Tuesday, November 24, 2009

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅ ՊԱՏԱՍԽԱՆ

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅ ՊԱՏԱՍԽԱՆ


Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ մասնակցում է փախստականների համար կառուցւած շէնքերի կամ աւանների կամ «գորոդոկների» բացմանը և յուզական ելոյթներ ունենում այդ փախստականների առջև, կարելի էր համարել լրիւ նորմալ:
Կարելի էր լրիւ նորմալ համարել այն, որ Ալիևն ասում է, թէ իրենց տնտեսութիւնը այնքան է հզօրացել, որ իրենք կարող են բարձրից խօսել մեզ` հայերիս հետ, ում տնտեսութիւնը «կաթւածահար վիճակում է»: Կարելի էր նորմալ համարել, երբ նա ասում է, որ իրենք ահռելի գումարներ են ծախսում բանակի հզօրացման վրայ, որովհետև «լրիւ իրաւունք ունեն ռազմական ճանապարհով ազատագրել իրենց հողերը»:
Կարելի էր նորմալ համարել, որ նա խօսում է հինգ շրջանների «ազատագրման» մասին, ապա դրանց աւելացնում է Քելբաջարն ու Լաչինը, և անգամ կարելի էր նորմալ համարել , երբ նա ասում է, որ իրենք պէտք է հասնեն նրան, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի: Եւ նոյնիսկ կարելի էր նորմալ համարել, երբ նա յայտարարում է, որ «Զանգեզուրն ու Իրևանը ադրբեջանական են», բայց իրենք մեծահոգաբար թողնում են դրանք հայերին:
Ինչո՞ւ կարելի է այս ամէնը նորմալ համարել: Իլհամ Ալիևը ոչ միայն պարտւած պետութեան նախագահ է, այլև այդ պարտւած պետութիւնը ժառանգել է հօրից` Հէյդար Ալիևից, ում օրոք էլ հէնց պարտւել է Ադրբեջանը: Եթէ նա ժառանգած լինէր պետութիւնը Էլչիբէյից կամ մէկ այլ բէյից, նրա համար, իհարկէ, աւելի հեշտ կլիներ շատ առումներով: Բայց հիմա նա խնդիր ունի սրբագրելու նաև հօր սխալները, թէկուզ խօսքերով, թէկուզ յուզական, փուչ յայտարարութիւններով:
Նա, անշուշտ, շատ լաւ հասկանում է, որ ինքը սուտ է ասում, որ երբևէ ոչ մի ադրբեջանցի չի ապրելու Շուշիում ու Լաչինում, համոզւած չէ, որ ադրբեջանցիները երբևէ կը վերադառնան Քելբաջար, բայց չի կարող ադրբեջանցիներին, մանաւանդ ա՛յն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին հէնց այդտեղ են ապրել, խոստովանել ճշմարտութիւնը: Եւ նա այնքան որ խօսում է:
Հիմա այն մասին, թէ երբ կարելի էր այս ամէնը նորմալ համարել:Եթէ մեր կողմից հնչեր համապատասխան արձագանք: Բայց ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք, որ Ղարաբաղը երբէք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ընդամէնը: Իսկ մնացածը՞: Չէ՞ որ միայն մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք: Իսկ աշխա՞րհը, կամ, այսպէս ասած` համաշխարհային հանրութիւնը:
Աշխարհը լսում է Ադրբեջանի և Ալիևի ձայնը, լսում է, որ նրանք այնքան են հզօրացել, որ կարող են ռազմական ճանապարհով լուծել հարցը, որ պատրաստւում են փախստականներին վերադարձնել իրենց նախկին բնակավայրերը, այդ թւում՝ Շուշի, և մեծահոգաբար հայերին են բախշում Զանգեզուրն ու «Իրևանը»: Եւ ի՞նչ հետևութիւններ է անում աշխարհը:
Ինչո՞ւ մե՛նք չենք խօսում: Ինչո՞ւ մենք Բաքւից, Սումգայիթից ու Կիրովաբադից բռնագաղթւած մեր հայրենակիցների համար շէնքեր ու աւաններ չենք կառուցում, որ բացման ժամանակ մեր նախագահը նրանց և աշխարհին ասի ճշմարտութիւնը:Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները կարելի էր նորմալ համարել, եթէ մենք կարողանայինք յաղթողի մեր ճշմարտութիւնը հակադրել պարտւածի նրանց ստին:




ՄԱՅԻՍ

0 Պատգամ: