EL MUNDO.– ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղի ապագան մեծ նշանակութիւն ունի Թուրքիայի համար եւ ԵՄ համար: Այդ մասին գրում է իսպանական EL Mundo թերթը:
Թերթի թղթակցի կարծիքով, ԵՄ-ը մրցում է Ռուսաստանի հետ Կասպից ծովի նաւթի եւ գազի պաշարների համար, իսկ Ադրբեջանը փորձում է գտնել ղարաբաղեան հարցի լուծման ուղին: «Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ բացատրւում է այն բանով, որ ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը ոչ էլ ԱՄՆ-ն բաւականաչափ բան չեն արել Ղարաբաղի համար», - մէջբերում է EL Mundo-ն թուրք փորձագէտ Գիւներ Օզկանի կարծիքը:
Յօդւածում բերւում են նաեւ Հայաստանի նախագահի մամլոյ քարտուղարի խօսքերը այն մասին, որ եթէ Ադրբեջանը սկսի ռազմական գործողութիւններ, ապա ոչինչ չի խանգարի Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը:
«Յայտարարութիւնը հնչել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից յետոյ, որից առաջ Իլհամ Ալիէւը յայտարարել էր, որ «եթէ բանակցութեան յոյսերը սպառւեն» Ադրբեջանը իրեն իրաւունք է վերագրում «ազատել երկիրը պատերազմի միջոցով»:
Երկու տարի առաջ ԵԱՀԿ-ն սահմանել է այսպէս կոչւած «մադրիդեան սկզբունքները», համաձայն որոնց Հայաստանին առաջարկւում է դուրս բերել զօրքերը Ղարաբաղի սահմանամերձ տարածքներից, փոխարէն անկլաւի անկախութեան ճանաչմանը: Սակայն ոչ Բաքուն, ոչ էլ Երեւանը չեն ճանաչում այդ փաստաթուղթը, ունենալով տարաձայնութիւններ կապւած փախստականների վերադառնալու եւ Լաչինի անկախութեան հարցերում:
0 Պատգամ:
Post a Comment