Էդւարդ Նալբանդեանը Կանադայում խօսել է ադրբեջանական պատրանքի մասին

10:05 • 02.06.10
Յունիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի և Կանադայի արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանի ու Լոուրենս Քենոնի բանակցութիւնների երկրորդ փուլը:
Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մանրամասն քննարկել են Յունիսին Կանադայում կայանալիք Մեծ ութնեակի և Քսան երկրների խմբի գագաթաժողովների օրակարգում ընդգրկւած հարցերը:
Էդւարդ Նալբանդեանը տեղեկացրել է ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամների ընտրութիւններում Կանադայի թեկնածութեանը սատարելու Հայաստանի որոշման մասին:
Նախարարները հանգամանալից զրուցել են միջազգային յարաբերութիւնների հրատապ խնդիրների և դրանց կարգաւորման ուղիների շուրջ:
Կանադայի գիտութեան և տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ հանդիպմանը Նալբանդեանը քննարկել է Հայաստանի և Կանադայի միջև գիտութեան և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցութեան հնարաւորությունները:
Կարևորւել է բնագաւառի ներկայացացուցիչների փոխանակումների խրախուսումը: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել Հայաստանի և Կանադայի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցութիւն հաստատելու վերաբերեալ:
Նոյն օրը Էդւարդ Նալբանդեանն այցելել է Կանադայի խորհրդարան, ուր ներկայ է գտնւել Ներկայացուցիչների պալատի նիստին։
Հայաստանի արտգործնախարարը հիւրընկալւել է նաև Քարլթոն համալսարանում, ուր հանդէս է եկել Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ դասախօսութեամբ:
Իր ելոյթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ներկայացրել է Հայ-կանադական յարաբերութիւնների ներկայ վիճակն ու հեռանկարները, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականութիւնը, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:
Ադրադառնալով Արցախեան հիմնախնդրի կարգաւորման հեռանկարներին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպէտք է օգտագործւեն որպէս բանակցութիւնների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարութեան կողմից սուր ճոճելը, ռազմատենչ յայտարարութիւնները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանութիւնը ոչ միայն միջազգային իրաւունքի խախտում են, այլև բացայայտ հակասում են իբրև ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բարեկեցութիւնը ապահովելու մտադրութեան մասին Ադրբեջանի կեղծ խոստումներին: Ինչ աստիճանի ցինիզմ պէտք է ունենալ` խոստանալ հոգալ մէկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթէ չհնազանդւի: Հնարաւոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտութեան պատճառը`որպէս կարգաւորման մեխանիզմ:
Այսօր Ադրբեջանի ղեկավարութիւնը պատրանք ունի, թէ Ադրբեջանի դրօշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնաւորի հիմնախնդրի կարգաւորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921թ. հէնց այդ դրօշի բռնի պարտադրումը Արցախին հետագայ հակամարտութեան պատճառ հանդիսացաւ»:
Նախարար Նալբանդեանը պատասխանել է նաև ներկայ դիւանագէտների, փորձագէտների ու ուսանողների բազմաթի հարցերին:
Աւարտելով այցելութիւնը` Էդւարդ Նալբանդեանն ուղևորւել է Երևան:

Tert.am

0 Պատգամ: