Սկսւում են վեցշաբաթեայ բանավէճերը. դաշնակցականները դատապարտում են հայ-թուրքական արձանագրութիւնները
Դաշնակցութիւնը հանրահաւաք է կազմակերպում` դատապարտելու «Չմտածւած Քայլերը» հայ-թուրքական յարաբերութիւններում
Կարինէ Իոնեսեան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Հայաստանի իշխանութիւնները և գլխաւոր ազգայնական ուժերը հակադիր կարծիքներ արտայայտեցին Հայաստան-Թուրքիա բանակցութիւնների վերջին զարգացումների վերաբերեալ:
Սեպտեմբերի 2-ին, երբ նշւում էր Լեռնային Ղարաբաղի անկախութեան օրը, հրապարակաւ տրամագծօրէն հակադիր կարծիքներ արտայայտեցին Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարարը և ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ):
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչները, որոնք խստօրէն քննադատում և ընդդիմանում են Թուրքիայի հետ մերձեցման` Սերժ Սարգսեանի վարած ներկայիս քաղաքականութեանը, չորեքշաբթի երեկոյեան Երևանի կենտրոնում կազմակերպւած հանրահաւաքի ժամանակ շարունակեցին պնդել, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատելու ենթադրեալ ձախողումը վտանգում է ԼՂՀ անկախութիւնը և անվտանգութիւնը:
Իսկ գրեթէ միաժամանակ մամուլի ասուլիս հրաւիրած ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, որին Դաշնակցութիւնը պատասխանատու է համարում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցութիւնները, իր կարծիքով, ձախողելու մէջ, ասաց, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հարցի հետ:
Երկուշաբթի Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարութիւնների տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Շւէյցարիայի միջնորդութեամբ համաձայնութիւն է ձեռք բերւել սկսել վեցշաբաթեայ «ներքին քաղաքական խորհրդակցութիւններ»` դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու և երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին արձանագրութիւնները ստորագրելուց առաջ: Ըստ այդ փաստաթղթերի` ներկայումս փակ հայ-թուրքական սահմանը պէտք է բացւի երկու երկրների խորհրդարանների կողմից համաձայնագիրը վաւերացնելուց երկու ամիս յետոյ:
Դաշնակցութեան Հայաստանի գերագոյն մարմինն այս յայտարարութիւնը, ինչպէս նաև ապրիլի 23-ին Անկարայի հետ երկկողմ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած «ճանապարհային քարտեզի» մասին յայտարարութիւնը որակում է որպէս ներկայիս իշխանութիւնների արած «չմտածւած քայլ»:
Դաշնակցութիւնը պնդում է, որ թէև երկուշաբթի հրապարակւած փաստաթղթում Ղարաբաղին ու Հայոց ցեղասպանութեանն ուղղակի յղումներ չկան, այն, եթէ չվերաձևակերպւի, կարող է ենթադրել փոխզիջումներ այդ երկու հարցերում էլ:
Դաշնակցութեան բարձրաստիճան ներկայացուցիչ Վահան Յովհաննիսեանը եկել է այն եզրակացութեան, որ Թուրքիային, ըստ էութեան, յաջողւել է «սառեցնել» Հայոց ցեղասպանութեան ճանաչման համաշխարհային գործընթացը` միաժամանակ բարձրացնելով իր միջազգային հեղինակութիւնը, Թուրքիան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի [ոչ մշտական] անդամ, ամրապնդել է կապերը Ռուսաստանի հետ և մեծացրել Եւրամիութեանն անդամակցելու իր հնարաւորութիւնները:
«Իսկ Հայաստանը միայն տուժել է. [ԱՄՆ նախագահ Բարաք] Օբաման յետ կանգնեց ցեղասպանութեան ճանաչման իր նախընտրական խոստումից, ԱՄՆ վերաքննիչ դատարանը վերջերս որոշում կայացրեց, որով ցեղասպանութեան զոհերի ժառանգները զրկւում են իրենց մահացած հարազատների կեանքի ապահովագրական փոխյատուցումները ստանալու իրաւունքից, Ռուսաստանը սկսել է Թուրքիան և Հայաստանը դիտարկել որպէս հաւասարաչափ բարեկամ երկրներ, խորանում է սփիւռքի օտարումը Հայաստանից, քանի որ նւազել է վստահութիւնը»,- ասաց նա:
Յովհաննիսեանը պատմաբանների յանձնաժողովի ստեղծումը յանուն ցեղասպանութեան ճանաչման սերունդների պայքարի աւարտն է համարում. «Սա նշանակում է դառնալ առաջին ժողովուրդը, ով բառ անգամ չասելով իր դահիճներին` ինքն իրեն դէն է նէտում պատմութեան աղբանոցը»:
Նալբանդեանը կոչ արեց վերջ տալու շահարկումներին, որ Թուրքիայի հետ արձանագրութիւնները վերահաստատում են Հայաստանի սահմանները, որոնք գծւել են բոլշևիկեան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. Կարսում ստորագրւած և Հայաստանում դաւաճանական համարւող պայմանագրով:
«Հրապարակւած փաստաթղթերում շատ պարզ ասւած է, որ կողմերը յարգում են միջազգային պայմանագրերով ամրագրւած միջազգային իրաւունքի նորմերը և սկզբունքները: Այնտեղ Կարսի պայմանագրի մասին որևէ յիշատակում չկայ, և, շատ ներողութիւն, եզի տակ հորթ փնտրել պէտք չէ»,- ասաց Նալբանդեանը:
Դաշնակցականները նաև դժգոհում են փաստաթղթի ձևակերպումներից, որոնցից հետևում է, որ վերջին 16 տարիների շրջափակումը Թուրքիան չի իրականացրել, և որ երկու երկրները ձգտում են բացել 1993-ին համատեղ որոշմամբ փակւած սահմանը:
ՀՅԴ մէկ այլ բարձրաստիճան անդամ` Արմէն Ռուստամեանը, կոչ արեց առաջիկայ 6 շաբաթների ընթացքում լուծել բոլոր այս հարցերը` միաժամանակ վերահաստատելով իր կուսակցութեան պահանջը Նալբանդեանի հրաժարականի վերաբերեալ` նշելով որ այդպէս նախագահ Սարգսեանը ցույց կը տայ, որ երկրի արտաքին քաղաքականութիւնը փոխւելու է:
Երկուշաբթի հրապարակւած հայ-թուրքական արձանագրութիւնների առաջ բերած թէժ քաղաքական բանավէճերում մեծապէս զգացւում է ՀՀ վերջին արտգործնախարար Վարդան Օսկանեանի կարծիքի պակասը, որն այժմ գլխաւորում է «Սիվիլիթաս» քաղաքական-վերլուծական կենտրոնը:
Օսկանեանի հետ կապւել չյաջողւեց, սակայն «Սիվիլիթասից» «ԱրմէնիաՆաուին» հաղորդեցին, որ հինգշաբթի իրենց կայքում կը զետեղւի այդ թեմային նւիրւած նիւթ:
0 Պատգամ:
Post a Comment