Time.– «Եւրոպայի վերջին փակ սահմաններից մէկը կարող է վերջապէս բացւել»


04.09.2009
Արման Յովհաննիսեան
Եւրոպայի վերջին փակ սահմաններից մէկը կարող է վերջապէս վերաբացւել, - գրում է հեղինակաւոր Time պարբերականը ուրբաթ օրը հրապարակած «Թուրքիա - Հայաստան խաղաղ բանակցութիւններ. ջերմացո՞ւմ հարիւրամեայ թշնամութիւնից յետոյ» վերնագրւած յօդւածում:


«Թուրքիան եւ Հայաստանը անհաշտ թշնամիներ են եղել գրեթէ մէկ դար, նրանց միջեւ լարւածութիւնը սկիզբ է առնում օսմանեան Թուրքիայի բանակի կողմից հարիւր հազարաւոր հայերի 1915 թւականի կոտորածից: Թուրքիան միշտ հերքել է, թէ այդ կոտորածները ցեղասպանութիւն են», - գրում է յօդւածագիր Փելին Թուրգութը: - «Երկու երկրների միջեւ սահմանը կարճ ժամանակով բացւեց, երբ 1991 թւականին հետխորհրդային Ռուսաստանից անջատւեց անկախ Հայաստանը, սակայն երկու տարի անց Թուրքիան փակեց սահմանը` իր համերաշխութիւնը ցոյց տալով վիճելի անկլաւ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտութեան մէջ գտնւող Ադրբեջանին»:
«Այժմ Եւրոպայի վերջին փակ սահմաններից մէկը կարող է վերջապէս վերաբացւել: Սեպտեմբերի 1-ին Թուրքիան եւ Հայաստանը յայտարարեցին Շւէյցարիայի միջնորդութեամբ վեցշաբաթեայ բանակցութիւնների մասին` միտւած դիւանագիտական յարաբերութիւնների նորմալացմանը: Նպատակն այն է, որպէսզի երկու խորհրդարանները վաւերացնեն համաձայնութիւնը մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հանդիպումը երկու երկրների հաւաքականների միջեւ: Այդ դէպքում սահմանը կարող է բացւել մինչեւ տարէվերջ», - գրում է Time-ը:
«Նաւթի եւ գազի խողովակաշարերով պատւած Կովկասեան տարածաշրջանում անվտանգութեան ապահովումը դարձել է առաջնայնութիւն ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Միացեալ Նահանգների համար», - նշում է յօդւածագիրը: - «Օբամայի վարչակազմը ազդարարել է, որ թուրք - հայկական կապերի վերականգնումը իր արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից է»:
«Սակայն պատմութիւնը հզօր խափանարար է աշխարհի այս մասում, եւ նախկինում բանակցութիւնները փլուզւել են դրա ծանրութեան տակ: Կոշտ գծի կողմնակիցները երկու երկրներում արդէն ցասումով դատապարտում են նոր խաղաղ ծրագիրը», - նկատում է յօդւածագիրը:
Այդուհանդերձ, Բրիւսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հիւ Փոփը համոզմունք է յայտնել, որ «Թուրքիան եւ Հայաստանը խիզախ քայլ են ձեռնարկել, եւ երկուսն էլ կը շահեն, եթէ այն յաջողութեամբ պսակւի»:
Վերլուծաբանի կարծիքով, սահմանի բացումը կը նպաստի նաեւ տարածաշրջանում «ծանրքաշային» դառնալու` Թուրքիայի ձգտումների իրականացմանը:
«Յաջողութեան դէպքում այդ բանակցութիւնները կարող են Թուրքիային վերադարձնել նրա վերջերս խամրած հեղինակութիւնը որպէս ներքին բարեփոխիչ, որպէս տարածաշրջանային խաղաղարար եւ որպէս երկիր, որը լրջօրէն առաջ է ընթանում Եւրամիութեանը իր անդամակցութեան գործընթացում», - ընդգծել է Փոփը:
Շրջափակւած Հայաստանի համար, նշում է յօդւածագիրը, բաց սահմանը կնշանակի հսկայական տնտեսական օգուտներ:
Կարսի առեւտրի պալատի նախագահ Ալի Գոյէնսոյը, իր հերթին, կարծիք է յայտնել, որ սահմանի բացման դէպքում շրջանի տնտեսութիւնը կարող է աճել 20 տոկոսով, ինչի կարիքը այնքան զգում է աղքատ շրջանը:
«Անցեալը անցեալ է: Մենք պէտք է նայենք դէպի ապագայ», - ասել է Գոյենսոյը:
«Առեւտրի, մարդկային շփումների եւ երկխօսութեան սկսւելուն պէս կը հեշտանայ աւելի բարդ թեմաների շուրջ ընդհանուր եզրեր գտնելը», - համոզմունք է յայտնել Ստամբուլում գործող TESEV հետազօտական կենտրոնի վերլուծաբան Այբարս Գորգուլուն:
«Ժամանակ, գուցէ տարիներ կը պահանջւեն, որպէսզի Թուրքիան եւ Հայաստանը յաղթահարեն տասնամեակների փոխադարձ անվստահութիւնը: Սակայն հնարաւոր է, որ նոր խաղաղ բանակցութիւնների յայտարարման հետ մէկտեղ մեկնարկած լինի այդքան ուշացած ջերմացման գործընթացը», - ամփոփում է իր յօդւածը Փելին Թուրգութը:


«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

*Լուսանկարի բացատրութիւն.–Հայաստան - Երկաթգիծը հայ - թուրքական փակ սահմանի մօտ։

0 Պատգամ: