Անյայտ ծագումով «հրաշագործը»
Հայաստան «խոպան է եկել»

«Վ. Սարգսեանի անւան մարզադաշտ են հրաւիրում «բոլոր խուլ, կոյր և կաղ մարդկանց»` փրկւելու..!!!, քանի որ «Հայաստան է գալիս Դաւիթ Հասավէյը.....!!!»:
Ինչ-որ անյայտ կազմակերպութիւն Երևան քաղաքի տարբեր հատւածներում յայտարարութիւն է փակցրել, որով Վ. Սարգսեանի անւան մարզադաշտ է հրաւիրում «բոլոր խուլ, կոյր և կաղ մարդկանց»` փրկւելու, քանի որ «Հայաստան է գալիս Դաւիթ Հասավեյը»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու սպասաւոր Տեր Շմաւոն քահանայ Ղևոնդեանն անդրադարձաւ այս յայտարարութեանը, կարծիք յայտնելով, որ հրաւէր անողը «Կեանքի խօսքը» աղանդաւորական կազմակերպութիւնն է, սակայն յայտնի չէ, թէ ինչ ծագում ունի ինքը` Դ. Հասավեյը:
Նշենք, որ յայտարարութիւնը հաւաքի մասնակիցներին խոստանում է հրաշքի ականատես լինել: Այս առիթով Տէր Շմաւոնը յայտնեց, որ «հրաշքներ կարող են լինել միայն հաւատքի շնորհիվ, այլ ոչ թէ ինչ-որ տեղ յաճախելու, քանի որ իւրաքանչիւր մարդ ի զօրու է իր հաւատքի շնորհիվ հրաշքի ականատեսը լինել»:
«Աղանդաւորներին բնորոշ է այդ տեսակ «հրաշքները» վերագրել հէնց իրենց, և այդօրինակ վիզուալ քարոզները մարդկանց ուղղակի որսալու միջոց է, որովհետև ի սկզբանէ որոշւած է, թէ ովքեր են կաղ ու ովքեր են կոյր, ովքեր կտեսնեն և ովքեր կքայլեն»,- ընդգծեց Տէր Շմաւոնն ու որպէս օրինակ, ներկայացրեց ռուսական հեռուստաալիքներից մէկի պատրաստած հաղորդումը այդ տեսակ «հրաշքների» մասին, որում ցուցադրւում է, թէ ինչպէս տարբեր վայրերում տեղի ունեցած ժողովների ընթացքում միևնոյն «հրաշքը» կատարւում էր միևնոյն մարդկանց հետ:
«Սա աչքակապութեան համար է արւում, այդ մարդիկ խարդախութեամբ են զբաղւում, և աւելին, քան խարդախութեամբ, որովհետև եթէ հասարակ խարդախութեան դէպքում գործ ունենք մարդու գումարի և նրա նիւթական ունեցւածքի, ապա այս դէպքում գործ ունենք մարդու հոգու հետ, որն աւելի թանկարժէք է իւրաքանչիւր մարդու համար»,- մանրամասնեց Շմաւոն քահանայ Ղևոնդեանն ու նշեց, որ այդ խարդախութիւնների շնորհիւ աղանդաւորական խմբերին յաջողւում է բազում հետևորդներ ձեռք բերել, չէ՞ որ «որքան շատ հետևորդ ունենան, այնքան նրանց ֆինանսական բարէկեցութիւնը բարձրանում է»:
Ինչ վերաբերում է «հրաշագործ» Դաւիթ Հասավեյին, ապա քահանայի խօսքերով` նա «խոպան է գալիս, որպէսզի իր համար նոր հետևորդներ գտնի, և այս հաւաքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հիւրախաղ»: Միևնոյն ժամանակ նա նշեց, որ որևէ մէկին յայտնի չէ, թէ ովքե՞ր կգան արտասահմանից այդ հաւաքին»:
Ըստ քահանայի, այս հաւաքը նաև հակասահմանադրական է և պետական մարմինները ևս այդ խնդրում իրենց մասնակցութիւնը պէտք է ունենան: Նա նշեց, որ կրօնական կազմակերպութիւնների մասին ՀՀ օրէնքում յստակ ասւում է, որ կրօնական կազմակերպութիւնները հասարակական քարոզ կարող են իրականացնել միայն իրենց կազմակերպութեան տակ գրանցւած հաստատութիւններում ու վայրերում, մինչդեռ Վ. Սարգսեանի անւան մարզադաշտը, միանշանակ, չի պատկանում որևէ կրօնական կազմակերպութեան:

ԱՅՍՕՐ, 13:50

Aysor.am

0 Պատգամ: