Արձանագրութիւնները` ուշադրութեան կենտրոնում.
Սփիւռքը ուշի-ուշով հետևում է Հայաստան-Թուրքիա երկխօսութեանը



Հայ-թուրքական սահմանի բացման հնարաւորությունն առաջ է բերել սփիւռքահայ կազմակերպութիւնների հակասական արձագանքը




(Հայաստանի ընդդիմադիր ուժերը, և առաջին հերթին` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, նոյնպէս մտահոգութիւն են յայտնել, որ հայ-թուրքական մերձեցումն իր ներկայ ձևաչափով նախաբան է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ երկարատև հակամարտութիւնում Հայաստանի կողմից լուրջ զիջումների համար:)



Սիրանոյշ Գևորգեան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Սփիւռքում և Հայաստանում գործող տարբեր հայկական կազմակերպութիւններ իրենց կարծիքն ու վերաբերմունքն են արտայայտում վերջին շաբաթւայ ամենաթէժ թեմայի` հայ-թուրքական արձանագրութիւնների շուրջ: Դրանցից շատերը հանդէս են գալիս բաւական կոշտ դիրքորոշմամբ:

Երկուշաբթի Հայաստանը, Թուրքիան և Շւէյցարիան (որը հանդէս է գալիս որպէս միջնորդ) յայտարարեցին, որ սկսւում են «ներքին քաղաքական խորհրդակցութիւններ» երկու արձանագրութիւնների շուրջ, որոնք, վաւերացւելու դէպքում, դիւանագիտական յարաբերութիւնների հիմք կդնեն երկու ախոյեան երկրների միջև:
Ամերիկայի հայ դատի գրասենեակը (ԱՆԿԱ) սեպտեմբերի 1-ին հանդէս եկաւ բաւական կոշտ յայտարարութեամբ` զգուշացնելով ԱՄՆ Կոնգրէսի անդամներին վերջերս Թուրքիայի ու Հայաստանի միջև Շւէյցարիայի միջնորդութեամբ գաղտնի բանակցութիւնների արդիւնքում մշակւած արձանագրութիւնների «վտանգների» մասին:
«ԱՆԿԱ-ին առաջին հերթին մտահոգում է այն, որ Թուրքիայի կողմից շրջափակւած և ուժեղ տնտեսական ու դիւանագիտական ճնշման տակ գտնւող Հայաստանին յարկադրում են ընդունել պայմաններ, որոնք վտանգում են նրա շահերը, իրաւունքները, անվտանգութիւնն ու ապագան, մասնաւօրապէս` ի դէմս առաջարկւած «պատմաբանների յանձնաժողովի»,- գրում է կազմակերպութեան գործադիր տնօրէն Արամ Համփարեանը:
Նա նաև յաւելել է, որ «Անկարան վաղուց է կիրառում այս մարտավարութիւնը` Հայոց ցեղասպանութեան պատմական փաստի հանդէպ կասկածներ սերմանելու և մարդկութեան դէմ գործւած այս յանցագործութեան միջազգային ճանաչման յարաճուն ալիքի դէմն առնելու համար»:
(Հայաստանի ու Թուրքիայի միջև յարաբերութիւնների զարգացման արձանագրութեան իրագործման փաստաթղթի «Ձեռնարկւող քայլեր» բաժնով նախատեսւում է միջկառավարական յանձնաժողովի կազմում ստեղծել պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողով (երկու ժողովուրդների միջև փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացում, այդ թւում` պատմական փաստաթղթերի և արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման ու առաջարկների ձևակերպման համար)` հայ, թուրք, ինչպէս նաև շւէյցարացի և այլ միջազգային փորձագէտների մասնակցութեամբ:

Այս դրոյթը Հայաստանի ընդդդիմութեան և հիմնական ազգայնական ուժերի կողմից ընկալւում և դիտւում է որպէս համաձայնութիւն` քննարկման նիւթ դարձնելու Հայոց ցեղասպանութիւնը, այսինքն` կասկածի տակ դնել այն:)
Մէկ այլ խոշոր ամերիկահայ կազմակերպութիւն` Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), սեպտեմբերի 2-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում քաջալերիչ է համարում «Թուրքիայի կառավարութեան ջանքերը` ուղղւած հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն առանց նախապայմանների»: Սակայն նաև յիշեցնում է «Թուրքիայի կողմից բազմիցս դրժւած խոստումների մասին»:
«Ուստի շատերը թերահաւատ են, քանի որ Հայաստանի իշխանութիւնները նախկինում էլ են առաջարկել կարգաւորել յարաբերութիւններն առանց նախապայմանների, սակայն մերժում են ստացել»,- ասւած է յայտարարութեան մէջ:

ԱՀՀ-ը յիշեցնում է, որ հէնց համատեղ յայտարարութիւնը հրապարակելու օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդէս եկաւ «հակասական ուղերձով»` ոչ միայն ասելով, որ սահմանի բացումը «երկարատև գործընթաց է», այլև յայտարարելով, որ «Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը»: (Հայաստանի ընդդիմադիր ուժերը, և առաջին հերթին` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, նոյնպէս մտահոգութիւն են յայտնել, որ հայ-թուրքական մերձեցումն իր ներկայ ձևաչափով նախաբան է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ երկարատև հակամարտութիւնում Հայաստանի կողմից լուրջ զիջումների համար:)
Հինգշաբթի Հայաստանում արձանագրութիւնների վերաբերեալ իր վերլուծութիւնը հրապարակեց նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի հիմնած «Սիվիլիթաս» վերլուծական կենտրոնը: Վերլուծութիւնում յստակօրէն ասւում է, որ այս փաստաթուղթն իր ներկայ ձևակերպումներով չի բխում Հայաստանի ազգային շահերից:
Երևանում գտնւող «Սիվիլիթաս» հիմնադրամի կարծիքով` «սթափ գնահատականի դէպքում դժւար է չնկատել վտանգաւոր սցենարը, որում Թուրքիայի գործադիր իշխանութիւնն ի ցոյց դրեց աշխարհին Հայաստանի հետ յարաբերութիւնները բարելաւելու իր «բարի կամքը», բայց որպէս «կայացած ժողովրդավարութիւն» չի կարող իր կամքը պարտադրել խորհրդարանին:
Այսօր արդէն թուրք պատգամաւորների արձագանքներից ակնյայտ է դառնում, որ [Թուրքիայի] խորհրդարանում այս փաստաթղթի շուրջ աղմուկը մեծ է լինելու: Եւ Թուրքիայի գործադիր իշխանութիւնը հեշտութեամբ կարող է միջազգային հանրութեանը բացատրել, որ խորհրդարանում փաստաթղթի վաւերացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը գոնէ որոշ զիջումների գնայ Ղարաբաղի հարցում և դուրս գայ Ղարաբաղին յարող տարածքներից»,- ասւած է «Սիվիլիթասի» զեկոյցում:
Վերլուծութիւնում նշւում է, որ այս փաստաթղթով Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու և սահմանը բացելու դիմաց Հայաստանը տալիս է համաձայնութիւն, որ չունի տարածքային պահանջ Թուրքիայից, ինչպէս նաև ընդունում է Թուրքիայի առաջարկած պատմաբանների ներգրաւմամբ յանձնաժողովի ստեղծումը:
«Պէտք է փորձել օգտւել խորհրդարանի կողմից վաւերացման դրոյթից, և խորհրդարանի միջոցով ճշգրտումներ մտցնելու կամ այս փաստաթուղթն ընդհանրապէս մերժելու հնարաւորութիւն թողնել: Անշրջելի սխալ կը լինի, եթէ Հայաստանի խորհրդարանը, բացառապէս գործադիր իշխանութեան դէմքը փրկելու մղումով, արհամարհի փաստաթղթում առկայ բոլոր վտանգները», եզրափակում է «Միվիլիթասը»
Arnenia now.com\

0 Պատգամ: