Թուրքական Aksam Թերթի Լրագրողուհին Հրապարակել է ԼՂՀ Վարչապետի Հետ Իր Հարցազրոյցը

«Մեզ համար Հայաստան-Թուրքիա հաշտեցումը եւ Ղարաբաղի խնդիրը տարբեր բաներ են: Եթէ Թուրքիան Ղարաբաղը տեսնում է, որպէս պայման սահմանը բացելու համար, նշանակում է, որ սահմանը չի բացւելու»:

«Երբ կը նստենք սեղանի շուրջ, այն ժամանակ կխօսենք փոխադարձ տալիք-առնելիքների մասին: Մենք պարզապէս, մեր ժողովրդի ճանաչման համար ենք պայքարում»:

«Ոչ, նոյնիսկ չենք էլ մտածում Լաչինի միջանցքի եւ միւս շրջանների վերադարձի մասին»։


11:26 / 25.11.2009
Թուրքական Aksam թերթի լրագրող Նագեհան Ալչըն, ով մօտ 10 օր առաջ այցելել էր Ղարաբաղ, հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանի հետ իր արած հարցազրոյցը:

**Չճանաչւած մի հանրապետութիւն էք: Ինչո՞ւ էք պայքարում անկախութեան` այլ ոչ թէ Հայաստանին միանալու համար:
***1988 թւականին անկախութեան շարժման ժամանակ` «Միացում Հայաստանին» կարգախօսով մարդիկ փողոց դուրս եկան: Սակայն ԽՍՀՄ փլուզումից յետոյ, այդ ժամանակաշրջանի օրէնքների համաձայն` Ղարաբաղը ինքնավար շրջան լինելով հանդէրձ, ինքնորոշւելու իրաւունք ունէր: Այդ պատճառով անկախանալու նպատակ դրեցինք: Այդպէս ԽՍՀՄ օրէնքը չենք խախտել:
**Այս շրջանում, որ միանաք Հայաստանին, շատ կարեւոր ուժ ձեռք չէ՞ք բերի:
***Դա շատ կարեւոր հարց չէ: Մենք Հայաստանի հետ ունենք համագործակցութիւն` կրթութեան, պաշտպանութեան, տնտեսութեան ոլորտներում: Հայաստանը մեր անվտանգութեան երաշխաւորն է: Այդ պատճառով, միացումը` պարզապէս տեխնիկական խնդիր է:
**Չնայած, որ այսքան մօտ էք, ինչո՞ւ Հայաստանը ձեզ պաշտօնապէս չի ճանաչում:
***Դա քաղաքական խնդիր է: Հայաստանը չի ցանկանում միակողմանի ճանաչում: Նախ, ցանկանում է, որ միջազգային հանրութիւնը ճանաչի: Մտածում է, որ հակառակ դէպքում` գործընթացին վնաս կը հասցւի:
**Հայաստանի համար թանկ ապրանք էք հանդիսանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառը` դուք էք: Չճանաչւելու դէպքում` սանկցիաների աւելացման վախ չկայ՞։ Չէ՞ք զգում, որ ձեր մեծ եղբօրը փակուղու մէջ էք դրել:
***Ոչ, հայրենիքը արժէքով չեն չափում: Ինչ շրջափակում էլ ուզում է լինի եւ թէկուզ 100 տարի տեւի` հայրենիքը տնտեսական շահի համար չի վաճառւելու:
**Ասում էք Հայաստանը Ղարաբաղը դիտում է որպէս հայրենիք՞։
***Անշուշտ: Հայրենիք ասելով` հասկանում ենք երկու պետութիւն եւ մէկ հայրենիք:
**Խօսում են, որ հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնները, կեանքի չեն կոչւի, եթէ Ղարաբաղի հարցը չլուծւի: Լուծում ասելով, հասկանում են, որ առաջին փուլում Ղարաբաղի յարակից շրջաններից պէտք է դուրս գաք: Դրան պատրաստ էք՞։
***Մեզ համար Հայաստան-Թուրքիա հաշտեցումը եւ Ղարաբաղի խնդիրը տարբեր բաներ են: Եթէ Թուրքիան Ղարաբաղը տեսնում է, որպէս պայման սահմանը բացելու համար, նշանակում է, որ սահմանը չի բացւելու: Ղարաբաղի ժողովուրդը առանց իր ինքնորոշման իրաւունքը ճանաչելու` որեւէ զիջման չի գնալու:
**Ձեր ասած զիջումները որո՞նք են:
***Երբ կը նստենք սեղանի շուրջ, այն ժամանակ կխօսենք փոխադարձ տալիք-առնելիքների մասին: Մենք պարզապէս, մեր ժողովրդի ճանաչման համար ենք պայքարում:
**Այսինքն, Լաչինի միջանցքի եւ միւս շրջանների վերադարձի հարցը չէ՞ք քննարկում։
***Ոչ, նոյնիսկ չենք էլ մտածում: Մինչ բանակցող կողմ լինելը` մեր դիրքորոշումը չենք փոխելու:
**Այս կոշտ դիրքորոշումը` ձեզ վնաս չի՞ տալիս։ Լեռների արանքում պատսպարւել էք: Սահմանների բացումը կը նշանակի, որ ձեր կեանքի զարկերակը կսկսի բացւել:
***Ինչպէս արդէն նշեցի` հայրենիքը արժէքով չեն չափում: Հնարաւոր է, որ այսօր մեր կեանքի պայմանները ամենալաւը չեն, սակայն ընդունելի պայմաններ են: Թուրք պաշտօնեաները թող տեսնեն, որ այստեղ ինքնասիրութիւն կայ: Մենք երբէք զաւթիչ չենք եղել:
**Բայց ամբողջ աշխարհը ձեզ այդպիսին է տեսնում: Քարտէզի վրայ` դուք ադրբեջանական հողերում էք:
***Ձեզ հետ համամիտ չեմ: Մենք պայքարը սկսեցինք, ոչ թէ հողի պահանջի, այլ ինքնորոշման համար: Սակայն, ցաւօք սրտի, պատերազմը իր օրէնքներն է թելադրում:
**Ադրբեջանցիները ասում են, որ առաջինը դուք էք կրակել:
***Ադրբեջանը սկսելով իր հողերից հայերի մաքրումը` Նախիջեւանից մեզ լրիւ վերացրեցին: Սումգայիթում եւ Բաքւում էլ մեծ կոտորածներ եղան:
**Չէ՞ք ժխտում, որ Խոջալուի իրադարձութիւնների ժամանակ` 1300 ադրբեջանցի է զոհւել:
***Խոջալուի դէպքերը տեղի են ունեցել 1992 թւականին` պատերազմական իրավիճակում: Քաղաքացիական զոհեր եղել են, սակայն քաղաքացիական անձանց համար միջանցք բացել էինք: Ադրբեջանցիները Խոջալուն այլ կերպ են պատմում: Մեզ պաշտպանելու համար` ստիպւած էինք վերցնել Խոջալուն:
**Պատերազմական իրավիճակի մասին մի տեսակ զղջումով էք խօսում: 1915 թւականի իրադարձութիւնները պատերազմական իրավիճակում էին:
***Մենք խօսում ենք 1915 թւականի մասին, որպէս պետական քաղաքականութիւն: Իսկ այստեղ` պատերազմի ընթացքում պարզապէս զոհեր են եղել: Դա չի եղել սիստեմատիկ քաղաքականութիւն:
**1915 թւականը հիմնականում Սփիւռքի հայերի գոյութեան կարեւոր մի մասն է կազմում: Մենք այստեղ չզգացինք նման բան:
***1915-ի ուղղակի վերապրածները` սփիւռքահայերն են: Մենք նրանց ցաւը կիսում ենք, սակայն այդ օրերի վկան չենք եղել: 1915-ի շարունակութիւնը` եղաւ 1992-ին: Ադրբեջանցիներն էլ ցանկացան հայերին այստեղից ամբողջովին մաքրէին:
**Ի՞նչն է այս հողերը այդքան արժէքաւոր դարձնում:
***Պարզապէս հայրենիք լինելը: Ամբողջ ցեղս այստեղ է: Պապերիս գերեզմանները կարող եմ ցոյց տալ: Ուզում եմ, որ իմ որդին էլ այստեղ` իմ գերեզմանի վերեւում աղօթի: Խնդիրը ադրբեջանցիներինն է: Եթէ ինձ մի քանի սերունդ առաջ մահացած ադրբեջանցու գերեզման ցոյց տաք` իմ պնդումներից կը հրաժարւեմ:
**Այս իրավիճակը փոխելու համար ի՞նչ էք անում: Օրինակ, տարիներ ի վեր այս խնդրով աշխատող Մինսկի խմբից ձեզ օգուտ կայ՞։
***Մինսկի խմբի հետ պարբերաբար հանդիպում ենք: Նոյն բաները նրանց ենք ասում:
1988-ից այս կողմ, բոլոր ջանքերը անարդիւնք են եղել, որովհետեւ մեզ գործընթացում չեն ներառել: Ինչքան էլ, որ Հայաստանի հետ համագործակցում ենք` այնքան էլ ճիշտ չէ, որ Հայաստանը մեր փոխարէն որոշում կայացնի: Այդ պատճառով Լեւոն Տէր Պետրոսեանը` 1998 թւականին հրաժարական տւեց:
**Չէ՞ք կասկածում, որ Սերժ Սարգսեանը, առանց ձեր հաւանութեան, այս խնդրում խոստումներ տայ:
***Ոչ, առանց մեր հաւանութեան Ղարաբաղի խնդրում որեւէ զիջման խօսք չի կարող տրւել:

NEWS.am-ը յիշեցնում է, որ Նագեհան Ալչըն Ստեփանակերտ այցելութեան ժամանակ՝ հարցազրոյց էր տւել Արցախի պետական հեռուստաընկերութեանը, որի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղը հայկական հող է։
Այնուհետ ադրբեջանական մամուլը մեծ աղմուկ էր բարձրացրել եւ անցանակալի անձ յայտարարել թուրք լրագրողուհուն: Այնուհետ Ալչըն սկսեց հերքել, որ ինքը ասել է, թէ Ղարաբաղը 100 տոկոսով հայկական հող է:
Նա նշեց, որ ինքը պարզապէս ասել է, թէ իր տեսնելով բոլորը Ղարաբաղում հայեր են եւ կառավարութիւնն էլ հայկական է:


Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ: