ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԺ–ի ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ


ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է յտարարութիւն Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում նկատւող վերջին զարգացումների կապակցութեամբ: Ստորև յայտարարութեան ամբողջական տեքստը.


Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում նկատւող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացայայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանութիւնները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդութեամբ շարունակւող քննարկումներից իրենց դժգոհութեան մասին, այնինչ, իրական քաղաքականութեան մէջ այդ երկիրը անթաքոյց կերպով ժամանակ է ձգում՝ հետագայում Արցախի դէմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը յօգուտ իրեն փոխելու նպատակով:
Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների հրապարակային արտայայտութիւնները որակում է որպէս անյուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը յղի է խաղաղ կարգաւորման հանդէպ ղարաբաղեան կողմի վստահութեան կորստի հեռանկարով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնները միջազգային կազմակերպութիւններին եւ հիմնախնդրի կարգաւորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի իշխանութիւնների ռազմատենչ արտաքին քաղաքականութեան մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպությիւններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտաւորութիւններին:
Այս ամէնն ուղեկցւում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում իբր թէ նկատւող լարւածութեան մասին հետեւողական քարոզչութեամբ, ինչը խօսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունութիւնը խախտելու' պաշտօնական Բաքւի մտադրութիւնների մասին:
ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրութիւնն է հրաւիրում վերոնշեալ միտումների վտանգաւորութեան վրայ:
Ադրբեջանի կողմից ղարաբաղեան հիմնախնդրի եւ բանակցութիւնների էութիւնը նենգափոխելու յամառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրութեան կողմից Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութեան ու անվտանգութեան հաստատման նպատակով գործադրւող բոլոր ջանքերի արդիւնաւէտութիւնը:
Ելնելով վերոնշեալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովը, հաշւի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժէք նախաձեռնութիւններով հանդէս գալու իրաւունքը: Ազգային Ժողովը ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեանը առաջարկում է սոյն Յայտարարութեան մասին իրազէկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ առաջիկայում Աթէնքում կայանալիք նիստին:


Ընդունւել է ԼՂՀ Ազգային ժողովի 2009թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում

0 Պատգամ: