Կիրօ Մանոյեան.-
«Պատերազմի դէպքում՝ առնւազն
միացում պէտք է յայտարարենք»
«Մադրիդեան սկզբունքները, ե՛ւ այդ սկզբունքներից բխող տարրերը
Դաշնակցութեան համար անընդունելի են, քանի որ հաշւի չեն առնում, որ 88-
ից յետոյ ինչ-որ զարգացումներ տեղի են ունեցել»
«Յոյսով եմ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ասածն այն չէ, որ միայն ռազմական յարձակման դէպքում՝ մենք կը ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Այդ դէպքում՝ այլընտրանք չենք ունենայ, եւ պէտք է միացում յայտարարենք ու վերջ»։
Երեւանի «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի Աստանայում ունեցած ելոյթի այն հատւածին, ըստ որի՝ եթէ Ադրբեջանը շարունակի ռազմական յարձակում, Հայաստանը կը սկսի ԼՂՀ-ն դէ իւրէ ճանաչելու գործընթաց:
«ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման գործընթացի ուղղութեամբ Հայաստանի քայլերը պէտք է լինեն այնպիսին, որ ունքն ուղղելու փոխարէն՝ աչքն էլ հետը չհանենք»,- ասաց Կիրօ Մանոյեանը՝ յաւելելով, որ ճանաչման հարցը պէտք է օրակարգ մտնի նաեւ այն ժամանակ, երբ ԼՂՀ-ի խնդրով ընթացող բանակցութիւնները փակուղի մտնեն:
Կիրօ Մանոյեանը Սերժ Սարգսեանի գագաթաժողովում հնչեցրած ելոյթը ընդհանուր առմամբ դրական գնահատեց՝ բացառութեամբ այն հատւածի, որտեղ ԼՂՀ-ի ճանաչումը միայն պատերազմով է պայմանաւորում: «Եթէ ճանաչումը միայն պատերազմով չի պայմանաւորւում, ապա ելոյթի մնացած կէտերի հետ խնդիր չունենք»:
«Փաստը, որ տեղի չունեցաւ հանդիպում, այնքան էլ դրական երեւոյթ չէ»,- ասաց Կ. Մանոյեանը՝ խօսելով Աստանայում նախատեսւած Ալիեւ-Սարգսեան հանդիպման չկայացման մասին: «Բարեբախտաբար, տեղի չունեցաւ աւելի վատը, բայց յանկարծ չմտածենք, որ այս փաստաթուղթը շատ լաւն է, որովհետեւ կան յղումներ Մինսկի խմբի համանախագահող երկրների այս եւ նախորդ տարւայ յայտարարութիւններին, որտեղ նշւած են ե՛ւ Մադրիդեան սկզբունքները, ե՛ւ այդ սկզբունքներից բխող տարրերը, որոնք Դաշնակցութեան համար անընդունելի են, քանի որ հաշւի չեն առնում, որ 88-ից յետոյ ինչ-որ զարգացումներ տեղի են ունեցել:
Օրինակ՝ սահմանները նկատի ունեն՝ ԼՂԻՄ-ի սահմանները: Ժողովրդի կամարտայայտութեան մասին խօսելով՝ անտեսում են, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտայայտել է 1992 եւ 2006 թւականններին»,- Երեւանի «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ի գագաթաժողովում ընդունւած հնգակողմ յայտարարութեանը:
Կիրօ Մանոյեանը չի կարծում, թէ գագաթաժողովը եւ այնտեղ տեղի ունեցածը փակուղի տարան ղարաբաղեան գործընթացի բանակցային փուլը, սակայն արձանագրում է, որ ամէն դէպքում՝ առաջընթաց էլ չկայ:
«Report.am»
0 Պատգամ:
Post a Comment