Դաշնակցութիւնը չի բացառում սոցիալական ապստամբութեան հնարաւորութիւնը

16:45 • 07.06.10
«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանն արդէն կորցրել է վստահութիւն չվայելող ընտրութիւնների միջոցով իշխանութիւն ձևաւորելու իր լիմիտը։
Շատ աւելի լուրջ փորձութիւններ կարող են մեզ սպասել, և այդ յետընտրական լարւածութիւնները կարող են գնալով աւելի սաստկանալ, որովհետև ամէն ինչ իր չափն ունի, և ժողովուրդն էլ մի օր կգայ այդ եզրակացութեան, և այդ ըմբոստութիւնն էլ ինքնաբերաբար կարող է առաջանալ։ Մենք անգամ չենք էլ բացառում, որ այսօր կարող է սոցիալական ապստամբութիւն առաջանալ»,– այսօր հրաւիրւած մամուլի ասուլիսում յայտարարեց ՀՅԴ Գերագոյն մարմնի վերընտրւած ներկայացուցիչ, ՀՅԴ պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
Սոցիալական ապստամութեան հաւանականութեան մասին խօսելիս՝ նա օրինակ բերեց յատկապէս գիւղերում մարդկանց սոցիալական վատ վիճակը։ «Մարդիկ տներն ուղղակի վարկով տալիս են ոչ թէ հող մշակելու համար, այլ որ տոմս գտնեն ու Հայաստանից գնան»,– նշեց նա։
Հարցին, թէ ի՞նչ է անելու ՀՅԴ–ն սոցիալական ապստամբութեան դէպքում, Արմէն Ռուստամեանը նախ նկատեց, որ մեզանում երբէք սոցիալական դժգոհութեան պատճառով ապստամբութիւն չի եղել, ինչը մեր կրաւորական կեցւածքի վկայութիւնն է, ապա աւելացրեց. «Այն իրավիճակը, որը մենք այսօր ենք տեսնում, շատ ծանր է։ Երկար ժամանակ այդպիսի հիասթափւած վիճակ գիւղացու, սովորական աշխատող քաղաքացու մօտ չի եղել։ Սա կարող է անսպասելիօրէն վերածւել ապստամբութեան։ Կուսակցութեան դերը սա է, որ կենցաղային, սոցիալական հարցերը ձևակերպի, դարձնի քաղաքական պահանջներ, վերածի լուրջ շարժման և, բնականաբար, հէնց այդ միջոցով էլ ստիպի իշխանութիւններին գնալ փոփոխութիւնների և երկրում ստեղծել նոր իրավիճակ»։

Tert.am

0 Պատգամ: