Հրանտ Դինքի սպանութիւնը լուսաբանած թուրք լրագրողը ճանաչւել է
«մամուլի ազատութեան հերոս»


13:14 • 16.06.10
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI), որի կենտրոնակայանը գտնւում է Վիէննայում, թուրքական Milliyet օրաթերթի թղթակից Շեներին «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութեան մասին գրքի համար ճանաչել է որպէս «Աշխարհում մամուլի ազատութեան հերոս»:
Այս մասին տեղեկացնում է Milliyet օրաթերթը:«Հրանտ Դինքի սպանութեան գործի մանրամասների լուսաբանման առնչութեամբ առկայ բոլոր վտանգներին հակառակ` Նեդիմ Շեները վճռականօրէն շարունակում էր իր լրագրողական հետաքննութիւնը, ինչն իրօք արժանի է գովասանքի»,- յայտարարել է Մամուլի միջազգային ինստիտուտի փոխտնօրէն Էլիսոն Բեթել ՄակՔինզին:
Նեդիմ Շեները «Դինքի սպանութիւնը և հետախուզութեան ստերը» վերնագրով իր գրքում փորձել է հնարաւորինս լոյս սփռել խմբագրապետի սպանութեան մութ կողմերի վրայ, ինչի համար նրա դէմ բազմաթիւ մեղադրանքներ են առաջ քաշւել թուրքական ոստիկանութեան բարձրաստիճան պաշտօնեաների կողմից:
Մեղադրող կողմը Շեների համար պահանջում էր 32,5 տարւայ ազատազրկում, մինչդեռ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթի համար պահանջւում է 20 տարւայ ազատազրկում: Սակայն երկարատև դատական քաշքշուքներից յետոյ այս տարւայ յունիսի 4-ին թուրքական դատարանը արդարացրեց նրան:
Յիշեցնենք, որ իր գրքի համար Նեդիմ Շեներն այս տարի արժանացել էր նաև «Աբդի Իփեքչիի» անւան Թուրքիայի հեղինակաւոր լրագրողական մրցանակին:

Tert.am

0 Պատգամ: