Արցախի թեմի 20-Ամեակի Տօնակատարութիւնները Կանցկացւեն Սեպտեմբերի 27-28-ը


ԵՐԵՒԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի 20-ամեակի տօնակատարութիւնները կանցկացւեն սեպտեմբերի 27-28-ը:
Թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանն «Արմէնպրես»-ին ասաց, որ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին տոնակատարութիւնները կմեկնարկեն Գանձասարի վանքում Սուրբ Պատարագի արարողութեամբ: Յաջորդ օրը ծրագրւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցելութիւնը Ստեփանակերտի համալսարան, որտեղ ընթերցողի դատին կը յանձնւեն թեմի հոգեւոր կեանքին նւիրւած երկու գրքեր, կաթողիկոսը կը հանդիպի մտաւորականների, ուսանողների հետ:
Ժամը 18:00-ին տեղի կունենայ հանդիսաւոր նիստ, հոգեւոր համերգ: Կը ներկայացւի պատմական ակնարկ-զեկոյց` Արցախի թեմի հիմնադրումից մինչ այսօր, առաջնորդը կը ներկայացնի թեմի 20-ամեայ գործունեութիւնը, որը կամփոփւի տեսաֆիլմի ցուցադրութեամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական խօսք կը յղի հաւատացեալ արցախցիներին: Վեհափառ հայրապետը կը ծանօթանայ Ստեփանակերտի նոր կառուցւող մայր տաճարի շինարարութեանը, Ամենափրկիչ եկեղեցու տարածքի վերակառուցմանը, կաթողիկոսը հանդիպում կունենայ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի, նաեւ հաւատացեալ ժողովրդի հետ:
Թեմի 20-ամեակի տոնակատարութիւններին կը հրաւիրւէն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների ղեկավարներ, բարերարներ, թեմի գործունէութեան մէջ դերակատարութիւն ունեցող անձինք:1989թ-ին պատմական Արցախի թեմի վերաբացումից յետոյ ներկայումս չորս տասնեակ գործող, կառուցւած, վերանորոգւած եկեղեցիներ կան: Հոգեւորանները, սակայն, 13-ն են, եւ այդ թիւը շատ քիչ է ամբողջովին սպասարկելու բոլոր եկեղեցիները:
Պ. արքեպիսկոպոս Մարտիրոսեանը յոյս յայտնեց, որ հոգեւորականների թիւը կաւելանայ: Նշենք, որ երկու տարուց կաւարտւեն Ամարասի վանական համալիրի վերակառուցման մեծածաւալ աշխատանքները:
Վերանորոգւում են նաեւ Աւետարանոցի համալիրը, Գտչավանքի, նաեւ Լաչինի փոքրիկ եկեղեցիները: Երկու տարի յետոյ կաւարտվի նաեւ Հաթերքի Սբ Պետրոս, Վաղուհասի Սբ Աստւածածին եկեղեցիների կառուցումը, Ստեփանակերտի Սբ Աստւածամօր հովանի մայր տաճարի շինարարութիւնը: Աշխատանքները կատարւում են պետական յատկացումներով ու մասնաւոր անձանց բարերարութեամբ:
Ստեփանակերտում այսօր գործում է նորակառոյց Սբ Յակոբ եկեղեցին: Հիմնանորոգւել է նաեւ Դադիվանքի վանական համալիրի (12-13-րդ դդ.) երրորդ եկեղեցին: Վերականգնւել է Գանձասարի հոգեւոր ճեմարանի շէնքը: Արցախի հոգեւոր կեանքը եղել է շատ հարուստ, Աղւանից կամ Գանձասարի կաթողիկոսութիւնը մեծ ժառանգութիւն է թողել` 4,5-5 հազար եկեղեցի եւ վանք: 19-րդ դարում Արցախում եղել է 1813 գործող եկեղեցի եւ վանք:
1921թ-ին` խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ, Արցախում հարիւրաւոր եկեղեցիներ են փակւել, 1929թ-ին մնացել է գործող 112 եկեղեցի եւ 18 վանք, ընդամէնը` 276 հոգեւորական, իսկ 1930 թ-ին Արցախի թեմում փակւել են բոլոր վանքներն ու եկեղեցիները: Շատ եկեղեցիներ խոնարհւել եւ ոչնչացւել են, իսկ հարիւրաւոր եկեղեցիներ կանգուն են. գրեթէ ամէն գիւղ ունի վանք, որոնք, ըստ Պարգեւ սրբազանի, սպասում են վերանորոգման իրենց հերթին: Նշենք նաեւ, որ 1991թ-ին հիմնւել է «Գանձասար» Աստւածաբանական հանդէս եւ կենտրոն, մօտ եօթ տասնեակից աւելի գրքեր են հրատարակւել: Ստեղծւել է «Ռադիո-Վէմ» ռադիոկայանը, որը գործում է Հայաստանում եւ Արցախում: Արցախի տարածքում գործում են նաեւ հայորդեաց տներ, երիցներ եւ կիրակնօրեայ դպրոցներ, Քրիստոնէական քարոզչութեան կենտրոնը, Եկեղեցասիրաց մանկանց միութիւնը:

0 Պատգամ: