«ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ»


«Այսօրւայ բանակցութիւններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրւել»,-֊Միւնխէնում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կիրակի տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ յայտարարեցին ԵԱՀԿ֊ի Մինսկի խմբի միջնորդները:
Պատասխանելով հարցին` որն է այն ամենակարեւոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերւել, ֆրանսիացի համանախագահն ասաց. «Մենք պայմանաւորւածութիւն ունենք չհրապարակել բանակցութիւնների մանրամասները: Դա պէտք է անէն իրենք` նախագահները: Սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրւայ բանակցութիւններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրւել»: «Միեւնոյն ժամանակ, մենք պարզել ենք որոշակի դժւարութիւն»,-յայտարարեց Բերնար Ֆասիէն:
Մինսկի խմբի միջնորդների համատեղ ասուլիսը, որ վարում էր ֆրանսիացի համանախագահը, սկսւեց կողմերի միջեւ շուրջ չորս ժամ շարունակւած բանակցութիւններից յետոյ: Բերնար Ֆասիէն նախ ներողութիւն խնդրեց լրագրողներից` երկար սպասեցնելու համար, բայց եւ նշեց. «դա ցոյց է տալիս, թէ որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ»:
Այնուհետեւ, ֆրանսիացի համանախագահը վկայաբերեց այն փաստը, որ միւնխէնեան բանակցությիւնները վեցերորդն են` այս տարւայ ընթացքում: «Սա աննախադէպ է` այս հարցի շուրջ ընթացած բանակցութիւնների ողջ պատմութեան մէջ», յայտարարեց Ֆասիէն` ընդգծելով, որ դա վկայում է բանակցութիւնների դինամիզմի եւ լրջութեան մասին:
«Այսօրւայ հանդիպումը յատկապէս երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնոյթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերեալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնութիւն չկայ», յայտարարեց միջնորդական խմբի ֆրանսիացի համանախագահը` ընդգծելով` «որոշ տարրեր քննարկւել են առաջին անգամ` այսպիսի մանրամասն եւ խորը ձեւով»:
«Այս քննարկումները հնարաւորութիւն տւեցին նախագահներին, ինչպէս նաեւ համանախագահներին որոշել առաջընթացի ճշգրիտ տարրերը», յայտարարեց Բերնար Ֆասիէն` յաւելելով` «այսօրւայ բանակցութիւնները հնարաւորութիւն են տւել նաեւ որոշել այն դժւարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծւել»:
«Երկու երկրների նախագահները յանձնարարել են մեզ լուծել այդ` դժւարին խնդիրները», գոհունակութեամբ նշեց ֆրանսիացի համանախագահը: Սերժ Սարգսեանը եւ Իլհամ Ալիէւը, պարզւում է, յանձնարարել են Մինսկի խմբի միջնորդներին աւելի շատ աշխատել կոնկրէտ հարցերի շուրջ, եւ հիմա, ինչպէս նշում են համանախագահները, իրենք շատ աշխատանք ունեն կատարելու` առաջիկայ շաբաթների եւ ամիսների ընթացքում:
Մասնաւորապէս, ակնկալւում է, որ համանախագահները պէտք է հանդիպեն երկու երկրների արտգործնախարարների հետ դեկտեմբերին` ԵԱՀԿ նախարարների խորհրդի տարեկան հանդիպման նախօրէին: Այսօրւայ ասուլիսի հիմնական հարցն, անշուշտ, համանախագահների գնահատականն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւի վերջին յայտարարութեանը` բանակցութիւններում առաջընթաց չարձանագրելու դէպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգաւորելու մասին:
«Պատերազմը ոչ մի դէպքում չի կարող այլընտրանք լինել», յայտարարեց Բերնար Ֆասիէն եւ յաւելեց, «Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ յստակ կերպով, որ Մոսկւայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարութիւնները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»:
Հարցի շուրջ մեկնաբանութեամբ հանդէս եկաւ նաեւ ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովը, որը ասաց, թէ այս կամ այն յայտարարութիւնը կարող է պայմանաւորւած լինել ներքաղաքական կեանքի հանգամանքներով: «Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցութիւնների այս նուրբ պահին աւելի լաւ է ձեռնպահ մնալ միմեանց հանդէպ ծայրայեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առաւել եւս` ուժային լուծման հնարաւորութեան մասին», յայտարարեց Եուրի Մերզլյակովը` յոյս յայտնելով, որ կողմերը հաշւի կառնեն համանախագահող երկրերի այս դիրքորոշումը:
«Ա+1»

0 Պատգամ: