Բազմալեզու տեղեկատւական վահանակներ` Սանահինի վանքի տարածքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկութիւնը, և ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպութիւնը, յայտարարում են, որ «Ճանաչէք հայկական յուշարձանները» 2010թ. ծրագրում ընդգրկւած հերթական պատմամշակույթային ժառանգութեան վայրում` հարուստ պատմութեամբ և հիասքանչ բնութեամբ օժտւած Լոռու մարզի Սանահինի վանքում, պատրաստւել և տեղադրւել են բացօթեայ բազմալեզու տեղեկատւական վահանակներ:
«Տևական ժամանակ կեանքի կոչւող այս ծրագրի հիմքում մեր արմատներին մօտ լինելու և հայի անցած ուղին ճանաչելու ձգտումն է: Տեղեկատւութեան բացակայութեան դէպքում պատմական այս յուշարձանից ստացած տպաւորութիւնն այլ է, հակառակ դէպքում` բոլորովին այլ: Համոզւած ենք, որ այս վահանակները այցելուներին հնարաւորութիւն կտան զգալ Բագրատունիների շունչը կամ առաւել լիարժէք պատկերացում կազմել Գրիգոր Մագիստրոսի իմաստնութեան մասին»,- վստահութիւն յայտնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը:
Սանահինի վանքը Լոռու մարզում գտնւող Հաղպատ վանքի հետ միասին գրանցւած է Համաշխարհային ժառանգութեան ցանկում և ճանաչւած է որպէս բացառիկ համընդգրկուն արժէք, որը ենթակայ է պահպանութեան որպէս համայն մարդկութեան ժառանգութիւն: Այս հիասքանչ համալիրը առանձնանում է ճեմարանով, ձեռագրատնով, ինչպէս նաև բազմաթիւ եկեղեցիներով, մատուռներով և դամբարաններով:
Թէև Սանահինի, ինչպէս նաև ոչ հեռու գտնւող Հաղպատի վանական համալիրները պատմական միևնոյն ժամանակաշրջանի ուղերձի ու ոգու կրողներն են, սակայն իւրաքանչիւրն ունեցել է ուրոյն դերակատարութիւն` որպէս նշանաւոր գիտակրթական, մշակութային և հոգևոր կենտրոն:
Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիւը յայտնի չէ: Ըստ աւանդութեան, վանքը հիմնարկւել է 4-րդ դարում` երբ կանգնեցւել է Սբ. Նշանը` խաչը: ՙՍանահին՚ անւանումը բացատրւում է «սա նրանից հին է» արտայայտութեաբ. ըստ աւանդութեան` Սանահին է կոչւել Հաղպատից աւելի հին վանքը:
Հետագայում, հանդիսանալով Կիւրիկեան թագաւորների վարչական կենտրոնը և նախարարական տան տոհմական դամբարանատեղին (մինչև 12դ. կէսը), Կիւրիկեան թագաւորութեան եկեղեցական թեմի աթոռանիստը (մինչև 11դ. կէսը) վանքը կառուցապատւել է բազմաթիւ կրօնական և քաղաքացիական շինութիւններով: Երկու վանքերում էլ, և յատկապէս Սանահինում դասաւանդւում էին հումանիտար գիտութիւններ, երաժշտութիւն և բժշկութիւն, գրւում էին գիտական աշխատանքներ (քննախօսութիւններ). այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանաւոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները:
Սանահինի վանական համալիրը բաղկացած է հինգ եկեղեցիներից, երկու գաւիթներից, ակադեմիայից, գրատնից, զանգակատնից, տոհմական դամբարաններից և երբեմնի ամուր պարսպապատով շրջափակւած այլ շինութիւններից: Հիմնական կառոյցները խմբաւորւած են գլխաւոր եկեղեցու շուրջը` կազմելով մեկ միասնական ամբողջութիւն:
Համալիրի կենտրոնում է գտնւում Սբ. Աստւածածին եկեղեցին, որը կառուցւել է Բագրատունիների կողմից` 928 - 944 թւականների ընթացքում: Այն արտաքուստ ուղղանկիւն, ներքուստ` խաչաձև գմբեթաւոր կառոյց է` չորս անկիւններում երկյարկ աւանդատներով: Թմբուկն ու գմբէթը վերակառուցւել են հաւանաբար 1652թ. վերանորոգման ժամանակ` Սարգիս Ուստայի և նրա աշակերտների կողմից, որի մասին է վկայում պահպանւած շինարարական արձանագրութիւնը:
Սբ. Աստւածածին եկեղեցու անմիջական հարևանութեամբ է կառուցւած չափերով աւելի մեծ Սբ. Ամենափրկիչ Կաթողիկէ եկեղեցին (966թ.), որի պատւիրատուն Խոսրովանոյշ թագուհին է`Բագրատունի Աշոտ Գ Ողորմած թագաւորի տիկինը: Այս հոյակերտ եկեղեցին ևս ունի գմբէթաւոր խաչաձև յօրինւածք և իր դիրքով իշխում է համալիրի միւս կառոյցներին:
Սանահինի բարձրարժէք խաչքարերից յատկապէս ուշագրաւ են Սբ. Աստւածածին եկեղեցու արևելեան կողմում գտնւող Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը (1184թ.) և Սարգսի (1215թ.) խաչքարը, որոնք խաչքարային արւեստի իսկական գլուխգործոցներ են:
Ճեմարանը կամ «Մագիստրոսի ակադեմիան» կազմում է Սբ. Աստւածածին եկեղեցու գաւթի շարունակութիւնը. այն 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին բնորոշ քաղաքացիական ճարտարապետութեան օրինակ է. երկանկեական պատերին հպւած կամարներով ձևաւորւած են որմնախորշեր, որ հաւանաբար ծառայել են իբրև նստարաններ: Այս երկարաւուն սրահը համարւում է Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, ուր նա դասախօսութիւններ է կարդացել: Ճեմարանում առաւելապէս դասաւանդում էին հումանիտար գիտութիւններ, սակայն, ինչպէսև Հաղպատում, այստեղ էլ գրւում էին քննախօսութիւններ, ուսուցանում էին փիլիսոփայութիւն և գեղագրութիւն, մանրանկարչութիւն:
ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացւում են հովանաւորների` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գիւմրիում Իտալիայի պատւոյ հիւպատոսի, ինչպէս նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարութեան ֆինանսական աջակցութեան շնորհիւ:
ԱՄԱՓ-ի գործընկերներն են Հայաստանի յուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտէն (ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանութեան ու Հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտները, Մատենադարանն ու ՀՀ Կապի և տրանսպորտի, ինչպէս նաև Մշակոյթի նախարարութիւնը, և Հայաստանի զբօսաշրջային գործակալութիւնը:

10.07.2010, 15:37
Aysor.am

0 Պատգամ: