ՊԷՏՔ Է ՓՈԽԵԼ ՈՉ ԹԷ ՊԱՀԱԿԱԽՈՒՄԲԸ,
ԱՅԼ ՆՐԱ ՊԵՏԸ

Նոյեմբերի 22-ին Միւնխէնում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Այդ մասին պայմանաւորւածութիւնը ձեռք էր բերւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում, որը նշանաւորւեց նրանով, որ երկու պետութիւնների ղեկավարները պատրաստակամութիւն յայտնեցին շարունակել երկխօսութիւնը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բազային սկզբունքները քննարկելու համար։
Ի դէպ, համանախագահների տւեալ այցն ուշագրաւ էր նաեւ նրանով, որ այս անգամ միջնորդները դէմ գնացին իրենց աւանդոյթին եւ լաւատեսական յայտարարութիւններով հանդէս չեկան, ինչպէս դա անում էին նախկինում։ Գտնում ենք, որ նրանք ճիշտ են վարւել, քանզի լաւատեսութեան համար առիթներ իրօք չեն երեւում։ Այնուամենայնիւ, Միւնխենի հանդիպումը վերստին ավարտւեց «կարեւոր առաջադիմութեան» մասին ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասիէի առոյգ յայտարարութեամբ, թէեւ դրան, խոստովանենք, դժւար է հաւատալ։
Եթէ, իհարկէ, յաջողութիւն չհամարենք պայմանաւորւածութիւնը երկու նախագահների հերթական հանդիպման մասին։ Բանն այն է, որ ոչ միայն երկարաժամկէտ, այլեւ նույնիսկ միջանկեալ վճիռների հասնելու համար յաճախակի յիշատակւող՝ կողմերի քաղաքական կամքից բացի, նրանցից, առաջին հերթին, պահանջւում է իրատեսական վերաբերմունք ստեղծւած իրադրութեան եւ կարգաւորման հեռանկարների նկատմամբ։
Աւաղ, իրատեսութիւն Ադրբեջանի դիրքորոշման մէջ ինչպէս չի եղել, այդպէս էլ չկայ։ Նա առաջւայ պէս շարունակում է Հայաստանին մեղադրել ապակառուցողականութեան եւ հակամարտութեան լուծման ժամկէտների ձգձգման մէջ։ Ինչ վերաբերում է կարգաւորման ժամկէտներին, ապա միամտութիւն կլիներ կարծել, թէ հիմնախնդիրը կարող է մօտ օրերս լուծւել։
Եւ հայկական երկու կողմերին արժէ՞, արդեօք, լուծման հարցում շտապել այն պայմաններում, երբ Ադրբեջանը, իսպառ կորցնելով իրականութեան զգացումը, հանդէս է գալիս առաւելապաշտական դիրքերից՝ իր համար պահանջելով ամէն ինչ, ըստ որում դա անում է ինչպէս միջնորդներին, այնպէս էլ Հայաստանին անառարկելի թելադրանքի ձեւով։
«Մենք տեսնում ենք ղարաբաղեան հակամարտութեան լուծման երեք փուլ։ Սկզբում հայկական զօրքերի դուրսբերում, այնուհետեւ՝ բոլոր փախստականների վերադարձ իրենց հարազատ հողերը։ Եւ միայն այդ ամէնից յետոյ կարելի է խօսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- միւնխենեան հանդիպման նախաշէմին յայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը։
Ադրբեջանական կողմի դիրքորոշումը, իր շէֆին լրացրել է ԱԳՆ մամլոյ քարտուղար Էլխան Պոլուխովը, կայանում է այն բանում, որ «օկուպացւած (զաւթւած) տարածքների ազատագրումից յետոյ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում քննարկելու են տւեալ տարածաշրջանի կարգավիճակի հարցը»։
Որպէս վերը մեջբերւած պասաժների ամփոփում՝ բերենք ադրբեջանական նախագահի յայտարարութիւնն այն մասին, որ «պահակախումբը յոգնել է սպասելուց»։ Եւ, ըստ սովորութեան, նա իր խօսքերը համեմել է ռազմագործողութիւն վերսկսելու սպառնալիքով։
Դժւար չէ նկատել, որ ադրբեջանական պաշտօնական դիրքորոշման՝ բերւած բոլոր կանխադրոյթները զուրկ են ինչպէս իրական հիմքից, այնպէս էլ տարրական տրամաբանութիւնից, եւ այդ պատճառով էլ անիրացւելի են։ Իրադրութիւնը քննենք հերթականութեամբ։ Ադրբեջանական կողմը անփոփոխ կերպով յայտարարում է, թէ ներկայումս բանակցային գործընթացի թեման է հանդիսանում հայկական ուժերի դուրսբերումը եօթ շրջաններից։
Այդ նոյն անփոփոխութեամբ հայկական կողմը պնդում է, թէ տւեալ հարցը Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից չի քննարկւել, իսկ բանակցությունները տարւում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ։
Եւ դրան կարելի է հաւատալ, քանզի առանց ղարաբաղեան հակամարտութեան փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու, որտեղ գլխավորը մնում է ԼՂՀ-ի ապագայ քաղաքական կարգավիճակի հարցը, պարզապէս անիմաստ է խօսել փախստականների եւ տարածքների մասին։ Իսկ առաւել եւս՝ վերջիններս Ադրբեջանին յանձնելու մասին։ Հազիւ թէ այսօր հայկական հասարակութեան մէջ գտնւի մի առաջնորդ, որն ընդունակ լինի դիմել այդպիսի քայլի, որը նման է քաղաքական ինքնասպանութեան։ Այժմ՝ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իր պատկերացումն Ադրբեջանի կողմից յամառօրէն միջնորդներին եւ հակամարտութեան հայկական կողմերին պարտադրւելուն։
Ուղղակի ասենք՝ անհեթեթ պատկերացման, քանի որ միջազգային իրաւունքին եւ, մասնաւորապէս, Միջազգային իրաւունքի սկզբունքների մասին հռչակագրին, Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան, բոլոր ժողովուրդներն իրաւունք ունեն ազատօրէն, ԱՌԱՆՑ ԴՐՍԻՑ ՄԻՋԱՄՏՈՒԹԵԱՆ որոշել իրենց քաղաքական կարգավիճակը եւ սեփական հայեցողութեամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը։
Այլ կերպ, քան դիլետանտական ինքնագործունէութիւն, որը յաւակնում է, սակայն, միջազգային իրաւունքի հիմնարար նորմերից մէկի արմատական վերանայման եւ այդ պատճառով էլ չափազանց վտանգաւոր է, Ադրբեջանի այդպիսի դիրքորոշումն անւանել չես կարող։ Բայց պաշտօնական Բաքուն, ինչպէս կարելի է նկատել, նրանից նահանջել մտադիր չէ։ Կարծում ենք, Ադրբեջանի դիրքորոշման կոշտացումը որոշակիօրէն պայմանաւորւած է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման գործընթացով։
Զրկւելով Հայաստանի վրայ ճնշում գործադրելու իր լծակներից մէկից՝ հայ-թուրքական փակ սահմանից, Բաքուն, ըստ երեւոյթին, կորցնում է հողը իր ոտքերի տակ եւ առայժմ ընդունակ չէ ղարաբաղեան կարգաւորման գործընթացում իրեն սպառած քաղաքականութեանը համարժէք փոխնորդ գտնել։ Ի լրումն ամէնի՝ նրա վարքի մէջ բորբոքւածութիւն է մտցնում նաեւ այն հանգամանքը, որ նա ի զօրու չէ լրջօրէն ներգործել Երեւանի եւ Անկարայի յարաբերութիւնների նորմալացման գործընթացի վրայ՝ յայտնւելով, ըստ էութեան, նրա եզրին։
Այստեղից էլ՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եօթնապատիկ տնտեսական գերազանցութեան մասին, ադրբեջանական նախագահի կարծիքով, ահազդու յայտարարութիւնների հերթական շարքը, Հայաստանի, որի գոյութիւնն ինքը, նրա խօսքերով, հարցականի տակ է։ Այստեղից էլ ՝ խոստումը շարունակել ճնշում գործադրել Հայաստանի վրայ եւ՛ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ միւս բոլոր ձեւերով։ «Ես վստահ եմ, որ մենք կը հասնենք մեր ցանկացածին։ Բայց ես ուզում եմ, որ դա շուտ տեղի ունենայ»,- ասել է Ի. Ալիէւը։
Ցանկանալը տւեալ դէպքում վնասակար է, չէ որ, դատելով վերը բերւած սպառնալիքներից, բանակցային այդպիսի պաշարով, որը հեռու է իրատեսականութիւնից, հիմնախնդրի լուծումը միայն կարելի է էլ աւելի հեռացնել։ Ըստ երեւոյթին՝ «պահակախմբին» հարկ կը լինի դեռ երկար սպասել։ Բայց սպասել, խոստովանենք, պէտք է ոչ թէ պահակախմբի, այլ նրա պետի վարած քաղաքականութեան փոխւելուն։ Մինչեւ որ նա ըմբռնի վախեցնելու եւ իր անվիճելի գերազանցութեան պատրանքի վրայ հիմնւած դիրքորոշման անհեռանկարայնութիւնը։

Լեոնիդ Մարտիրոսեան
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

0 Պատգամ: