Ցեղասպանութեանը նւիրւած միջազգային

գիտաժողովի մասնակիցներն այցելել

են Մայր Աթոռի թանգարաններ




Դեկտեմբեր 15, 2010 19:20
Դեկտեմբերի 15-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Երեւանում մեկնարկւած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին, ցեղասպանագիտութեան բնագաւառում ճանաչւած շուրջ 20 գիտնականների` ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսեանի ուղեկցութեամբ:
Մայր Աթոռից NEWS.am-ին յայտնում են, որ Գարեգին Բ-ն կարեւորել ու խրախուսել է նրանց առաքելութիւնը ցեղասպանութեան ճանաչման գործում, նշելով. «Այսօր ցաւի եւ վրէժխնդրութեան զգացումով եւ ոգով չէ, որ առաջնորդւում է մեր ժողովուրդը՝ պահանջելով ցեղասպանութեան ճանաչումը: Մեր ցանկութիւնն է, որպէսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգութիւնների կանխարգելմանը: Մարդկութիւնը պէտք է աւելի խիստ օրէնքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար: Մենք եւս` որպէս եկեղեցի եւ եկեղեցականներ, մեր կողմից իրականացւող կարեւոր առաքելութիւն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեէսզի իւրաքանչիւր ոք ընկալի, որ նման յանցագործութիւններն առաջին հերթին ուղղւած են Աստծոյ արարչագործութեան դէմ: Մենք հաւատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկութիւնը պիտի զերծ մնայ նման ողբերգութիւններից եւ ցաւերից եւ այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի եւ աշխատանքի համար: Մեր աղօթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տէրն արդիւնաւորի, յաջողութեամբ պսակի եւ բարի արդիւնքների առաջնորդի ձեր աշխատանքը»:
Հանդիպումն աւարտւել է աղօթքով, որից յետոյ գիտաժողովի մասնակիցները այցելել են Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանօթացան Հայ ժողովրդի հոգեւոր արժէքներին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: