Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարզում է, թէ «Նեւսկի» ճեպընթացի վթարից տուժածների շարքում եղե՞լ են արդեօք մեր երկրի քաղաքացիներ


13:45 / 28.11.2009
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ակտիւ աշխատանքներ է տանում պարզելու համար, թէ «Նեւսկի» ճեպընթացի վթարի արդիւնքում տուժածների կամ զոհւածների թւում կա՞ն արդեօք Հայաստանի քաղաքացիներ։
Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գէորգ Մինասեանը։ «Շուտով աւելի ճշգրիտ տեղեկութիւններ կստացւեն, իսկ ներկայումս ճշտւում են զոհւածների եւ հոսպիտալացւածների (հիւանդանոց փոխադրւածների) ցուցակները»,- նշել է Մինասեանը։
Գնացքի ուղեւորների ցուցակի համաձայն՝ 682 մարդկանց թւում կան հայկական ազգանուններով քաղաքացիներ՝ Դերձակեան, Բաբաեան, Միասնիկով, Թոմասով, ինչպէս նաեւ վրացիներ՝ Գոգնաձէ, Բոչորաշվիլի, Խուբուտիա։ Տուժե՞լ են արդեօք նրանք վթարի արդիւնքում, դեռեւս յայտնի չէ։
Մոսկւայից Սանտ Պետերբուրգ մեկնող գնացքում եղել են այլ արտասահմանցիներ եւս, մասնաւորապէս՝ Սբալզարինի ազգանունով մի իտալացի եւ մի հնդիկ՝ Ռաջէշ ազգանունով։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյեան գծերից դուրս են եկել Մոսկւայից Սանտ Պետերբուրգ մեկնող №166 գնացքի վերջին չորս վագոնները։ Պատահարը տեղի է ունեցել «Ալեշինկա-Ուգլովկա» հատւածում։ Գնացքի վթարի արդիւնքում զոհւել է 30, տարբեր աստիճանի վնասւածքներ ստացել շուրջ 90 մարդ։ 18 մարդու ճակատագիր դեռեւս անյայտ է մնում։

0 Պատգամ: