Nabucco-ն կանցնի Հայաստանո՞վ


13:07 / 05.09.2009
Եւրամիութիւնը, որ մեծ աջակցութիւն է ցուցաբերել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնութեան հաստատման գործին, ցանկանում է ծրագրւող Nabucco գազատարի ուղին Վրաստանի փոխարէն անցկացնել Հայաստանով։

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հետ մէկտեղ սպասւում է նաեւ տարածաշրջանային էնէրգետիկ հաւասարակշռութիւնների փոփոխութիւն։ Յայտնի է դարձել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգաւորւող յարաբերութիւնները Հայաստանին կը ներգրաւեն Nabucco-ի ծրագրին։ Եւրամիութիւնը ցանկանում է Վրաստանի փոխարէն տեսնել Հայաստանին, որպէս տրանզիտ երկիր։
Թուրքիայի Էնէրգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան անանուն աղբիւրների համաձայն՝ Թուրքիա-Հայաստան մերձեցումը կը փոխի տարածաշրջանի էներգետիկ ծրագրերի ուղիները։
Ըստ Թուրքիայի Էներգետիկայի ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Եւրամիութիւնը երկար ժամանակ ցանկանում էր, որ Nabucco-ի նախագծին Հայաստանը եւս մասնակցէր։ Յատկապէս Ֆրանսիան ուժեղ ճնշում էր գործադրում Հայաստանին եւս նախագծում ընդգրկելու համար։ Եւրամիութիւնը չի ցանկանում Վրաստանի տարածքով Nabucco-ի գազատարն անկացնել, որպէսզի նոր ռիսկ չստեղծի։ Այդ պատճառով էնէրգետիկ նախագծերում Հայաստանը մի նոր այլընտրանք է դիտւում։ Կասպեան էներգակիրները Հայաստանի եւ Թուրքիայի միջով Եւրոպա կը տեղափոխւեն։ Այդպէս այլընտրանքային եւ աւելի անվտանգ երթուղի կը լինի։
Նշւում է, որ Nabucco նախագծում Հայաստանի մասնակցութիւնը նախկինում եւս եղել է օրակարգում, սակայն Հայոց ցեղասպանութեան քննարկումների պատճառով չի դրւել քննարկման։ Բանն այն է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանութեան Ֆրանսիայի կողմից ճանաչման պատճառով Ֆրանսիայի մասնակցութեանը Nabucco-ի ծրագրում վետօ է դրել, որից յետոյ Ֆրանսիայի փոխարէն ծրագրի մէջ է մտել Գերմանիան։
Ըստ պարբերականի՝ հայ-թուրքական հաշտութեանն են սպասում հետեւեալ ծրագրերը.
Լոնդոնը Պեկինին կապող երկաթուղին։ 2007 թւականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հիմքի գցման ժամանակ յայտարարեց, որ այդ նախագիծը կայունութեան եւ խաղաղութեան համար է կառուցւելու եւ բոլորը կարող են մասնակցել։ Այդ պատճառով դրան Հայաստանն էլ կարող է մասնակցել։
Սեւ ծովն օղակող ճանապարհը։ Սեւ ծովին հարեւան երկրներից 7 հազար կիլոմետր երկարութիւն ունեցող նախագծին կմասնակցեն հետեւեալ երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Սերբիա, Ալբանիա եւ Յունաստան։
Օդային հաղորդակցութիւն։ Սահմանները բացւելուց յետոյ կաւելանան առեւտրական եւ մշակութային յարաբերութիւնները, որի հետեւանքով ներկայումս գործող Երեւան-Ստամբուլ չւերթի յաճախականութիւնը պէտք է աւելացւի եւ նոր չւերթ եւս մտցւի՝ Անկարա-Երեւան։
Միւս ծրագրերն են TRACECA եւ INOGATE-ը։

0 Պատգամ: