Խուսափողական պատասխաններ

Նալբանդեանը փորձում է պարզաբանել հայ-թրքական
արձանագրութիւնները

Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանը, մի մամլոյ ասուլիսի ընթացքին փորձեց պատասխանել հրապարակւած հայ-թրքական յարաբերութիւնների բնականոնացման առաջադրանքով պատրաստւած արձանագրութիւնների մէջ տեղ գտած այն հարցերը, որոնք բուռն հակազդեցութիւն են առաջացցել լայն հասարակութեան մօտ:

Ըստ նախարարի, Օգոստոս 31-ին կարեւոր մի հանգրւան է արձանագրւել հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհի վրայ, աւելցնելով, որ հակառակ բազմաթիւ խոչընդոտներ, նախորդած տարաբնոյթ յայտարարութիւնների, հնարաւոր է եղել գործընթացը մէկ քայլ առաջ տանել:

Այսօր այդ քայլը, ըստ նախարարի, արժանացել է աշխարհի միահամուռ հաւանութեան ու աջակցութեանը:
Հայ-թրքական սահմանի ճանաչումը վերահաստատել պահանջող ամրագրումների մասին (Կարսի պայմանագիրը յիշեցնող) եղած հարցումի, Նալբանդեան պատասխանել է՝ ասելով. «Փաստաթղթերում, որոնք հրապարակւած են, շատ պարզ ասւած է, որ կողմերը յարգում են միջազգային պայմանագրերով ամրագրւած միջազգային իրաւունքի նորմերն ու սկզբունքները։ Այնտեղ Կարսի պայմանագրի մասին որեւէ յիշատակում չկայ եւ, եզի տակ հորթը փնտռել պէտք չէ»։
Միւսը, բուռն քննադատութեան արժանացած խնդիրը վերաբերում էր պատմական հարցերով զբաղող յանձնաժողովի ստեղծմանը։ Որքանո՞վ հիմնաւոր են այն կասկածները, թէ՝ պատմաբանների ու փորձագէտների մասնակցութեամբ յանձնաժողովի քննարկումները պիտի վերաբերեն նաեւ Ցեղասպանութեան խնդրին:
«Ինչ վերաբերում է ենթայանձնաժողովին, ապա այստեղ յստակօրէն գրւած է, որ այս ենթայանձնաժողովը բախւելու է երկու ժողովուրդների միջեւ փոխ վստահութեան վերականգման հարցով՝ պատմական հարթութեան երկխօսութեան հիման վրայ, եւ այստեղ, եթէ դուք յատուկ գտնում էք այդ հարցը քննարկել, մենք այդպիսի հարց չենք դրել թուրքերի առաջ եւ երբեւէ էդ հարցը այդպէս չի դրւել, որ մենք պէտք է քննարկենք 1915 թուականի կամ Ցեղասպանութեան հարցը», յայտնել է Նալբանդեանը:
Արձանագրութիւնների հրապարակումը նշանակում է՞ արդեօք, որ Հայաստանը վստահ է, թէ Թուրքիան այսուհետեւ խնդիրը պիտի չկապէ Ղարաբաղի խնդրի հետ հարցումին, նախարարը պատասխանել է ասելով. «Ես վստահ եմ, որ մենք չենք կապում, վստահ եմ, որ եռանախագահող երկրները չեն կապում, վստահ եմ, որ ամբողջ աշխարհն այդպէս է ընկալում։

Եթէ անգամ Թուրքիան ուրիշ ձեւ է ընկալում, դա որեւէ նշանակութիւն չի ունենում, որովհետեւ դա միայն Թուրքիայի ինչ որ ընկալումներն են Ղարաբաղի հարցում»։


«ԱԶԱՏ ՕՐ»

0 Պատգամ: