Ժիւլ Վեռնի վէպի հիման վրայ ֆիլմ կնկարահանւի, որում կը պատմւի նաեւ Հայաստանի մասին

Յունիս 08, 2010 15:20
Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ՍՏՀԿ) անդամ երկրներից մէկի՝ Թուրքիայի առաջարկով ՍՏՀԿ անդամ երկրների մասին առաջիկայում ֆիլմ է նկարահանւելու։
Այս մասին յունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍՏՀԿ-ում հայկական պատւիրակութեան ղեկավար Գագիկ Մինասեանը։ Ֆիլմը նկարահանւելու է Ժիւլ Վեռնի «Յամառ Կերոբան» վէպի հիման վրայ եւ բաղկացած է լինելու 12 սերիայից։ Ֆիլմում կը ներկայացւեն ՍՏՀԿ անդամ երկրների ժողովուրդները, նրանց մշակոյթները: Ֆիլմի սիւժէն հետեւեալն է՝ հերոսը պտտւում է Սեւ ծովի շրջակայքով, հանդիպում է այդտեղ ապրող ժողովուրդներին, առնչւում նրանց կենցաղին, ապրելակերպին, մշակոյթին եւ պատմում այդ մասին։ Ֆիլմի նպատակն է՝ նպաստել ՍՏՀԿ երկրների ինտեգրացիային։
Պարզւում է, սակայն, որ Հայաստանի մշակոյթի նախարարութեանը չի ներկայացւել ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելու առաջարկ, թէեւ համապատասխան փաստաթղթում նշւած է, որ Հայաստանը եւս պէտք է մասնակցի։ ՍՏՀԿ-ում հայկական պատւիրակութեան ղեկավար Գագիկ Մինասեանը բարձրաձայնել է այս անճշտութեան մասին, ինչից յետոյ ՍՏՀԿ համապատասխան կառոյցը խոստացել է Հայաստանին եւս ուղարկել համապատասպան առաջարկը։
Նշենք, որ ֆիլմում ներկայացւելու է Ժիւլ Վեռնի հերոսի ապրած ժամանակները՝ 1880-ական թւականները, եւ այդ տարիներին Սեւ ծովի տարածաշրջանում ապրած ժողովուրդներին։ «Սա եւս մէկ հնարաւորութիւն է, որպէսզի մենք կարողանանք ներկայացնել մեր մշակոյթը եւ այն պատճառները, թէ ինչու շատ տարածքների վրայ մեր մշակոյթի կրողները չկան»,-ասաց Մինասեանը։
Ի դէպ, ասուլիսի ժամանակ լրագրողներից մէկը ՍՏՀԿ հայկական պատւիրակութեան անդամ Վարդան Բոստանջեանին հարցրեց՝ Ժիւլ Վեռն կարդացե՞լ էք։ Հարցը վրդովւեցրեց պատգամաւորին եւ նա արձագանքեց. «Ձեր դեգերումը փարատելու համար ասեմ, որ՝ ոչ։ Բոլորն էլ կարդացել են։ Ձեր հարցը մանկական հարց է։ Այսինքն դուք ուզում էք ասել, որ մենք բոլորս կիսագրագէտ ենք, հայ՞ ։ Տղամարդուն սազական հարց չի ձեր հարցը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: