Ռուսաստանում կիրառւող բռնութիւնները

Հայերին կստիպեն տեղափոխւել



14:45 • 15.12.10
Ռուսաստանում ազգայնական հողի վրայ տեղի ունեցող բռնութիւններն ու սպանութիւնները ցոյց են տալիս, որ այդ երկրում արդէն կան այլազգիների դէմ պայքարող քաղաքական ուժեր։ Այսօրւայ ասուլիսում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը՝ նշելով, որ վերջին օրերի իրադարձութիւններին հետևելով կարելի է եզրակացնել՝ այդ գործողութիւնների հեղինակները երիտասարդներ չեն, ինչպէս նախկինում էր։
Քաղաքագէտի կարծիքով՝ Ռուսաստանում քսենոֆոբիան դուրս է եկել նեղ շրջանակներից և լայնօրէն տարածւում է։ «Դա պէտք է ոչ թէ կովկասաֆոբիա, այլ սևաֆոբիա անւանել, քանի որ բռնութիւնների զոհ են դառնում ոչ միայն Կովկասի ազգութիւնների ներկայացուցիչները։ Նկատելի է, թէ ինչպիսի քնքուշութեամբ է Ռուսաստանի ոստիկանութիւնը վարւում այդ մարդկանց հետ, ինչպէս է արձագանքում նրանց գործողութիւններին»,– ընդգծեց քաղաքագէտը։
Իսկանդարեանի կարծիքով՝ «սևերի» դէմ Ռուսաստանում սկսւած ակցիան վտանգաւոր է այնքանով, որ այդ գործողութիւնները կարող են քաղաքականացւել և օգտագործւել այդ երկրի ներքին քաղաքականութեան մէջ։ Նրա կանխատեսումներով՝ բախումները կշարունակւեն, և կայ վտանգ, որ Ռուսաստանի իշխանութիւնները չեն կարողանայ լիովին վերահսկել վիճակը։
Այս իրադարձութիւնների պատճառով, ըստ Իսկանդարեանի, հայերից ոմանք կլքեն Ռուսաստանը և աշխատելու այլ երկրներ կփնտրեն։ Բացի այդ, կնւազի Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիւը։ Սակայն զանգաւածային տեղափոխութիւններ քաղաքագէտը չի կանխատեսում։
Յիշեցնենք, որ վերջին օրերին Ռուսաստանում՝ մասնաւորապէս Մոսկւայում այլազգիների «որսը» նոր թափ է ստացել։ Ազգայնականների յարձակումից տուժել են նաև երկու Հայ երիտասարդներ։ Օտարազգիների դէմ յարձակումների դէպքերը աւելացան այն բանից յետոյ, երբ կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ մահացաւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մէկը:

Tert.am

0 Պատգամ: