Քննական թեստերի հեղինակները կարծում են, թէ դիմորդներն իրենց թշնամիներն են


«Թեստերի պատճառով մենք ունենք ինքնասպանութեան դէպք»
15:50 • 11.06.10
«Տպաւորութիւն եմ ստանում, որ քննական թեստերը կազմողները որպէս մասնագէտ՝ ինքնահաստատմամբ են զբաղւել։ Աւելի շատ այդ թեստերի կազմումն ուղղւած է եղել գործընկերներին, թէ տեսէք՝ ինչքան շատ բան գիտենք մենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինէ Նալչաջեանը՝ անդրադառնալով «Հայոց լեզու» առարկայի քննական թեստերին։
Ըստ Նալչաջեանի՝ հոգեբանօրէն գրագէտ պէտք է կազմել թեստերը։ Այնինչ թեստ կազմողները ծուղակներ են ստեղծում՝ մտածելով, թէ դիմորդն իրենց հակառակորդն է։ Հոգեբանի խօսքով՝ ի սկզբանէ թեստի նպատակը խեղաթիւրւել է։
«Մարդու մեխանիկական երկարաստև յիշողութիւնն են ստուգում, ինչը գիտելիք չէ։ Գրագէտ մօտեցում չի ցուցաբերւում դիմորդին»,- ասաց բանախօսը։
«Այգ» հոգեբանական կենտրոնի գլխաւոր մասնագէտ Ռուբէն Պօղոսեանը նոյնպէս մտահոգութիւններ հնչեցրեց։ Նա դեռևս նախորդ տարի է բարձրացրել քննական թեստերի խրթին լինելու հարցը, «սակայն սայլը տեղից չի շարժւել»։
«Թեստերի մշակման ոչ մի սկզբունք չի պահպանւել։ Դրանք գիտական հիքմերով կառուցւած չեն, կազմմանը չեն մասնակցել ոչ մանկավարժներ, ոչ հոգեբաններ։ Անգամ մանկագիրներ պէտք է մասնակցեին թեստերի մշակմանը։ Այնտեղ դրւել են այնպիսի հարցեր, որոնք ծրագրով բացարձակապէս նախատեսւած չեն»,- ընդգծեց նա։
Բանախօսները նշեցին, որ քննական թեստերը կազմելուց յետոյ դրանք պէտք է ենթարկւէին փորձաքննութեան՝ հղկելու նպատակով, ինչը չի արւել։
«Սա ահազանգ է, քանի որ թեստերի պատճառով մենք ունենք ինքնասպանութեան դէպք»,- ընդգծեց Պօղոսեանը։
Հոգեբանները նաև ասացին, որ ստեղծւած իրավիճակում բոլորն իրենց մեղքի բաժին ունեն, սակայն կրթութեան և գիտութեան նախարարութիւնը թեստեր կազմելիս՝ երբէք հոգեբաններ չի հրաւիրել։

Tert.am

0 Պատգամ: