H1N1. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՒԱԾՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 15-Ի
ՀՀ առողջապահութեան նախարարութեան տւեալներով` Հայաստանում խոզի գրիպով վարակւածների թիւը հասել է 15-ի, սակայն, սա դեռ չի նշանակում, թէ երկրում համաճարակ է, ու չպէտք է խուճապի մատնւել:
Ինչպէս «ԱրմենիաՆաուին» տեղեկացրել է առողջապահութեան նախարարի օգնական Շուշան Յունանեանը` ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիւանդանոցում բուժում է ստանում 8 հիւանդ: «Ամէնայն հաւանականութեամբ, այսօր էլ դուրս գրւողներ կը լինեն:
Բժիշկները հիւանդներից ոմանց վիճակը նորմալ են գնահատում, նրանց պարզապէս պահում են հիւանդանոցում վարակի հնարաւոր տարածումը կանխելու համար: Միւս եօթ հիւանդներն աւելի վաղ են դուրս գրւել»,- ասել է Յունանեանը: Ըստ Յունանեանի` 15 հիւանդների մօտ խոզի գրիպ է ախտորոշւել լաբորատոր հետազոտութեան միջոցով:
Սակայն 15 հիւանդների տւեալները ուղարկւել են նաև Լոնդոն` վերջնական հաստատման համար: «Որպէս Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան անդամ` Հայաստանում H1N1 տեսակի գրիպի առկայութեան մասին պաշտօնապէս յայտարարելու համար հիւանդների տւեալները պէտք է ուղարկւեն ստուգման տարածաշրջանային ռեֆերենտ լաբորատորիայ, մեր դէպքում այն գտնւում է Լոնդոնում»,- ասել է Յունանեանը:
Միայն պաշտօնապէս Լոնդոնում հաստատւելուց յետոյ է ԱՀԿ-ն որոշելու, թէ երբ ու որքան պատւաստանիւթ է տրամադրելու Հայաստանին` թիրախային խմբերին այս վիրուսի դէմ պատւաստելու համար:
Սառա Խոջոեան
0 Պատգամ:
Post a Comment