ԼՈՒԱՐԱՆ ԴԱՌՆՈՒՄ ԷՐ «ԵՒՐԱՏԵՍԻԼ»-Ի ՅԱՂԹՈՂ


Կիեւում, «Մանկական Եւրատեսիլ-2009» երգի մրցոյթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը Ռուսաստանի ներկայացուցչի հետ հաւաքելով նոյնքան` 116 միաւոր, յայտնւեց յաղթողի կողքին:
Երրորդ համարի տակ հանդէս եկող 12-ամեայ Լուարա Հայրապետեանը Հայաստանը ներկայացրեց իր «Բարսելոնա» երգով:
Նրա օգտին ամէնից շատ քւէարկել էին Ռուսաստանի, Վրաստանի եւ Կիպրոսի հեռուստադիտողները` տալով առաւելագոյն միաւորը` 12:
Ամենաքիչ միաւորը Մակեդոնիան տւեց` ընդամէնը մէկ: Սա եղաւ վճռորոշ, քանի որ հակառակ պարագայում Լուարան կլինէր առաջինը: Մրցոյթին մասնակցող 13 երկրների պատանի մասնակիցներից լաւագոյնը ճանաչւեց Նիդեռլանդները ներկայացնող երգիչը` 121 միաւորով, ինչը նշանակում է յաջորդ մանկական «Եւրատեսիլ»-ն անց է կացւելու այդ երկրում:
Մրցոյթին մասնակցում էին Շւէդիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Կիպրոսի, Մալթայի, Բելգիայի, Մակեդոնիայի, Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչները:Ի դէպ, չնայած մի քանի օր է լուրեր էին պտտւում, թէ Լուարան հիւանդացել է, սակայն նա բաւականին լաւ կատարեց իր երգը:
Այս մրցոյթում կար նաեւ մէկ այլ հայ մասնակից` Անդրանիկ Ալէքսանեանը, որը ներկայացնում էր Ուկրաինան: Հէնց նրա երգն էլ ամէնից շատ հաւանել էին հայաստանցի հեռուստադիտողները: Անդրանիկը մրցոյթում հինգերորդն էր:

0 Պատգամ: