Արբունը կոնեակ չէ, իսկ կոնեակը բրանդի չէ


Յունիս 15, 2010 17:20
Սոյն թւականի մայիսի 20-ին կառավարութիւնը որոշեց «բրանդի» խմիչքի համար օգտագործել նաեւ «արբուն» անունը: Այս որոշումը իսկական խառնաշփոթ մտցրեց անւանումների մէջ: Չգիտես ինչու՝ լրատւամիջոցները որոշեցին, որ «կոնեակը» վերանւանւում է «արբուն»:
Նոյնիսկ արտասահմանեան մամուլում նման հրապարակումներ են եղել: Իրականում կառավարութիւնը բոլորովին այլ բան է նկատի ունեցել, պարզապէս պատշաճ կերպով դա չի լուսաբանւել: Այսօր հրաւիրած ասուլիսում Երեւանի կոնեակի գործարանի տնօրէն Արա Գրիգորեանը որոշ պարզաբանումներ տրամադրեց: Նրա խօսքով` գոյութիւն ունի իրենց արտադրանքը բնորոշող 3 անւանում` «հայկական կոնեակ», «արմեանսկի կոնեակ» եւ «հայկական բրանդի»: Այս տերմինները օգտագործւում են՝ կախւած աշխարհագրութիւնից եւ տառաձեւերից: Օրինակ` կիրիլիցայի դէպքում կիրառւում է армянский коняк անւանումը: Որեւէ փոփոխութիւն այս տերմինների մէջ չի կատարւել: Վերանւանւել է ընդամէնը «բրանդի» խմիչքը, որը բնաւ էլ հայկական կոնեակը չէ, քանի որ կարելի է պատրաստել դրսից ներկրւած սպիրտով, սովորաբար տեղական սպիրտը 60 տոկոս է, իսկ ներմուծւածը` 40: Ընդ որում` Արա Գրիգորեանը նոյնիսկ տեղեակ էլ չէր, արդեօ՞ք «արբուն» վերանւանւած «բրանդին» Հայաստանում արտադրւում է, թէ՞ ոչ:
Հայաստանի օրենսդրութեան համաձայն` հայկական կոնեակը կարող է պատրաստւել բացառաապէս Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում աճեցւած խաղողից, որը հնացւում է առնւազն 36 ամիս:
Նշենք, որ Լիսաբոնում կնքւած Ծագման տեղանունների պահպանութեան եւ դրանց միջազգային գրանցման մասին միջազգային համաձայնագրով, որին միացել է նաեւ Հայաստանը, ինչպէս նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան Մտաւոր սեփականութեան իրաւունքների առեւտրին առնչւող հայեցակէտերի մասին համաձայնագրով՝ արգելւում է «կոնեակ» անւանումով խմիչքների շրջանառութիւնը համաձայնագրի անդամ երկրներում: «Կոնեակ» անւանումը, միջազգային իրաւունքով, բացառաապէս Ֆրանսիայի սեփականութիւնն է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: