Հայաստանում նշւել են միջնադարեան ճարտարապետ Մոմիկի եւ գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի յոբելեանները

Յունիս 02, 2010 20:43
Երէկ՝ Յունիսի 1-ին Հայաստանի կառավարութիւնում տեղի է ունեցել Հայ միջնադարեան ճարտարապետ, մանրանկարիչ, խաչքարերի վարպետ Մոմիկի ծննդեան 750-ամեակի եւ մեծ գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի 150-ամեակի նշումը նախապատրաստող յոբելեանական յանձնաժողովների նիստ, որը վարել է յանձնաժողովների նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը:
Կառավարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ նիստում քննարկւել են այն բազմաբնոյթ միջոցառումները, որոնք յանձնաժողովների կողմից հաստատւելիք ծրագրերի շրջանակներում կիրականացւեն ամբողջ տարւայ ընթացքում: Միջոցառումները կանցկացւեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
Մոմիկի ծննդեան 750-ամեակի միջոցառումները հիմնականում կկազմակերպւեն Վայոց Ձորի մարզում` մեծ վարպետի ծննդավայրում: Մոմիկի ծննդեան 750-ամեակի միջոցառումների շրջանակում նախատեսւում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղէգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարեան ստեղծագործութիւնների ցուցադրմամբ, ինչպէս նաեւ «Միջնադարի գլաձորեան մանրանկարչութիւնը եւ քանդակագործութիւնը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործութիւնների ցուցահանդէսների կազմակերպում: Նորավանքում կկազմակերպւի գիտական նստաշրջան, իսկ աւագ դպրոցներում կանցկացւի «Ինչ գիտեմ Մոմիկի մասին» շարադրութիւնների մրցոյթ:
Գեղանկարիչ Վարդգէս Սուրէնեանցի ծննդեան 150-ամեակի առթիւ նախատեսւում է ցուցահանդէս Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ կատալոգի հրատարակում, 2011 թւականին նախատեսւում «Վարգէս Սուրէնեանց 150» մուլտիմեդիայ խտասալիկի թողարկում, արւեստագէտի նկարազարդումներով Հայկական հեքիաթների վերահրատարակում, Վարդգէս Սուրէնեանցի ստեղծագործութիւնների յուշանւէրային բացիկների հրատարակում: Առաջարկւել է սահմանել Երեւանի գեղարւեստի պետական ակադեմիայում Վարդգէս Սուրէնեանցի անւան կրթաթոշակ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնել Վարգէս Սուրէնեանցին նւիրւած գիտական նստաշրջան: Իրականացւելիք միջոցառումների շրջանակում է «Վարդգէս Սուրէնեանց 150» նամականիշի թողարկումը: Պատրաստւում է մեծ գեղանկարչի մասին պատմող ֆիլմը:

«Լուրեր Հայաստանից»

0 Պատգամ: