութեամբ զբաղւել, քանի որ «ոչ մէկը չկայ, որ օգնութեան ձեռք մեկնի»: Այսպէս, օրինակ, 20 լիտր վառելիք գնելու դիմաց, ըստ նրա, 1 կով են պահանջում (նոյն գինն է):
«4 մեշոկ կարտոշկայ կտանինք Թիֆլիս, 2-ը ձեռքներիցս կառնեն, Հայաստան կուգանք` Հայաստանում ռաստամոժկայ կուզեն, էլ ինձ որտեղի՞ց 60 լարի, որ 4 մեշոկ կարտոշկայ ռաստամոժկայ անեմ»,- նկարագրեց Ս. Ստեփանեանն ու յաւելեց, որ իրենց վիճակը «2 քարի արանքից էլ է բեթար. յետևը սուր, առաջը թուր, չգիտեն` ի՞նչ պէտք է անեն»:
Գիւղացին ասաց, որ ոչ մի լաւ բան չեն տեսնում և ոչ մի լաւ բանի յոյս էլ չունեն: Գիւղում վերջին 22 տարւայ ընթացքում տեղի ունեցած միակ փոփոխութիւնը, ըստ նրա, ոռոգման ջուրն է, որը եթէ չլինէր «գիւղում միայն չոր գերեզմանները կմնային»:
«Մեր պրոբլեմն առաջին հերթին դակումենտերն են: Մեզ ո’չ Հայաստանն է պէտք, ո’չ Վրաստանը, մեզ մի դակումենտ տան` գնանք Ռուսաստան, մեր ապրուստը կճարինք, ուրիշ ոչ մի բան պէտք չէ»,- յայտնեց Ս. Ստեփանեանը, ով արտագնայ աշխատանքի մէջ է միայն տեսնում գիւղի բնակչութեան խնդիրնների լուծումը, և յաւելեց. «Մենք պէտք է դուրս գանք, մենք աշխատաւոր ժողովուրդ ենք, մենք ջաւախքցի ենք, մենք կռիւ չենք սիրէ, մենք աշխատանք ենք սիրում»:
Ըստ նրա` համապատասխան փաստաթղթեր տրամադրելու հարցում իրենց կարող է օգնել միայն վրացական իշխանութիւնը, քանի որ «Հայաստանն իր անելիքն արել է` ջաւախքահայերին տալով երկքաղաքացիութեան իրաւունք»: Այս առիթով նա նշեց, որ գիւղից շուրջ 670 երիտասարդ, երկքաղաքացիութիւն ստանալով, կարողացել է մեկնել Ռուսաստան` արտագնայ աշխատանք կատարելու: Իսկ առհասարակ փաստաթուղթ ստանալու համար էլ, Ս. Ստեփանեանի խօսքերով` «100 լարի են պահանջում, որով մի ընտանիքը 2 ամիս կարող է ապրել»:
«Խօսք են տւել, բայց արդէն 5 ամիս է մեզ ոչ մի դակումենտ չեն տւել: Երեխաս բանակի տարիքին է, էլի բանակից չենք խուսափի, բայց տղես Վրաստանի քաղաքացի է, իսկ մենք Վրաստանից ոչինչ չենք տեսնի, ու՞մ համար ծառայի»,- սրտնեղւեց գիւղացին, բայց յաւելեց, որ եթէ բանակից խուսափող լինէր, կամաւոր կերպով չէր մասնակցի Արցախի ազատագրական հերոսամարտին:
65-ամեայ Նազիկ Բրոյեանը, սակայն, չի դժգոհում իրենց վիճակից, չնայած, իր խօսքերով, գիւղում ապրում են ինքն ու ամուսինը` երկու թոշակառու, ովքեր իրենց թոշակով ոչինչ չեն կարողանում անել:
«Երեխաներս Ռուսաստան կապրին` 4-ը, մեր ամբողջ ապրուստն էնտեղից կուգայ: Ամէն ամառ թոռներս կուգան մեզ մօտ արձակուրդ, հայրենի գիւղի գետերը, լեռները, այս լաւ վայրերը տեսնելու»,- թոռների գլուխը շոյելով պատմեց տիկին Նազիկը:
Տիկին Նազիկի խօսքերով` գիւղում գրեթէ չկայ մի ընտանիք, որում արտագնայ աշխատանք կատարողներ չլինեն: Մինչդեռ գիւղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանեանը նշեց, որ իւրաքանչիւրն ինքն է որոշում ի՞նչ աշխատանք և որտե՞ղ կատարի: Նա համոզւած է, որ ցանկութեան դէպքում` մարդիկ այդ նոյն աշխատանքը կարող են գտնել ինչպէս Վրաստանում, այնպէս էլ Հայաստանում: Միևնոյն ժամանակ նկատեց, որ գիւղից հեռանում են հիմնականում երիտասարդները, ովքեր «Սաթխայում ապագայ չեն տեսնում»:
Անկախ խնդիրներից` բոլորը միակարծիք էին այն հարցում, որ գիւղն աջակցութեան կարիք ունի, և եթէ գիւղում էլ ստեղծւեն ապրելու, սովորելու ու գործելու պայմաններ` «ոչ ոք էլ ոչ մի տեղ չի գնայ»:

Լիլիթ Բունիաթեան
ԱՅՍՕՐ, 13:32
Aysor.am

0 Պատգամ: