Առաւել կարեւոր է, որպէսզի Թուրքիային չյաջողւի պառակտել Հայաստանի քաղաքական դաշտը


«Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման թղթաբանական գործընթացները զարգանում են արագ տեմպերով։ Բացառապէս արագ։ Միայն եթէ հետեւենք այն ողջ տեղեկատւութեանը, որը տրամադրում են հայկական ու միջազգային ԶԼՄ-ները, կպահանջւի խմբագրութեան ողջ անձնակազմը, սակայն մենք կանդրադառնանք ամենակենսական հարցերին»,
Գրում է Լիբանանի հայկական համայնքի «Ազդակ» թերթը՝ իր վերլուծականում եւ շարունակում.«Ակնյայտ է, որ չնայած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման շուրջ երկու Արձանագրութնւնների վաւերացման սահմանւած ժամկէտներին, այդ ողջ գործընթացը կանցնի սառեցման ու ապասառեցման ոչ մէկ փուլ։
Սակայն այդ ամէնը ենթարկւում է Թուրքիայի թելադրած խաղի կանոններին։Անտեսելով սահմանւած ժամկէտները, Թուրքիան կարող է անընդհատ հետաձգել, դանդաղեցնել, առարկել, սառեցնել եւ ապասառեցնել „նախաստորագրում-ստորագրում-խորհրդարանի կողմից վաւերացում“ գործընթացը։
Ինչն, անկասկած, ծառայում է թուրքական քաղաքականութեան շահերին։ Եւ այդ ամէնն ուղղւած է այն բանին, որպէսզի համաշխարհային հանրութեանն ի ցոյց դրւի այդ հարցում ցուցաբերած Թուրքիայի բարի կամքը։
Ճիշտ է, Արձանագրութիւններում բացակայում են Հայոց Ցեղասպանութեանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը եւ Կարսի պայմանագրի վերահաստատմանը վերաբերող կէտերը, սակայն ենթատեքստում յստակօրեն ուրւագծւում է այն յանձնաժողովը, որը պէտք է ընդգրկւի պատմական հարցերի ու փաստերի (Հայոց Ցեղասպանութիւն) հետազօտման գործում. կայ նաեւ դրոյթ, որը պարտադրում է յարգել տարածքային ամբողջականութիւնն ու այդ լոյսի ներքոյ տարբեր պարտաւորութիւններ, որոնց ընդունմանը կըյաջորդի եւ Կարսի պայմանագրի լուռ ընդունումը։ Բացի այդ, այստեղ առկայ է նաեւ իրաւական իր լուծմանը սպասող Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը։
Ի դէպ, այն բանից յետոյ, երբ յայտարարւեց, որ երկու արձանագրութիւնների շուրջ խորհրդատւութիւնները կը տեւեն վեց շաբաթ, շատերը նկատել են, որ ժամկէտը լրանում է հոկտեմբերի 13-ին՝ Կարսի պայմանագրի ստորագրման օրը։Այդ գործընթացի վերաբերեալ բացատրութիւններն ու մեկնաբանութիւնները հակադարձ համեմատական են։
Հայաստանի կառավարութիւնը հակւած է խօսելու առաջընթացի մասին, մինչդեռ ընդդիմադիր ուժերը միայամուռ կերպով պնդում են հայկական դիւանագիտութեան պարտութեան մասին։ Մօտաոորապէս նոյն կերպ կարելի է բնութագրել Թուրքիայից հնչող ձայները։ Մինչդեռ Ադրբեջանը՝ Թուրքիայից ստանալով յայտնի երաշխիքները, չի կարողանում թաքցնել իր անհանգստութիւնը։Արձանագրութիւններում առկայ շատ փակագծեր պարզապէս չեն բացւում։
Այդ մասին խօսելու առիթ դեռ կը լինի։ Առաւել կարեւոր է, որպէսզի Թուրքիային չյաջողւի պառակտել Հայաստանի քաղաքական դաշտը։ Եւ ակնյայտ է, որ մենք արդէն գտնւում ենք նոր փուլում, որտեղ, ցաւօք, պայմանները թելադրում է Թուրքիան։ Աւելորդ է ասել, որ այստեղ յարկաւոր է ծայրաստիճան ուշադրութիւն դրսեւորել»,- նշում է թերթը։


«ԱԶԴԱԿ»

0 Պատգամ: