Ադրբեջանի զինւած ուժերը դեռ մնում են կոռուպցիայի սրտում
18:01 • 16.06.10
Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր քննարկւել է տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան հարցը:
Վերլուծութիւններ են ներկայացւել Թուրքիայում և Ադրբեջանում պաշտպանութեան բարեփոխման ու ռազմաքաղաքացիական յարաբերութիւնների վերաբերեալ, ինչպէս նաև արւել են Վրաստանում այս հարցերի աւելի կենտրոնացւած վերլուծութիւններ:
ՌԱՀՀԿ վարչական տնօրէն Կարապետ Կալենչեանը հակիրճ շարադրել է Հարաւային Կովկասում պաշտպանութեան բարեփոխումների, ինչպէս նաև ռազմական ուժերի հաւասարակշռութեան հարցերը, որոնք, ըստ նրա, «ապացուցեցին տարածաշրջանային անվտանգութեան համատեքստում վերջին իրադարձութիւնների քննարկման և վերլուծութեան կարևորութիւնը»: Նա յաւելել է, որ «Թուրքիայում և Ադրբեջանում պաշտպանութեան բարեփոխումների և ռազմաքաղաքացիական յարաբերութիւնների ներկայիս շարժունակ բնոյթը մարտահրաւէր է Հայաստանի ազգային անվտանգութեանը և ստիպում է աւելի մեծ ուշադրութիւն դարձնել այս հարցերի ուսումնասիրութեանը»:
ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտութիւնների ինստիտուտի փորձագէտ Լևոն Յովսէփեանն իր զեկոյցում ամփոփել է Թուրքիայում պաշտպանութեան բարեփոխումների և ռազմաքաղաքացիական կապերի ուսումնասիրութիւնները: Յովսէփեանը, ով վերջերս հրատարակել է Թուրքիայի զինւած ուժերին նւիրւած գիրք, զեկոյցը սկսել է Թուրքիայի պաշտպանութեան և անվտանգութեան քաղաքականութեան վերլուծութեամբ` նշելով, որ շատ առումներով «Թուրքիան դարձել է անվտանգութեան պետութիւն»: Նա նաև ընդգծել է, որ այդ երկիրն այժմ ցանկանում է կառուցել իր «փափուկ ուժը» և տարածաշրջանում դառնալ «անվտանգութեան երաշխաւոր»` միաժամանակ «պաշտպանութեան բարեփոխում իրականացնելով Եւրամիութեանը միանալու փորձերի շրջանակներում»:
Իր հերթին ՌԱՀՀԿ տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը վերլուծել է տարածաշրջանային վերջին միտումները` արծարծելով մասնաւորապէս Ադրբեջանի պաշտպանութեան բարեփոխումների կարգավիճակը: Նա շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պաշտպանութեան բնագաւառի ուռճացւած ծախսերին, իրական թեստն այն է, թէ ինչպէս է այնտեղ տնօրինւում ռազմական բիւջէն: «Ադրբեջանի զինւած ուժերը դեռևս մնում են կոռուպցիայի սրտում»,- համոզմունք է յայտնել Կիրակոսեանը:

Tert.am

0 Պատգամ: