Thursday, June 3, 2010

Մեռնող Ջաւախք.

Մեռնող Ջաւախք.
Կորում է մեր Ջաւախքը, աշխատանք չկայ, երիտասարդութիւնն աշխատանքի համար մեկնում է Ռուսաստան
Յունիս 03, 2010 12:56
Ջաւախքի հայաբնակ Սաթխա գիւղի երիտասարդութիւնը բողոքում է անգործութիւնից, որի պատճառով մարդիկ լքում են գիւղը:
«Երիտասարդները սաղ օրը աւարութիւնից (անգործութիւնից) ստեղ կռիվ-մռիվ են անում եւ մեքենայով ֆռռան գը ողջ ժամանակ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում հետեւեալ կերպ նկարագրեց գիւղի երիտասարդութեան առօրեան, գիւղի բնակիչ, 18-ամեայ Սերգէյ Խաչատրեանը, ով նոր է աւարտել դպրոցը: Միակ բանը, որ լցնում է Սերգէյի օրը, խոտհունձն է: Սակայն 1800 բնակչութիւն ունեցող Սաթխայում ողջ օրը պարապ են ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ տարէցներն ու միջին տարիքի ներկայացուցիչները:
«Ամբողջ օրը ոչ մի բան չենք անում, մի երկու կով ունենք, չոբանը տարել ա սարեր, իրիկունը կբերի, կկթենք, կաթ կտայ, կխմենք»,- ասաց 76-ամեայ Մեասնիկ պապիկը, իսկ 69-ամեայ Սերգօ Տրոյեանը նշեց, որ աշխատանք չլինելու պատճառով գիւղի երիտասարդութեան մեծ մասը, յաճախ թողնելով իրենց կանանց եւ երեխաներին, արտագաղթում են Ռուսաստան, Հայաստան կամ մէկ այլ երկիր:
«Մեր Ջաւախքը կորած է, աշխատանք չկայ, թոշակը քիչ է, կապրինք, բայց վայ էն ապրելուն: Ոչ Վրաստանը կօգնի, ոչ էլ Հայաստանը, իսկ ինչ օգնութիւն էլ, որ կուգայ, իրենք իրենց մէջ կբաժնեն-կգնայ»,- ասաց նա:
Գիւղի տարէցներից ոմանք ասում են, որ աշխատանքի բացակայութիւնը ամենեւին էլ պայմանաւորւած չէ վրացերէնի չիմացութեամբ, սակայն հակառակն է պնդում 49-ամեայ Ալվարդ Շուշանեանը: Նրա խօսքով, վրացերէն չիմանալու պատճառով շրջանի հայազգի մի քանի պաշտօնեաններ ազատւել են աշխատանքից եւ նրանց փոխարէն հիմա վրացիներն են: «Հայկական դպրոցներում հիմայ մեծ ուշադրութիւն են դարձնում վրացերէնին, 1-ին դասարանից մինչեւ 12-րդ վրացերէն են անցնում»,- ասաց տիկին Ալվարդը:
Սաթխայի բնակիչների գոյատեւման հիմնական աղբիւրը Ռուսաստանից ուղարկւած գումարներն են եւ գիւղատնտեսական մթերքները, որոնցով դժւար է գոյատեւել: «Մինչեւ Ռուսաստանից փողը չգայ, դժւար է գիւղատնտեսութեամբ, հողագործութեամբ փող հայթայթել»,- ասաց տիկին Ալվարդը, ով գիւղի բազմաթիւ կանանց նման զբաղւած է տնային տնտեսութեամբ:
Բոգդանովկայի շրջանի այս գիւղում շատ այլ խնդիրներ էլ կան: Տարեցնէրն են դժգոհում իրենց թոշակներից, այն չի բաւականացնում նոյնիսկ գոյատեւելու համար: «Մենք ճնշւած ենք, մեզի աշող (ուշադրութիւն դարձնող) չկայ: Ես մենակ կապրիմ ու 87 լարի փարա կառնիմ, էդով կարանք ապրինք գը՞»-դժգոհեց 76-ամեայ Մեասնիկ Կարապխանեանը: «Հեռախօսին 5 լարի կուտանք, բայց 10 րոպէ չենք կըրնայ խօսինք, լոյսը 1կվ/ժ-ը 13 թեթրի է, հացը՝ ալիւրի մէկ մեշոկը, 35-38 լարի է»- իր հերթին աւելացրեց Սերգօ պապիկը:
Մաքսակէտի հետ կապւած խնդիրներ էլ կան: «Հայաստանից հերիք չէ օգնութիւն չկայ, նոյնիսկ տամոժնեան չենք կըրնայ նորմալ անցնենք, ահաւոր վատ բան է, կուզեմ նորմալ ծիրան ուտիմ, բայց 2 կգ բերելու դէպքում նոյնիսկ կխօսին, սահմանափակումներ են դրել»,- բողոքեց առեւտրական Մանւէլ Մկոեանը:
Ռուս-վրացական յարաբերութիւնների սրացումից յետոյ իրավիճակն էլ աւելի է բարդացել Սաթխայում: Հիմա գիւղացիները դժւարությամբ են կարողանում Ռուսաստան «խոպան» գնալ: Այդ պատճառով էլ արտագաղթողների թիւը քչացել է: Սակայն երիտասարդներից շատերը երկքաղաքացիութիւն են ընդունում՝ հարցին այդ տարբերակով լուծում տալու համար:
News.am

0 Պատգամ: