Human Rights Watch–ի նամակը՝
Սերժ Սարգսեանին
10:10 • 16.06.10
Human Rights Watch միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան Եւրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հոլի Քարտները Սերժ Սարգսեանին նամակ է ուղղել, որում մտահոգութիւն է յայտնում «Ռադիոյի և հեռուստատեսութեան մասին օրէնքում» փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին օրէնքի առնչութեամբ։
Նամակում Human Rights Watch–ը նախագահին կոչ է անում չհաստատել օրէնքը և վերադարձնել այն խորհրդարան լրամշակման նպատակով։
Human Rights Watch–ի փորձագէտների կարծիքով, ընդունւած փոփոխութիւնները բացասաբար կազդեն բազմակարծութեան և հայկական լրատւական դաշտի վրայ։ Ողջունելով հեռուստատեսութիւնը թւայնացնելու կառավարութեան որոշումը՝ կազմակերպութիւնն ընդգծում է, որ ընդունւած օրէնքում առկայ են մի շարք մտահոգիչ դրոյթներ։
Ըստ նամակի հեղինակների՝ գործող հեռուստաընկերութիւնների թիւը 22–ից 18–ի հասցնելը կարող է սահմանափակել կարծիքների բազմազանութիւնը, ինչպէս նաև նոր օրէնքի ընդունումը կփակի նոր ընկերութիւնների մուտքը, քանի որ արտօնագիր ստանալու համար անհրաժեշտ է առնւազն եռամեայ աշխատանքային փորձ հեռարձակման ոլորտում։
Կազմակերպութիւնը նաև նշում է, որ օրէնսդրական փոփոխութիւնը չի երաշխաւորում ՀՌԱՀ–ի գործունեութեան թափանցիկութիւն, և յիշեցնում է, որ յունիսի 10–ին ԵՄ հայաստանեան ներկայացուցչութեան ղեկավարները կոչ արեցին շարունակել օրինագծի շուրջ քննարկումները, և չնայած դրան, նոյն օրը՝ յունիսի 10–ին, Հայաստանի խորհրդարանն իր արտահերթ նիստում ընդունեց այն։
Նամակի հեղինակները յոյս են յայտնում, որ եթէ օրէնքը վերադարձւի, խորհրդարանը գուցէ կլսի քաղաքացիական հասարակութենաը, փորձագէտներին և փոփոխութիւններ կկատարի դրանում՝ ելնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւններից։

Tert.am

0 Պատգամ: