Եթէ մեզ չխանգարեն, կհասնենք արդիւնքի Երևանում յայտարարում է ադրբեջանցի պատւիրակը

15:49 • 12.06.10
Երևանում անցկացւող «Սոցինտերն» կազմակերպութեան ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի յանձնախմբի ժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի սոցիալ–դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահ, Ադրբեջանի ժողովուրդների վեհաժողովի իրաւապաշտպան Սալադին Ալլահվերդիևը։
Լրագրողների հետ զրոյցում ադրբեջանցի պատւիրակն այսօր յայտարարեց. «Երբ Ղարաբաղեան խնդրի կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարիների ընթացքում չի կարողանում լուծել խնդիրը, ու չկայ որևէ առաջընթաց, և չի երևում դրա վերջը, մենք ստիպւած ենք նման տեսակէտ յայտնել, որ խնդրի լուծման ճանապարհը պատերազմն է։ Իհարկէ, պատերազմը ոչ մեր, ոչ ձեր կառավարութիւնը, ոչ մեր և ոչ էլ ձեր ժողովուրդը չեն ուզում։ Ոչ ոք չի կարող ասել, թէ ինչպիսին կլինեն պատերազմի արդիւնքները, որովհետև եթէ պատերազմ սկսւի, դրանում կներգրավւեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև այլ պետութիւններ»։
Ադրբեջանցի պատւիրակի խօսքով, «եթէ մեզ ոչ ոք չխանգարի, մենք կհասնենք արդիւնքի, և որևէ խնդիր չի լինի»։Tert.am–ի հարցին, թէ ո՞ր երկրներն են խանգարում մեզ լուծել Ղարաբաղեան հակամարտութիւնը, Ալլահվերդիևը պատասխանեց. «Մեզ խանգարում են երրորդ երկրները։ Բոլորին յայտնի է, թէ դրանք որ պետութիւններն են։ Դրանք այն պետութիւններն են, որոնք տնտեսական, քաղաքական հետաքրքրութիւններ ունեն տարածաշրջանում»։ Նա չհամաձայնեց այն տեսակէտին, որ հակամարտութեան կարգաւորմանը խոչըդոտում է նաև Թուրքիան։
«Թուրքիան շահագրգիռ կողմ է, բայց Թուրքիան և Վրաստանը միակ պետութիւններն են, որոնք ոչ միայն չեն խանգարում հակամարտութեան լուծմանը, այլև օգնում են»,– յայտարարեց Ադրբեջանի սոցիալ–դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահը։
Իսկ այն հարցին, թէ ինչպէ՞ս կարող է Թուրքիան օբյէկտիւ լինել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում, եթէ յայտարարում է, թէ Ադրբեջանն իր կրտսեր եղբայրն է, ադրբեջանցի կուսակցականը հարցով պատասխանեց. «Նոյն հարցը կարող եմ ես ձեզ տալ՝ Հայաստանը կարո՞ղ է օբյէկտիւ լինել»։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական դոկտրինին, որում նշւում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ռազմական ճանապարհի հնարաւորութիւնը՝ Սալադին Ալլահվերդիևը պարզաբանեց, որ այդ կէտը չի հակասում իրենց Սահմանադրութեանը։ Ըստ նրա՝ իրենք այդ հարցում կարող են յղում կատարել միջազգային իրաւունքին։

Tert.am

0 Պատգամ: