Հայոց Պետականութեան Գաղափարական Հիմքը
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Գիշերաշրջիկ զոյգ արձանագրութիւնների քննարկմանը յատկացւած քառասունքից արդէն անցել է տասը օրը: Ակնյայտ է, որ «ներքին քննարկումները» չեն ստացւում: Բնական է, որ նման պայմաններում չպիտի ստացւէին: Նման պայմաններում ոչինչ չի ստացւում եւ ոչինչ էլ չի ստացւի:
Հանգամանքների բերումով ես Վլադիմիր Իլիչի նման այս քննարկումներին մասնակցում եմ «Նամակներ հեռւից» ձեւաչափով: Որոշ թերութիւններով հանդէրձ, սա իր առաւելութիւնն ունի. ես զերծ եմ մնում որեւէ կողմի ազդեցութիւնից եւ կարող եմ առաջնորդւել միայն իմ՝ տարիների որոնումների արդիւնքում ձեւաւորուած համոզմունքներով:
Երկարատեւ ուսումնասիրութիւնները եւ դիւանագիտական փորձն ինձ յանգեցրին հետեւեալ եզրակացութեան. Հայկական հարցի լուծումն է հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին: Բնական հարց կարող է առաջանալ. Իսկ ի՞նչ ասել է հայկական հարց եւ ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկայ փուլում:
Երկարատեւ ուսումնասիրութիւնները եւ դիւանագիտական փորձն ինձ յանգեցրին հետեւեալ եզրակացութեան. Հայկական հարցի լուծումն է հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին: Բնական հարց կարող է առաջանալ. Իսկ ի՞նչ ասել է հայկական հարց եւ ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկայ փուլում:
Սկզբնաւորւելով որպէս Օսմանեան կայսրութեան հպատակ հայերի անհատական եւ հաւաքական անվտանգութեան եւ արժանապատւութեան հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականութեան եւ այդ պետականութեան ոտնահարւած իրաւունքների վերահաստատման հարցի:
Ներկայ փուլում Հայկական հարցը միջազգային իրաւունքով արդի Հայաստանի Հանրապետութեանը յատկացւած կամ վերապահւած տարածքային, նիւթական եւ բարոյական իրաւունքների վերականգնումն է: Պէտք է քաջութիւն ունենալ նայելու դաժան ճշմարտութեանը եւ յստակ գիտակցել. մենք կանգնած ենք այլընտրանքի բացակայութեան առջեւ:
Հայաստանի Հանրապետութիւնը որպէս քաղաքական ինքնուրոյն եւ արժանապատիւ միաւոր կամ կարող է գոյութիւն ունենալ միայն իր անօտարելի եւ անժամանցելի իրաւունքերի հաստատումով կամ, ընդհանրապէս, չի կարող գոյութիւն ունենալ որպէս այդպիսին:
Հէնց այս տեսնակիւնից է, որ պէտք է վերլուծել ներկայ գործընթացները եւ դրանց ընկեցիկ երկւորեակները հանդիսացող զոյգ արձանագրութիւնները: Արդեօ՞ք նշեալ արձանագրութիւն-ների ստորագրումը նպաստում է հայոց պետականութեան կենսաապահվման գործօնների ուժեղացմանը եւ ազգային/պետական հզօրութեան աճին, թէ կարող է, հակառակ ակնկալիքին, կործանարար արդիւնք ունենալ:
Միանգամից ասեմ, որ իմ համոզմամբ արդիւնքը բացասական է լինելու: Առկայ արձանագրութիւններն ունեն դրոյթներ, որոնց ամրագրումն անգամ ապագայում անհնարին է դարձնում Հայկական հարցի որեւէ լուծումը: Պէտք չէ մոռանալ, որ եւ պայքարը յանուն Արցախի, եւ պայքարը յանուն Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, երբէք մեկուսի չեն եղել եւ Հայ հասարակութեան մեծագոյն մասի կողմից դիտարկւել են եւ դիտարկւում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպէս Հայկական հարցի լուծման բաղադրիչներ:
Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է Հայոց գոյութեան վերջին աւելի քան մէկ հարիւրամեակի մեծագոյն նպատակը: Չնայած այսօր երբեմն հնչող իրարամերժ տեսակէտների, այն շարունակում է մնալ Հայոց համազգային միակ նպատակը: Թուրքիայի նկատմամբ Հայոց իրաւունքներից հրաժարումը, որը նախանշւած է զոյգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում հայերին համախմբող միակ նպատակից, որը նշանակում է Հայաստանի Հանրապետութեան էական թուլացում եւ, ի վերջոյ, կործանում:
Հայոց երկնակամարի տակ այսօր առատօրէն հունձք անող քաղաքական շամաններին չնմանւելու համար, փորձեմ միտքս ներկայացնել գիտական լեզւով:
Քաղաքագիտութիւնը վաղուց է մշակել պետութեան հզօրութեան հաշւարկի բանաձեւը:
Ամերիկեան քաղաքագիտութեան մէջ այն յայտնի է Եաբլոնսկու (Jablonsky) բանաձեւ անւանունով.Pp = (C+E+M) x (S+W)Այս բանաձեւի մէջ. Pp ( Perceived power) հաշւարկւող հզօրութիւնն է; C (Critical mass: population + territory) որոշիչ զանգւածը. բնակչութիւնը + տարածքը; E (Economic capability) տնտեսական կարողութիւնը; M (Military capability) ռազմական կարողութիւնը; S (Strategic purpose) հեռագնայ (ստրատեգիական) նպատակը; W (Will to pursue national strategy) ազգային, հեռագնայ (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը: Բանաձեւից ակնյայտ է, որ պետութեան հզօրութիւնը նոյնքան պայմանաւորւած է հեռագնայ նպատակի առկայութեամբ եւ դրան հասնելու պետական նպատակամղւածութեամբ, որքան բնակչութեամբ, տարածքով, տնտեսական եւ ռազմական հզօրութեամբ:
Պետութեան հզօրութիւնը որոշակի ցուցանիշների սոսկական գումար չէ, այլ շօշափելի, նիւթական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի եւ նպատակամղւածութեան գումարային ցուցանիշով:
Անկախ տարածքի, բնակչութեան, տնտեսական եւ ռազմական հզօրութիւնից, եթէ պետութիւնը չունի նպատակ, հետեւաբար նրան հասնելու կամք, պետութեան հզօրութիւնը ոչինչ է, քանի որ ցանկացած թիւ բազմապատկած զրոյով՝ արդիւնքում զրոյ է: Այսօր Ղարաբաղի հարցը, մի շարք առարկայական եւ ոչ առարկայական պատճառներով, չի հանդիսանում համազգային նպատակ:
Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել տալու քաղաքական գործընթացն, ըստ էութեան, լինելով համազգային նպատակ, չի կարող լինել պետական նպատակ, քանի որ բացակայում է այդ նպատակի միջոցով որեւէ էական արդիւնքի հասնելու յստակ ճանապարհը:
Հետեւաբար, ոչ միայն Հայկական հարցի լուծումն է հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին, այլեւ Հայկական հարցը լուծելուն նպատակամղւած ինքնին գործընթացը, այսինքն նման նպատակի առկայութիւնն ու նրան հասնելու քաղաքական կամքը, հայոց պետականութեան հզօրութեան ամրապնդման անփոխարինելի գործօն է:
Մենք պիտի չառնենք քայլեր, որ կարող են թուլացնել հայոց պետականութիւնը եւ նրան զրկել գոյութեան նպատակից, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի սոսկ բնակավայր է:
Արա Պապեան՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար
11 Սեպտեմբերի 2009թ.
0 Պատգամ:
Post a Comment