Հայ Դատը Պայքար է Հայ Ժողովրդի Լինելիութեան Համար

ՀՅԴ Արցախի կազմակերպութեան 16-րդ Շրջանային ժողովի Յայտարարութիւնը:


ՀՅԴ Արցախի կազմակերպութեան 16-րդ Շրջանային ժողովը, քննարկելով հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ գործընթացը եւ հեռանկարները, արձանագրում է.
Հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան շահերին: Ստորագրւած արձանագրութիւններում պարունակւող ստորացուցիչ եւ վտանգաւոր նախապայմանները, ինչպէս նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապէս հնչեցւող նոր յայտարարութիւնները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայութեանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնյայտ է նաեւ, որ փորձ է կատարւում պառակտել Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնական ճակատը:
Միւս կողմից, այսպէս կոչւած մադրիդեան սկզբունքների շուրջ նկատւող աշխուժացումը վկայում է արցախեան հիմնախնդրում հայկական կողմի վրայ ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայութեանը յետ կանգնել ազգային շահերից:
Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարը իր ողջ բովանդակութեամբ ոչ թէ հայ ժողովրդի առանձին հատւածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականութեան ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիութեան համար: Համայն հայութեան ջանքերով արցախեան ճակատում ձեռք բերւած արժանապատիւ յաղթանակը սակարկութեան առարկայ չէ:
ՀՅԴ Արցախի կառոյցը այսույետ եւս վճռականօրէն կը պայքարի համայն հայութեան իրաւունքների համար:


ՀՅԴ Արցախի կազմակերպութեան

16-րդ Շրջանային ժողով22.11.2009 թ.

0 Պատգամ: