ՀԱՅԵՐԷՆ ՓՈՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԻԵՒԻ ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐՈՒՄ

Կիեւի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը, լեգէնդների համաձայն, համարւում է Ուկրաինայի եւ Կիեւի պահապանը, պատրաստւում է յաջորդ տարի նշել հիմնադրման 1000-ամեակը։ Թէեւ անցեալում գիտնականները պնդում էին, որ եկեղեցին կառուցւել է 1037 թւականին, այդուամենայնիւ, վերջին ուսումնասիրութիւնները եւ եկեղեցու պատերին արւած փորագրութիւնները ապացուցում են, որ կառոյցը շատ աւելի հին է։ Ընդ որում, գրաքարերի մի մասը հայերէն է եւ գտնւում է աւագ խորանից աջ` սուրբ Անտոնիայի եւ Թէոդոսիայի խորանում։
Ինչպէս փոխանցում է Ուկրաինայում «Ազատութիւն» ռադիոկայանի թղթակիցը, մինչ օրս խորանում յայտնաբերւել է աւելի քան երկու տասնեակ հայերէն արձանագրութիւն, որոնք տեղեկութիւններ են հաղորդում Ուկրաինայում դարեր առաջ հաստատւած հայկական համայնքի երեւելի ներկայացուցիչների` զինւորականների ու առեւտրականների վերաբերեալ։
«Հայկական 24 փորագրութիւնները յայտնաբերւել են դեռեւս 1970-ական թւականներին։ Դրանք ուսումնասիրելու նպատակով Երեւանից գիտնականներ են հրաւիրւել, որոնցից մէկը` Գրիգոր Գրիգորեանը, հետագայում հայերէն փորագրութիւնների վերաբերեալ գիրք է հրատարակել», - ասում է տաճարում հետազոտութիւններ իրականացնող գիտաշխատողներից մէկը` Վյաչեսլավ Կորնիենկոն եւ յաւելում. - «Ի տարբերութիւն խորհրդային ժամանակների, այժմ փորագրութիւնները ուսումնասիրւում են մի փոքր այլ մեթոդներով, ինչը հնարաւորութիւն է տալիս նոր մանրամասներ յայտնաբերել դրանց վերաբերեալ»։
Գիտնականի խօսքով, հայկական փորագրութիւնները կատարւել են հիմնականում տաճարի հարաւային թեւում` աւագ խորանից աջ գտնւող տարածքում, 16-17-րդ դարերում։ «Հայկական արձանագրութիւնների առատութիւնը այս խորանում գիտնականներին թոյլ է տալիս եզրակացնել, որ հայկական համայնքը Կիեւում սեփական եկեղեցին կառուցելուց առաջ այստեղ է կատարել հիմնական եկեղեցական արարողութիւնները», - ասում է Վյաչեսլավ Կորնիենկոն։
Ընդ որում, գիտնականները պնդում են, որ հայերը ժամանակին ակտիւ մասնակցութիւն են ունեցել Կիեւի հոգեւոր կեանքում. բանն այն է, որ Անտոնիայի եւ Թէոդոսիայի խորանը գտնւում է տաճարի կենտրոնական հատւածներից մէկում եւ ամենամարդաշատ վայրերից մէկն է համարւում: «Հայերը հաստատ վայելել են տեղացիների յարգանքը, եթէ կարողացել են այդ խորանը ստանալ` սեփական եկեղեցական արարողութիւնները անցկացնելու համար», - ասում են գիտնականները։
Ներկայումս Սուրբ Սոֆիայի տաճարը համարւում է համաշխարհային նշանակութիւն ունեցող կոթող եւ ընդգրկւել է ԵՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանւող յուշարձանների ցանկում։

Հեղինէ Բունիաթեան
«Արմէնիա Լիբերթի»

0 Պատգամ: