«ԵԹԷ ԿՈՏՈՐԱԾ ԷՐ «ԴԵՐՍԻՄԻ ՄԻՋԱԴԷՊԸ», ԱՊԱ Ի՞ՆՉ ԲՆՈՒԹԱԳԻՐ ԵՆՔ ՏԱԼՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ»
Ինչպէս նշել էինք նախորդ համարում, Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մէջլիսի նոյեմբերի 10-ի նիստում «Քրդական նախաձեռնութեան» նախնական քննարկման ժամանակ Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան նախագահ Օնուր Օյմէնը արձագանքել էր նախաձեռնութիւնը «երկրում մայրերի արցունքը զսպելու» անհրաժեշտութեամբ պայմանաւորող վարչապետ Էրդողանին եւ յայտարարել. «Մի՞թէ մայրերը չեն արտասւել, երբ Աթաթուրքը ճնշում էր Դերսիմի ապստամբութիւնը»:
Պատասխան ելոյթում վարչապետ Էրդողանը նախ քննադատել էր Օյմէնին, ապա Մէջլիսի այդ նոյն ամբիոնից «Դերսիմի կոտորած» էր անւանել 1938-ին բռնկւած այս ապստամբութիւնը: Նոյեմբերի 20-ին «Հիւրիէթի» գլխաւոր խմբագիր Էրթուղլուլ Օզքյոքն էլ վարչապետին է քննադատում, թէ ինչու իբրեւ կոտորած է որակում Դերսիմի ապստամբութիւնը: Եթէ խօսքը վերաբերեր սոսկ Օզքյոքի՝ վարչապետին հասցէագրած քննադատութեանը, ապա կարիք չէր զգացւի անդրադառնալու նրա յօդւածին: Սակայն Օզքյոքը վարչապետ Էրդողանին քննադատելիս անում է նաեւ ուշագրաւ հարցադրում եւ անցկացնում համեմատութիւններ:
Նկատի առնելով Հայոց ցեղասպանութիւնը, Օզքյոքը հարցնում է. «Եթէ Դերսիմի ապստամբութիւնը կոտորած է, ապա միւսն ի՞նչ է»: Դրան հետեւում են այլ հարցադրումներ «Դերսիմի միջադէպի» ընթացքում սպանւած զազաների մասին: Ոչ պակաս հետաքրքրական են Օզքյոքի միւս հարցադրումներն ու առաւել եւս դրանցից բխող հետեւութիւնը:
Դրանում կարելի է համոզւել՝ կարդալով Օզքյոքի հետեւեալ տողերը. «Առ այսօր պատասխան չեմ ստացել, թէ «Դերսիմի միջադէպի» ընթացքում կեանքից քանի մարդ է զրկւել: Զոհւածների մասին տւեալները տատանւում են 7 հազարից մինչեւ 90 հազարը: Երկրորդ հարց. «Եթէ մենք 7 հազար կամ 90 հազար մարդու սպանութիւնն, ամենապատասխանատու գործչի բնութագրմամբ, «կոտորած» ենք անւանում, ապա ինչպէ՞ս ենք վարւելու «Հայկական հարցի» պարագայում»:
Հայկական թեզերի համաձայն, 1915-ի իրադարձութիւններում սպանւածների թիւը մէկուկէս միլիոն է: Դէ լաւ, մենք ասենք՝ 600 հազար: Քանի՞ անգամ է գերազանցում «Դերսիմը»: Եթէ ընդունենք, որ այստեղ սպանւել է 7 հազար մարդ՝ 200 անգամ, եթէ 90 հազար՝ ապա այդ դէպքում կստացւի 17 անգամ:
Յիրաւի, եթէ «Դերսիմը» կոտորած է, ապա ի՞նչ է «Հայկական» հարցը, «մե՞ծ կոտորած», «կոտորածի խոշո՞ր տարբերակ», «բի՞րտ կոտորած», «ահե՞ղ կոտորած», թէ՞ «կոտորածի հրէշաւոր տարբերակ»:
«Դերսիմի» շուրջը Մէջլիսում սկզբնաւորւած բանավէճերը պատմութեան պաշտօնական թեզերից հրաժարւելու իմաստ ունեն: Շատ բարի, սակայն, երկրի ներսում պատմութիւնը «ոչ պաշտօնական» արտայայտութիւններով բնութագրելու դէպքում ինչպէ՞ս ենք կարողանալու «պաշտօնական» թեզը պաշտպանել դրսում»:

Հ. ՉԱՔՐԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ: