Հայ–թուրքական սահմանի բացումը կխթանի՞, թէ՞ կը խանգարի հայկական գինու արտադրութեանը


-Արդէն փաստւել է, որ խաղողը ծնւել և կազմաւորւել է Հայկական լեռնաշխարհում, և եւրոպական աշխարհի լաւագոյն սորտերը մեր ժառանգներն են։ Բնութիւնը մեզ մօտ 500 աբորիգէն սորտեր էր թողել, որոնցից ԽՍՀՄ-ի տարիներին օգտագործւում էր 20-25-ը։
Մնացածը մութ էր մնում և չուսումնասիրւած։ ԽՍՀՄ-ի տարիներին մենք չօգտագործեցինք հնարաւորութիւնը, որպէսզի գենոֆոնդն ուսումնասիրւի, և աշխարհում այսօր ոչ մի հայկական տեսակի խաղող ընդունւած չի որպէս լաւագոյն խաղող։ Չունենք էլ, որ ցոյց տանք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խօսելով հայկական խաղողի և գինու արտադրութեան մրցունակութեան մասին՝ ասել է Գինի արտադրողների միութեան նախագահ Աւագ Յարութիւնեանը։
Ազգագրագէտ Սուրէն Յոբոսեանն էլ նրան շարունակելով՝ ասել է, որ այդ 500 տեսակի աբորիգեն սորտերից մենք հատուկենտ սորտեր ունեք պահպանւած, որոնք էլ, սակայն, դարձեալ ոչնչացման եզրին են։
-Այսօր կտրուկ փոխւել է այն հումքային բազան, որի վրայ ստեղծւում էր լաւ հայկական գինին։ Մենք կորցնում ենք խաղողի տեսակներ, որոնք Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի համար բնիկ տեսակներ են,-նշել է նա։
Խօսելով գինու արտադրութեան վրայ հայ-թուրքական սահմանի բացման ազդեցութեան մասին՝ Աւագ Յարութիւնեանն ասել է, որ եթէ գնանք յունաթուրքական մոդելով, և հայկական ներդրումներ լինեն Արևմտեան Հայաստանում, այդ ժամանակ մեր տնտեսութիւնը կլինի վտանգւած։ Բայց նաև յաւելել է, որ գինու և կոնեակի արտադրութեան մասին համաշխարհային և հայկական իւրայատուկ օրէնսդրութիւնները թոյլ չեն տալիս, որ թուրքական շուկան վնասի հայկական գինու արտադրութեանը։
-Պէտք է նժարին դնել, թէ ո՞րն է լաւ՝ զարգացնել Արևմտեան Հայաստանը և ունենալ բարի դրացիական յարաբերութիւններ Թուրքիայի հետ ու մօռանա՞լ այն, որպէս ապագայում մեր բաղկացուցիչ մաս, թէ՞ պայքարել.....,-նշել է նա։
Ըստ Աւագ Յարութիւնեանի՝ Արևմտեան Հայաստանում պահպանւում է հայկական խաղողի 250 տեսակ, և եթէ որոշենք Թուրքիայի հետ հաշտ ապրել, ապա կկարողանանք այդ սորտերը պահպանել։
-Թուրքիային ոգևորում է այն գաղափարը, որ խաղողը ծագել է Հայկական լեռնաշխարհում, կամ, ինչպէս իրենք են հիմա փոխում, Անատոլիայի տարածքում, և ցանկացած ներդրում կանի տուրիստական կենտրոններ ստեղծելու համար։ Թուրքիայի ագրոտուրիզմը մեր բիւջէի չափ է. պատկերացրէ՛ք՝ ինչքան փող կներդնեն, որ ապացուցեն, թէ Թուրքիան է խաղողի սկզբնաղբիւրը։ Եթե որոշենք ապրել հաշտ-համերաշխ և ներդրում կատարենք, այդ սորտերը կը վերականգնւեն, և համատեղ մի բան կստացւի. տեղում արտադրանք, բրենդ կտանք,-ասել է նա։
Այն հարցին, թէ դա որպէս հայկակա՞ն բրենդ է լինելու, նա պատասխանել է՝ ո՛չ, որպէս թուրքական բրենդ, և այլ տարբերակ էլ չկայ։
-Եթէ կարող ենք, պատերազմենք, գրաւենք այդ տարածքները և մեր արտադրանքը ստեղծենք։ Կամ խաղաղ համագործակցենք և ստեղծենք Կովկասի, Անատոլիայի բրենդը։ Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց աւելի լաւ է թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրել, քան պատերազմով,-նշել է Աւագ Յարութիւնեանը....։


Հեղինե Յարութիւնեան

0 Պատգամ: