ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱԼԻԷՒԻՆ` ՀՐԱԺԱՐՒԵԼ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐՈՒԹԻՒՆԻՑ
Երեւան (Երկիր) - Նոյեմբերի 22-ի ուշ երեկոեան Միւնխէնում աւարտւել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւի հերթական հանդիպումը: Նախագահների առանձնազոյցից յետոյ բանակցութիւնները շարունակւել են երկու երկրների արտգործնախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցութեամբ:
Բանակցութիւնների նախօրէին Ադրբեջանի նախագահը հանդէս էր եկել արտառոց յայտարարութեամբ. «Այդ հանդիպումը պէտք է վճռորոշ դերակատարութիւն ունենայ բանակցութիւնների գործընթացում: Եթէ հանդիպումն աւարտւի անարդիւնք, բանակցութիւնների հետ կապւած մեր յոյսերը կսպառւեն, եւ մենք այլ տարբերակ չենք ունենայ, քան պատրաստւել պատերազմի»:
Հանդիպումից յետոյ համանախագահները կոչ են արել Ադրբեջանի նախագահին հրաժարւել ռազմատենչ հռետորութիւնից: Մասնաւորապէս` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիէն յայտարարել է, որ ո'չ Փարիզում, ո'չ Մոսկւայում, ո'չ էլ Վաշինգտոնում Ղարաբաղեան խնդրի խաղաղ կարգաւորման այլընտրանք չեն տեսնում եւ համոզւած են, որ պատերազմը չի կարող լուծում ապահովել:
Իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն տպաւորւած է, թէ «ինչ հզօր կամք է դրսեւորւել հակամարտութեան կարգաւորման ուղիներ փնտրելիս»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ` նշելով, որ քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում: «Որոշ ոլորտներում առաջընթաց է գրանցւել: Միաժամանակ որոշ հարցեր դեռեւս բաց են մնացել»,- ասւում է յայտարարութեան մէջ: Ընդգծւել է, որ առաջին անգամ քննարկւել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չի եղել:

0 Պատգամ: