«Ժառանգութիւնը» կոչ է անում յետ կանչել Թուրքիայի և Ադրբեջանի պետական շահերը սպասարկող արձանագրութիւնները

18:42 • 08.06.10
«Ժառանգութիւնը» ևս մէկ անգամ պահանջում է յետ կանչել Հայ-թրքական յարաբերութիւնների` այսպէս կոչւած հաստատմանն ու կարգաւորմանն ուղղւած, սակայն իրականում Թուրքիայի և որոշ իմաստով նաև Ադրբեջանի ազգային-պետական շահերը սպասարկող արձանագրութիւնները:
Միաժամանակ, «Ժառանգութիւնը» կոչ է անում բոլոր քաղաքական և հասարակական ուժերին միաւորել իրենց ջանքերը` յանուն իրաւական, ժողովրդավարական և սոցիալական Հայաստանի: Այսպիսի յայտարարութիւն է Ազգային ժողովում այսօր արել «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանը։
««Ժառանգութիւն» խմբակցութիւնը ցանկացած պարագաներում դէմ է շրջափակումը որպէս քաղաքական գործիք օգտագործելուն: Նա ակնարկելով Գազայի հարցով Թուրքիայի միջամտութեանը աւելացրեց՝ «Մի երկիր, որը 1973 թւականից օկուպացրել է Կիպրոսի հիւսիսային մասը և մինչ օրս պահպանում է օկուպացիոն ռեժիմը` հակադրւելով Եւրոպային և համայն աշխարհին, 1993թ. սկսել և մինչ օրս շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանի Հանրապետութիւնը չի արող անկեղծօրէն նման նախաձեռնութեան դիմի»։- ասել է պատգամաւորը
Ըստ Լարիսա Ալավերդեանի՝ հիմնադրման օրւանից մինչ օրս Թուրքիան վարում է քրդական ժողովրդի, ինչպէս նաև` այլ ազգային փոքրամասնութիւնների դէմ դաժան և անզիջում խտրական քաղաքականութիւն: «Բացի այդ, նա դեռ խորհրդային ժամանակաշրջանում ոգևորել է Ադրբեջանին` սկսել Արցախի, ապա նաև Հայաստանի Հանրապետութեան շրջափակումը:
Թուրքիայի այդօրինակ գործողութիւնները ևս մէկ անգամ փաստում են, որ այսպէս կոչւած Հայ-թրքական արձանագրութիւնները Թուրքիայի քաղաքական էլիտայի ընկալմամբ հանդիսանում են ազգային նպատակներին հասնելու ևս մէկ գործիք»,- ասել է Լարիսա Ալավերդեանը։
«Ժառանգութեան» պատգամաւորը նաև նշել է, որ Թուրքիայի պահւածքն Իսրայէլի նկատմամբ միաժամանակ ցոյց է տալիս, որ անգամ երկարատև սերտ և բարիդրացիական յարաբերուիւններ ունենալով որևէ երկրի հետ՝ Թուրքիան երբէք յետ չի կանգնի որևէ սադրիչ գործողութիւն իրականացնելուց, եթէ դա համապատասխանում է 21-րդ դարում տարածաշրջանում գերտէրութիւն դառնալու իր անհագ ցանկութեանը:
«Նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը և մասնավորապէս սպորտային լեզւով բնութագրւող դիւանագիտութիւնն իր մէջ պարունակում է աւելի մեծ վտանգներ և ծուղակներ, քան մինչ օրս հնչեցւել է: Հայաստանի իշխանութիւնների կողմից ստորագրւած Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած տխրահռչակ արձանագրութիւնների` Ազգային ժողովի մեծ օրակարգ հապճեպ մտցնելն ու միևնոյն ժամանակ Արցախի Հանրապետութեան ճանաչմանն ուղղւած «Ժառանգութեան» նախաձեռնած օրինագծի` Ազգային ժողովի մեծ օրակարգ մտցնելը երեք տարի շարունակ անընդմեջ մերժելը, խօսում է այն մասին, որ Հայաստանը վարում է իրավիճակային և անհեռանկարային արտաքին քաղաքականութիւն: Միաժամանակ գործող իշխանութեան կողմից շարունակւում է նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և քաղաքացիական իրաւունքների ոտնահարումն ու ազատութիւնների սահմանափակումը, ինչը վատթարացնում է ժողովրդի լայն խաւերի վիճակը և անմիջականօրէն վնաս է հասցնում պետութեան անվտանգութեանը»,- յայտարարել է Լարիսա Ալավերդեանը:

Tert.am

0 Պատգամ: