ԲԱՔՈՒՆ ՉԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ


Սեպտեմբեր 09, 2009

Բաքւում չեն կարող գոնէ մէկ օր անցկացնել առանց զաւեշտալի սկանդալների, որոնց հիմքում Հայաստանն ու հայերն են:
Մինչ ադրբեջանական յատուկ ծառայութիւնները հարցաքննութեան են կանչել «Եւրոտեսիլ-2009» երգի մրցոյթում Հայ մասնակիցների օգտին քւէարկած Ադրբեջանի քաղաքացիներին, Բաքւում նոր սկանդալ հասունացաւ, որն այս անգամ կապւած է «Եւրոտեսիլ» մրցոյթի թուրք ներկայացուցիչ Հադիսէի հետ:
Վերջինս յայտնւեց երգչուհիների այն ցուցակում, որոնք չեն կարող ելոյթ ունենալ Բաքւում։ Պատճառը Հայաստանի ու հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակեանների հանդէպ Հադիսէի կարծես թէ տածած համակրանքն է, որն անչափ վրդովեցրել է ադրբեջանցիներին:
Ադրբեջանում Հադիսէի համերգների կազմակերպիչ Նահիդ Էմիլօղլին յայտարարել է, որ թուրք երգչուհին խոստացել էր համերգ տալ Բաքւում, բայց իրենք հրաժարւել են կազմակերպել:
Հադիսէն ադրբեջանցիներին զայրացրել է, երբ Show Tvent-ին տւած հարցազրոյցում դրական է գնահատել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերեալ նախաձեռնութիւններն ու ցանկութիւն արտայայտել դառնալ «խաղաղութեան աղաւնի» հարեւան երկրների հաշտութեանն օգնելու նպատակով:
«Հայաստանը եւ Թուրքիան եղբայրական երկրներ են: Մեր սահմանը պէտք է բաց լինի: Խօսել եմ Ինգայի եւ Անուշի հետ, նրանք նոյնպէս ցանկանում են ելոյթ ունենալ Թուրքիայում: Նրանց ցանկութիւնը պէտք է իրականանայ, եւ թող խաղաղութեան նախաձեռնողը դառնայ երաժշտութիւնը: Եթէ Ինգան եւ Անուշը տան իրենց համաձայնութիւնը, ապա միասին հանդէս կը գանք հոկտեմբերի 14-ին կայանալիք համերգին», հարցազրոյցի ժամանակ նշել է Հադիսէն:
Հադիսէն չի թաքցրել, որ «Եւրոտեսիլի» համերգի ընթացքում նրա համակրանքը եղել է հայ երգչուհիների կողմը` յաւելելով, որ Ինգան եւ Անուշը մրցոյթի ամենագեղեցիկ աղջիկներն էին:
Ի դէպ, սա առաջին դէպքը չէ, երբ ադրբեջանցիները հակաթուրքական քայլեր են նախաձեռնում: «Ազգ» օրաթերթը ձմռանն անդրադարձել էր, որ Ադրբեջանում յատուկ օրեէնք է մշակւել, համաձայն որի արգելւում էր եթերում հեռարձակել թուրքական հաղորդումներ, հեռուստասերիալներ ու ֆիլմեր առանց թարգմանութեան:
Շեղւելով թեմայից նկատենք, որ վերջերս ադրբեջանական կայքէջերը հրապարակեցին այն արւեստագէտների անունները, որոնց արգելւում էր Բաքւում համերգներ կազմակերպել: Ցուցակում են երգչուհի Կատյա Լելը, Իրինա Ալեգրովան եւ ռուսական շոու-բիզնեսի այլ յայտնի դէմքեր: Իսկ պատճառն այն էր, որ վերոնշեալ երգչուհիները համերգային շրջագայութեամբ այցելել էին Արցախ` Հայաստանի սահմանով: Դիւրագրգիռ Բաքուն միանգամից յայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր Արցախ կը մեկնեն ոչ թէ Ադրբեջանի տարածքով, այլ` Հայաստանի, կը զրկւեն իրենց երկիր այցելելու հնարաւորությունից: Այս առումով չափազանց զաւեշտալի իրավիճակ է ստեղծւում Մաթիւ Բրայզային փոխարինողի համար: Վերջինս կարծես թէ ունի բոլոր հնարաւորութիւնները դառնալու ԱՄՆ-ի դեսպան Ադրբեջանում, մինչդեռ Արցախ այցելութիւնները կատարել է Հայաստանի տարածքով:


Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: