ՌՈՒԲԷՆ ՄԵՀՐԱԲԵԱՆ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՅՍՏԱԿ ԵՐԵՒՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ
«Հրապարակւած «գիշերային» Արձանագրութիւնները յայտնւեցին BBC-ին Սերժ Սարգսեանի տւած հարցազրոյցից յետոյ, որտեղ նա միտք յայտնեց, թէ չի տեսնում իր պարտաւորութիւնները կատարելու Թուրքիայի ցանկութիւնը: Այդպիսով նա այնպիսի «ցանկութիւն» «գուժեց», որ լաւ էր, չլինէր:
Հիմայ յարկաւոր է բացատրել, դրանք «արժանապատիւ», «խոստումնալից-ցանկալի» յայտարարել եւ այլն, միացնելով ղեկավար եւ ուղղորդող ուժի իմաստութեամբ վարչական հիացմունքի մեխանիզմները եւ այլն: Իսկ չոր մնացորդում մենք ստացանք այն, ինչ չէր կարելի անել:
Փաստօրէն, Արձանագրութիւնների կէտերում պարզ երեւակւում է հայկական դիւանագիտութեան ձախողումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի փորձագէտ Ռուբէն Մեհրաբեանը:
Նրա խօսքերով, կոնիւկտուրային TV-լաւատեսների եւ քաղաքականամերձ «տելեպուզիկների» խօսքերի շղարշին հակառակ, այդ Արձանագրութիւններով բաւարարվում են թուրքական կողմի բոլոր երեք նախապայմանները, որոնք նա մշտապէս առաջ էր քաշում վերջին տարիներին, այն է` առկայ սահմանների հաստատում, հրաժարում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման քաղաքականութիւնից, որն, ըստ թուրքական վարկածի, «չի եղել», Ղարաբաղի «օկուպացիայի» դադարեցում:
«Դիւանագիտական յարաբերութիւնների մասին արձանագրութիւնում այդ մասին ուղղակիօրէն ասող առանձին կէտ կայ, թէւե միջազգային պրակտիկայում դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, առկայութեան բուն փաստը արդէն իսկ ենթադրում է նաեւ առկայ սահմանների ճանաչում (անշուշտ, եթէ տարածքային պահանջների մասին պաշտօնապէս յայտարարւած չէ, ինչը չկար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ):
Այսպիսով, Թուրքիային բաւարարող հոգեբանական խնդրից բացի, այս կէտը այլ բան չի պարունակում: Նոյն կերպ կարելի էր հաստատել բազմապատկման աղիւսակը, որպէսզի հայերը չյամարձակւէին կասկածել...
Այնուհետեւ, յանձնաժողովի կազմում լինելու է պատմական խնդիրներով զբաղւող ենթայանձնաժողով, որը ուսումնասիրելու է արխիւային պատմական փաստաթղթերը: Ոչ ոք դէմ չէ փաստաթղթերի ուսումնասիրութեանը, հակառակը, որքան շատ, այնքան լաւ:
Սակայն միթէ հասկանալի չէ՞, որ դրա համար պէտք չէ, չի կարելի ստեղծել միջպետական յանձնաժողով: Ուղղակի պէտք է բացել արխիւները եւ հրաւիրել բոլոր նրանց, ով ցանկանում է ուսումնասիրել: Այսպիսով, Ցեղասպանութեան հարցը դառնում է բանավէճի առարկայ, ինչն ուղղակի վիրաւորական է ցանկացած հայի համար:
Էլ չեմ ասում, թէ դուք ի՞նչ էք բացատրելու այն երկրներին, որոնք ճանաչել են Ցեղասպանութիւնը, այն թուրքերին, որոնք, երբեմն հետապնդումների ենթարկւելով, նոյնպէս ճանաչել են այն»,-ասել է փորձագէտը:
Միեւնոյն ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղեան կարգաւորումը չի յիշատակւում արձանագրութիւններում: «Սակայն արձանագրութիւնների իրականացումն ըստ ալգոռիթմի ու ժամանակի այնպէս է հաշւարկւած, որպէսզի Հայաստանի քաղաքական ղեկավարութեանը պատին սեղմեն եւ ստիպեն ստորագրել այսպէս կոչւած Մադրիդեան սկզբունքները կրակովեան խմբագրութեամբ, որոնց համաձայնութեան մասին արդէն ասւել է եւ չի հերքւել պաշտօնական Երեւանի կողմից:
Այսինքն, եթէ Անկարան նահանջ քայլ անէր այսպէս կոչւած «ֆուտբոլային դիւանագիտութիւնում», ապա Սարգսեանը ձեւական պատճառ կստանար ոչ միայն չմեկնելու խաղին, այլ նաեւ ձգձգելու ղարաբաղեան կարգաւորումը:
Սակայն, այժմ հնարաւոր մանեւրի լայնութիւնը զրոյական է: Կարիք կա՞յ արդեօք եւս ինչ-որ բան ընդգրկել արձանագրութեան մէջ: Սա հռետորական հարց է: Իսկ հայկական կողմը ստանում է բաց սահմանի խոստում, եթէ իրեն լուռ ու պատշաճ կերպով պահի: Իսկ պատշաճ ասածը արդէն պարզաբանեցինք:
Փաստօրէն, անցած 1,5-2 տարւայ եւ մինչ այս տարէվերջ իրադարձութիւնների զարգացման դիալեկտիկան հետեւեալն է` ներքաղաքական ճգնաժամ-արտաքին քաղաքական արկածախնդրութիւն, ազարտային խաղ ճգնաժամը յաղթահարելու նպատակով-դիւանագիտական ձախողում-նոր համակարգային ճգնաժամ:
Գլխաւոր դասը, որ պէտք է քաղել արդի պատմութեան այս փուլից, ըստ իս, այն է, որ կենսական նշանակութիւն ունեցող ազգային խնդիրների լուծումը չի հանդուրժում կոմերիտական անլրջութիւն եւ իմիտացիա, բթամտութիւն ու սնապարծութիւն, ինչպէս նաեւ չափի զգացողութեան բացակայութիւն: Որպէսզի յանկարծ յիմար եւ ոչ պրոֆեսիոնալ չստացւի»,-ասել է Ռուբէն Մեհրաբեանը:
0 Պատգամ:
Post a Comment